Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 10 ամիս առաջ - 14:40 15-07-2025

Սյունիքի շուրջ պայքարի ֆոնին Մակրոնը խաղաղության խոստումներ է ծախում. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար»,– այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը»,– նշել է նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ տվեց Հայաստանին Փաշինյանի՝ Բրյուսել և Փարիզ այցերը։

«Ուրեմն հետայցերի ժամանակ լինում են հրապարակային հայտարարություններ և ոչ հրապարակային՝ ինչ-որ պայմանավորվածություններ։ Իսկ Հայաստանում իշխանությունը ճակատագրական հարցերում հանրությանը տեղյակ չի պահում նման որոշումներ կայացնելուց։ Հիմա մենք մեր ինֆորմացիան ստանում ենք տարբեր աղբյուրներից, անգամ ադրբեջանական՝ պաշտոնյաների հայտարարություններից կամ ինչ-որ փաստաթղթերից։

Ինչ վերաբերում է Մակրոնի հայտարարությանը՝ հիմա մենք նենց մի վիճակում ենք գտնվում, որ երկրների առաջին դեմքերի հայտարարությունները շատ դեպքերում ոչ մի բան չեն նշանակում, որևէ կշիռ չունեն։ Դրա լավագույն օրինակը Միացյալ Նահանգների նախագահն է։ Ամեն անգամ իրարամերժ բաներ է խոսում, խոստանում է մեծ ու աշխարհաշարժ հայտարարություն անել մի քանի օրից, բայց երբ էդ օրը գալիս է, պարզվում է՝ առանձնապես ոչինչ չունի ասելու։ Օրինակ՝ վերջին հայտարարությունը Ռուսաստանի հանդեպ սանկցիաներ մտցնելու մասին։ Բոլորը սրտատրոփ սպասում էին՝ իբր ահասարսուռ սանկցիաներ են լինելու, բայց վերջում պարզվեց՝ առանձնապես ոչինչ էլ չուներ ասելու»,– ասաց նա։

Դանիելյանի խոսքով՝ առաջին դեմքերի հայտարարությունները շատ դեպքերում ոչ մի բան չեն նշանակում՝ կամ ցանկություններ են, կամ շանտաժ։

«Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ապա Հայաստանի շուրջ, հատկապես Սյունիքի հարցով, աշխարհաքաղաքական լուրջ պայքար է գնում։ Եվ այդ պայքարը մենք չենք կարող ասել՝ միայն երկու կողմի միջև է։ Դա տարբեր կողմերի միջև է, որոնք տարբեր նպատակներ ունեն։ Նրանց նպատակը ոչ թե ինչ-որ բան կառուցելն է՝ խաղաղություն հաստատել, այլ միմյանց խանգարելն է, նույնիսկ թույլ չտալ, որ մյուսը առաջ գնա իր շահերի տեսանկյունից»։

Քաղաքագետը խորհուրդ տվեց առանձնապես ուշադրություն չդարձնել առաջին դեմքերի նման հայտարարություններին։
«Ամենագլխավորը այն է, որ և՛ Արևմուտքը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ցանկանում են օգնել գործող վարչապետին, որպեսզի նա վերարտադրվի։ Եվ այդ միլիարդների կամ միլիոնների խոստումները շատ դեպքերում ուղղակի խոստումներ են։ Բայց այդ խոստումները փորձում են ծախել Հայաստանի հանրության վրա, հատկապես ընտրություններից առաջ։

Հիմա՝ ընտրությունները երբ տեղի կունենան՝ 2026-ին, ավելի շուտ թե ավելի ուշ, կամ նույնիսկ հետաձգվեն՝ դեռևս անհասկանալի է։ Բայց հաշվի առնելով այն ակտիվությունը, որը ընթանում է, տեսնում ենք, որ կան արտաքին ուժեր, որոնք փորձում են աջակցել գործող իշխանությանը՝ խոստումներ տալով, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով Ադրբեջանի հետ, իբրև աջակցություն՝ որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի։ Քանի որ նման իշխանություն Հայաստանում այլևս դժվար կլինի ունենալ, որ երկրի շահերի դեմ գործի»,– նկատեց Դանիելյանը։

Հարցին, թե ինչու է Փարիզում Ալեն Սիմոնյանը դիմավորել Փաշինյանին, Դանիելյանը դժվարացավ պատասխանել։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան