Երևան +15°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:24 15-01-2023

Իրենք 3000 դոլարով են ծախում, մեզ 710 դոլար են տալիս. ինչից են դժգոհում Ֆիրդուսի բնակիչները

Օրեր առաջ Երևանի Հանրապետության 8 հասցեում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները և ոստիկանները մուտք էին գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։

Բնակիչներն ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։ ՀԿԱԾ աշխատակիցը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ունեն Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կատարողական, որում ասվում է, որ ՀԿԱԾ ծառայության միջոցով ապահովել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ կազմակերպության մուտքը Հանրապետության 8 հասցե և դա են կատարում։

Սաֆարյան Ռաֆայելն, ով 66 թվականից բնակվում է Հանրապետության 8 ա հասցեում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «2007թ-ին Հանրապետության փողոցը ճանաչվել է գերակա շահ։ 2008թ-ին արդեն սկսել են իրացում կատարելը»։

Սաֆարյանը նշեց, որ տարբեր ժամանակներում իրենց տարբեր գործարքներ են առաջարկվել․ «Իրենք ասում էին, որ պետք է հողամասի չափի 1/3-ը հատուցենք, բնակարանը՝ բնակարանով հատուցենք, բնակարան տալիս ենք ձեզ «Գլենդել Հիլզ» թաղամասում, որը գտնվում է Արգիշտի փողոցում։ 2008թ-ից միշտ պահանջել ենք, որ կամ պետք է հողային տարածքը, որ 815 մետր է փաստաթղթով, հատուցենք կամ էլ պետք է հատուցենք կառուցապատված շինության մակերեսի չափով։ Մենք էլ ասում ենք՝ հողը հողամաս է, շինությունն էլ երեք հարկանի է, բոլորը սեփական, կադաստրում գրանցված։ Ես իրենց առաջարկել եմ, ասել՝ ներքնահարկը ձեզ նվեր, դուք երկու հարկն էլ տվեք, ես համաձայն եմ։

Ասում են՝ չէ, կամ ձեզ պետք է 450 ք/մ-ի չափով տանք, կամ էլ հողի 1/3-ով»։

Ասում են՝ եղել են բնակիչներ, ովքեր լինելով խիստ ֆինանսական խնդիրների առջև, համաձայնվել են առաջարկվող տարբերակներին։

Սաֆարյանը նշեց, որ այդտեղ բնակվում է ընտանիքը՝ ընդլայնված կազմով և բոլորին էլ պետք է կարողանան այդ բնակարանից որոշակի հատված հատկացնել։ Սաֆարյանը նշեց, որ առաջարկվող տարբերակին չեն համաձայնվել և միշտ անհամաձայություններ են եղել գնորդի և սեփականատիրոջ միջև։

Սաֆարյանը նշեց նաև, որ 2007թ-ից հինգ կառավարություն է փոխվել, բայց այդ մարդիկ չեն փոխվել, նույն մարդիկ են, նույն բանակցողներն են, նույն ներդնողներն են և այլն։

Սաֆարյանն ասաց, որ ներդնողը ք/մ 3000 դոլարով է վերցնում, բայց իրենց փոխհատուցում են 710 դոլարով։ Սաֆրասյանն ասաց նաև, որ իրենց գնահատմամբ ավտոտնակ չի գնահատվել, որը համարել են բացթողում ներողություն են խնդրել։ «Երկրորդ անգամ, երբ գնահատում են, երբ ավտոտնակի համար արդեն աղմուկ էր բարձրացել, այդ 76 ք/մ ավտոտնակն իրենք գնահատում են 100 մլն, բա ծիծաղելի չէ, այդ երեք հարկը գնահատել ես ընդամենը 38 մլն՝ կադաստրային արժեքի կեսը»։

Սաֆարյանը նշեց նաև, որ իրենց տան միայն երկրորդ հարկի համար, որպես կադաստրային արժեք գնահատված է 38 մլն դրամ, բայց իրենց ուղարկված նամակներում նշված է եղել 18մլն դրամ։ Այնինչ, Կառավարության որոշմամբ, գերակա շահ ասած հասկացողությամբ ասվում է, որ սեփականատիրոջը պետք է հատուցել շուկայական գին գումարած 15% խրախուսական․ «Վերջին իրենց այդ հարձակումից հետո բավականին տներ վազելով գնալու են պայմանագիր կնքեն, ասելու են՝ վաղն էլ մեր գլխին է գալու։ Ինչ տալիս են՝ թողնենք-գնանք»։

Սաֆարյանն ասաց, որ համամիտ չլինելով առաջարկված արժեքին, դատարան է ներկայացրել իրենց փորձագետին, որ փորձագետը գա և տունը գնահատի, այնինչ՝ դատարանը մերժել է և թույլ չի տվել, որ իրենց ներկայացրած փորձագետը տունը գնահատի՝ պատճառաբանելով, որ լիցենզիա չի ունեցել։ Սաֆարյանը նշեց նաև, որ նրանք համամիտ չեն եղել և որոշումը բողոքարկել են, բայց դատարանը՝ չսպասելով հաջորդ ատյանի որոշմանը, գործերն ուղարկել է հարկադիր, որ հարկադիրով գան գնահատեն. «Հարկադիր ծառայությունը եկավ առաջին անգամ, ոչ թե ինչ֊որ ֆիզիկական ուժ գործադրեց, չթողեցինք, այլ ուղղակի դռները փակել ենք, չենք թողել, իսկ այս անգամ արդեն իրանք պատրաստված եկան, գործիքներով, կարմիր բերետավորներով, ուժի կիրառմամբ։ Իրենք որքան էլ ֆինանսական գները բարձրացնեն, այն հոգեբանական գները չեն կարող բարձրացնել, թե երեկ իմ ընտանիքն ինչ քաշեց։ Իմ թոռի հոգեբանական վիճակը, որ հազիվ տարան էստեղից մինչև հիմա էլ տուն չի կարողանում գա, դրա պատասխանը ո՞վ պետք է տա, ես չգիտեմ»,֊ ասաց նա։

«Իմ բակում մի հատ վառոտ եմ դրել, եկան, հանեցին, ասեցին՝ իրավունք չունես, գերակա շահ է ճանաչվել»,֊ ասաց Ռաֆայելը և հավելեց, որ թույլ չեն տալիս ոչինչ անել այս տան վրա, նույնիսկ եթե զամոքը փչանա էլ, փոխում եմ, դա էլ կարգելեն։

Մանրամասն` տեսանյութում