Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:09 12-07-2025

Հող չկա․ կաթողիկոսափոխության արշավը փակուղի է մտնում

Կաթողկոսափոխության արշավը ձախողման ռիսկի տակ է։ Սոցիալական հող չկա։ Նիկոլ Փաշինյանը բարդ դրության մեջ է։ Հոգևորականները հաստատակամ ու վճռական պաշտպանում են Գարեգին Բ-ին։

«Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը։ … Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ»,- նշված է քահանայից հավաքի հուլիսի 11-ին տարածված հայտարարության մեջ։

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հասնելու կաթողիկոսափոխությանը, երբ քահանաները միասնաբար զորակցում են Գարեգին Բ-ին։

Այս առումով հանրային խոսույթում քննարկվում է երեք տարբերակ։

Առաջինը՝ ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի ուժային գրոհը, կրկին վեհարան կուղարկի ԱԱԾ-ականներին ու ոստիկաններին։ Մի օր նրանք կարող են խուզարկել վեհարանը, մեկ այլ օր բերման ենթարկել հոգևորականների, մեկ ուրիշ օր իրականացնել քննչական գործողություններ և այլն։ Բերման ենթարկված հոգևորականներին կառաջարկեն գործարք՝ ցուցմունք տալ Գարեգին Բ-ի դեմ։ Եթե ցուցմունք կորզեն, ապա վարույթ կհարուցեն Գարեգին Բ-ի դեմ։ Վերջինիս կառաջարկեն երկընտրանք՝ հրաժարվել գահից կամ գնալ ԿԳԲ-ի պադվալ։ Եթե հրաժարվի, ապա կաթողիկոսափոխությունը գլուխ կգա։

Երկրորդը բռնաճնշումների տարբերակն է։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ բազմաթիվ հոգևորականների նկատմամբ կհարուցվեն վարույթներ, ոմանց կկալանավորեն, ոմանց կտուգանեն, օրինակ՝ բնապահպանական նորմերը խախտելու կամ մոմ վաճառելուց ՀԴՄ չտալու համար։ Այս հետապնդումներին վերջ տալու գինը պարզ կանկարկեն, պարբերաբար հիշեցնելով վեհարանն ազատելու մասին։ Չի բացառվում, որ Գարեգին Բ-ն ի սեր իր հոգևորական եղբայրների, նրանց նկատմամբ հալածանքները դադարեցնելու համար հրաժարական կտա։

Երրորդ տարբերակով խնդիրը կարող է լուծվել միջնորդավորված բանակցությունների արդյունքում։ Ենթադրելի է, որ Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը լուծելու համար կներգրավվեն հեղինակավոր միջնորդներ։ ՔՊ-ականները բազմիցս են մատնանշել, որ Գարեգին Բ-ն ռուսական շահեր է սպասարկում։ Նիկոլ Փաշինյանը ևս Պուտինի սիրելի դաշնակիցն է, մայիսի 9-ին գնում է Մոսկվա պառադի, անխախտ է պահում հայ-ռուսական օրակարգը, չի անում որևէ բան, որը կարող է հակասել ռուսական շահերին։ Այս ընդհանրությունը հիմք է ենթադրելու, որ կաթողիկոսափոխության հարցի կարգավորմանը կարող է ներգրավվել ՌԴ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, որի հորդորով կաթողիկոսը հրաժարական կտա։ Ինչպես 2018-ին ռուսական միջնորդների հորդորով Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ հիմա նույն կարգի միջնորդի հորդորով կաթողիկոսը հրաժարական կտա ու կասի՝ «Նիկոլը ճիշտ էր»։

Իհարկե տարբերակներից ամենամեղմն ու անցնցումը երրորդն է։ Սակայն ռուսները կարող են պահանջել, որ նոր կաթողիկոսը նույնպես պետք է ռուսամետ լինի։ Մասնավորապես՝ կարող են պահանջել, որ նորընտիրը ևս մոռանա, որ Ապրիլի 6-ը համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օրն է, հիշատակի մի խոսք չասի նրանց մասին, ինչպես արել է Գարեգին Բ-ն 2018-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ռուսական միջնորդությամբ եկավ իշխանության։ Այսպիսով ռուսներն ու Փաշինյանն ավարտին կհասցնեն այն, ինչ սկսել են 2018-ին։

Կա նաև լավատեսական կարծիք, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը կարդալով քահանայից դասի հայտարարությունը, կհասկանա, որ սոցիալական հող չունի ու կհրաժարվի կաթողիկոսափոխության մտքից, կհաշտվի պարտության հետ, կփակի այս ամոթալի էջը, ներողություն կխնդրի նաև նրանցից, որոնք հույսով էին լցվել, թե հայ եկեղեցին, հավատացյալ ժողովուրդը նոր և կուսակրոնության ուխտն անխախտ պահած կաթողիկոս են ունենալու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»