Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 8-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր վաղ առավոտից քննչական կոմիտեի և ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն էին իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում։ Դիմակավորված իրավապահները թույլ չէին տալիս աշխատակիցներին մտնել շենք։ Ընկերության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չեն՝ ինչ քրեական գործերի շրջանակում են քննչական գործողությունները։ Հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական հրահանգ՝ ըստ նրա, արձագանքեց, որ այս պահին չի ցանկանում դա մեկնաբանել: Ղազինյանի խոսքով՝ եթե երկար տևեն այս գործողությունները, կխաթարվի ընկերության աշխատանքը: ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունն ավելի քան 5 ժամ տևեց։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իրավապահները 37 փաստաթուղթ են առգրավել: Այսօր խուզարկվել է նաև նրա տունը:
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորկան անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։ Սարգսյանի ելույթից հետո վեճ ու քաշքշուկ սկսվեց: «Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորվման որոշումն էլ կա, այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ էստեղ, որոշել եմ այդ ժամանակը իմ չորս անչափահաս երեխաների ու իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի մոմ կվառեմ և կգնամ Քննչական», - հայտարարեց պատգամավորը: Արթուր Սարգսյանին արձագանքեց նիստը վարող Ազգային ժողովի փոխխոսնակը. - «Եթե ես ճիշտ եմ հասկանում, պարոն Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանել, հասկանալի որոշում է...»: Ռուբեն Ռուբինյանի այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց, դահլիճում նախ վիրավորանքներ հնչեցին, ապա, ըստ հրապարակված տեսանյութերի՝ պատգամավորներն սկսեցին քաշքշել միմյանց: Միջամտեցին անվտանգության աշխատակիցները, նիստը ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ երբ Արթուր Սարգսյանը որոշեց դուրս գալ դահլիճից՝ «ՔՊ-ական Վահե Ղալումյանը հետևից վազեց, որ հարձակվի, ու այս վիճակը ստեղծվեց»: Արթուր Սարգսյանին վերագրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրանքներ՝ Բագրատ Սրբազանի գործով:
Ավելի ուշ Արթուր Սարգսյանը զրկվեց պատգմավորական անձեռնմխելիությունից։ Միայն իշխանությունն է մասնակցել քվեարկությանը, 62 կողմ ձայներով ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից: Արթուր Սարգսյանին մեղադրանք կառաջադրեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նա մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ներկայումս Քննչական կոմիտեում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորին կալանքի տանելու դատախազի միջնորդությունը։ ՔԿ-ի դիմաց նա լրագրողներին ասաց, որ այն, ինչ ներկայացնում է իշխանությունը ահաբեկչության փորձի համար, դա սուտ և կեղծիք է: Վերջինս նաև աջակցություն հայտնեց կալանավորված Միքայել և Բագրատ Սրբազաններին, ապա նշեց, որ իրենք 24 ժամ պայքարել ու պայքարելու են՝ անհնազանդության, խաղաղ ակցիաներով իրականացնելու իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հակաեկեղեցական գրառումն է կատարել՝ հայտնելով, որ առաջնորդելու է Վեհարանն այսպես կոչված «ազատագրելու» պայքարը։ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում: