Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 20:48 14-11-2025

Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը, ՀԷՑ-ը կզրկվի՞ լիցենզիայից, Ռոբսոնը չի արտահանձնվի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանն առաջին հերթին քննարկել են «Թրամփի երթուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցումը։ Նա նշեց, որ ցանկանում են շինարարական աշխատանքները սկսել 2026 թվականի երկրորդ կեսից։ «Հարց է` որտեղից սկսենք։ Որը շուտ կստացվի։ Չթաքցնեմ նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկում էինք նաև այս հարցը, կարծես եկանք ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողն էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է։ Սա նախնական քննարկում էր, որը հետագայում ավելի կկոնկրետացվի», - ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով` Հայաստանի ընկալումն այն է, որ երկաթուղին հասնի մինչև թուրքական սահման։ «Ադրբեջանից մտնում է Մեղրի, Մեղրից` Նախիջևան, հետո` Երասխ, բայց մեզ համար շատ կարևոր է Թուրքիայի սահման` Ախուրիկ հասնելը։ Այստեղ ունենք կարճ կտոր, որը վերականգնման ենթակա է, ու մենք սկսել ենք զբաղվել դրանով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայում սկսվել է Կարսից դեպի Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մի քանի միլիարդ դոլար չծախսվի, եթե կարող ենք շատ փոքր ներդրումներով այդ նույն ենթակառուցվածքը կառուցել Ախուրիկ-Երասխ ճանապարհով։ Մենք աշխատում ենք նման ըմբռնում և համաձայնություն ձևավորելու համար»,- ասաց նա։

Կառավարությունը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան՝ անհետաձգելի ընթացակարգով քննարկման։ Այսօր նախագիծը կառավարության նիստում քննարկելիս Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ համակարգը կներդրվի 2026-ի հունվարի 1-ից՝ առանց հետագա հետաձգումների։ «Երկու անգամ արդեն հետաձգել ենք՝ 2025-ի հունվարին և հուլիսին։ Այժմ հետաձգելու տեղ այլևս չկա», - նշեց նա։ Պետությունը կվճարի ապահովագրավճար մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցողների և անապահովության բալ ունեցող քաղաքացիների համար: Իսկ 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից ամեն ամիս 10 հազար 800 դրամ կգանձվի պարտադիր ապահովագրական համակարգից օգտվելու համար: «Համակարգը համընդհանուր է և ներառելու է բոլորին, սակայն առաջին փուլում չի ծածկի բոլոր առողջապահական ծախսերը։ Որոշ ծառայությունների դեպքում կցուցաբերվի մասնակի ֆինանսական աջակցություն»,- շեշտեց Փաշինյանը։ Ապահովագրական ծառայությունների ցանկի հետ կարելի է ծանոթանալ Արմեդ հավելվածի միջոցով։ Քաղաքացիների բողոքները կդիտարկի հատուկ հանձնաժողով։ Հարցեր կարելի է ուղղել նաև Արմեդ համակարգի միջոցով։ Փաշինյանը չբացառեց, որ համակարգի ներդրման ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ ասաց, որ ծրագիրը պետք է հանդիպի իր պրոբլեմին, որպեսզի հնարավոր լինի լուծել այն:

Քննչական կոմիտեն որոշել է չձերբակալել «Անտիֆեյք» կայքի աշխատակից Իշխան Խոսրովյանին։ Այս մասին հայտնել են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն առավոտյան հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Իշխան Խոսրովյանի հետ, հետո պարզվել էր, որ նրան ձերբակալել են։ «Անձը ներկայացվել է քննչական մարմին, սակայն որոշում է կայացվել չձերբակալել նրան»,- հայտնում են ՔԿ-ից։ Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ է արձակվել։ «Նրան ժամը 8:30 տան բակից ձերբակալել էին «Արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու» տարօրինակ կասկածով»,- գրել է նա։ Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ին ներխուժել էին«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ սկսվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։ Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։ Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
22:37 Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը