Արսեն Թորոսյանի տելեգրամյան գրառումը.
«Եկեղեցին և բարերարները
Նախ, եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում «բարերար»: Դասական սահմանմամբ՝ բարերարը մարդ է, ով իր անձնական միջոցներով ծախսեր է կատարում, որոնցից օգտվում են այլ մարդիկ: Դա կարող է լինել մեկ անհատ, մի խումբ մարդիկ, համայնք կամ նույնիսկ ամբողջ երկիր:
Հիմա եկեք պարզենք, թե երբ են բարերարներն ու բարերարությունը առավել անհրաժեշտ: Դա տեղի է ունենում, երբ պետությունը չի կարողանում բավարարել իր քաղաքացիների, համայնքների կամ ժողովրդի կարիքները: Այդ ժամանակ փրկության են գալիս բարերարները: Նրանք ֆինանսավորում են հիվանդների բուժումը, ուսանողների ուսման վարձը, սնունդ են տրամադրում չքավորներին, տներ են կառուցում անօթևանների համար, ճանապարհներ են ասֆալտապատում և վերջում պարտադիր եկեղեցի են կառուցում՝ հաճախ իրենց հարազատների անունով:
Իհարկե, այդ բարերարները հաճախ իրենց հարստությունը կուտակում են պետության ձախողումների ֆոնին, այդ թվում՝ հարկեր չվճարելու հաշվին: Սա առավել արդիական է, երբ ազգային պետություն ընդհանրապես գոյություն չունի և ժողովուրդն ապրում է օտար կայսրության տիրապետության տակ` առանց հիմնարար իրավունքների և ազատությունների:
Եկեղեցին նույնպես նմանատիպ դեր է խաղում, երբ պետությունը ձախողված է կամ կայսրությունն է պետությունը: Կայսրություններում ապրող ժողովրդի կյանքը համախմբվում է եկեղեցու շուրջ, ինչը, ի դեպ, ճանաչվում է հենց այդ կայսրությունների կողմից՝ ոչ թե պատահական, այլ միտումնավոր, քանի որ այդպես ավելի հեշտ է կառավարել ժողովրդին: Եկեղեցու շուրջ են ձևավորվում կրթությունը, գիտությունը, մշակույթը, երբեմն նաև արդարադատությունը: Եկեղեցին հաճախ նաև հարկեր է հավաքում իր համայնքից և զբաղվում գործարարությամբ, հող է մշակում, բերք ստանում, արտադրություններ հիմնում: Վերոնշյալ բարերարությունն էլ հաճախ իրականացվում է եկեղեցու միջոցով, օրինակ՝ եկեղեցական ճաշարանները աղքատների համար ֆինանսավորվում են բարերարների կողմից:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ստեղծվում է ազգային պետություն, և այն աստիճանաբար ուժեղանալով ստանձնում է ավելի ու ավելի շատ կարիքների հոգածությունը: Պետությունը միջավայր է ստեղծում, որպեսզի զարգանա բիզնեսը, ստեղծվեն աշխատատեղեր, հավաքում է հարկեր, կառուցում է ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, ապահովում է արդարադատություն, ֆինանսավորում է մշակույթը և այլն: Աստիճանաբար նվազում է բարերարության կարիքը, թեև այն միշտ էլ որոշ չափով անհրաժեշտ է: Նույն կերպ նվազում է նաև եկեղեցու՝ հոգևոր կյանքից բացի այլ գործառույթներով զբաղվելու անհրաժեշտությունը:
Հիմա եկեք վերադառնանք մեր օրեր և տեսնենք, թե ինչ է կատարվում: Որոշ բարերարներ երեսով են տալիս իրենց բարերարությունը, որի մեծ մասը կատարվել է այն ժամանակ, երբ պետությունը ձախողված էր, երբ բոլորը թալանում էին և չէին վճարում հարկերը և հետևաբար պետությունն էլ չէր կարողանում պատշաճ կատարել իր ֆունկցիաները: Այդ ժամանակ մենք ունեինք բազմաթիվ բարերարներ: Իհարկե հետագայում պարզվեց, որ նրանցից շատերը սովորական հանցագործներ էին, որոնք թալանել և կեղեքել էին սեփական ժողովրդին՝ միաժամանակ մի քանի դրամ շպրտելով նրանց: Եկեղեցին նույնպես դժգոհ է իր օրեցօր նվազող դերից, քանի որ պետության դերը մեծանում է: Այն կրկին քաղաքական հայտ է ներկայացնում, ինչպես պետականության բացակայության ժամանակ:
Եկեղեցու և բարերարների այս «պոռթկումը» ըստ էության պատմական Հայաստանի վկայությունն է, որից մենք փորձում ենք ձերբազատվել՝ կառուցելով Իրական Հայաստանը՝ իր կայուն պետական ինստիտուտներով, աճող պետական բյուջեով և պետության կողմից ստանձնված բազմաթիվ կարևոր հանձնառություններով:
Հ.Գ. և երբ մեզ վերջերս հեգնանքով հարց են տալիս, իսկ դուք ի՞նչ եք արել Հայաստանի Հանրապետության համար, որ չեք գնահատում մեծն բարերարի արածները, թեև կրկնում եմ բարերարությունը ոչ ոքի իրավունք չի տալիս օրենքներ խախտել, ես պատասխանում եմ, որ մենք պետություն ենք կառուցում մեր երեխաների համար, որտեղ բարերարությունը չի կարող փոխարինել պետությանը, որովհետև պետությունը պետք է լուծի իր առջև դրված խնդիրների ճնշող մեծամասնությունը, իսկ բարերարությունը կարող է լրացնել մնացածը»: