Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
copy image url

Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել

Ներքին 5 ժամ առաջ - 23:39 30-06-2025
Գյումրիում երեկվանից սկսվել է ստորագրահավաք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հալածանքները դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։

Ստորագրահավաքը նախաձեռնել է ժողովրդը, իսկ ժողովրդի ձայնը իրավաբանորեն ձևակերպել է փաստաբան Թամարա Յայլոյանը, ով Միքայել Սրբազանի կողմից ունի լիազորություն պաշտպանելու վերջինիս շահերը։

«Երեկ ինձ մոտեցան կանայք, ովքեր ներկայայցրեցին հայտարարություն, որտեղ Սրբազանի նկատմամբ ժողովրդի սերն ու հարագանքն էր նկարագրված։ Ես այդ հայտարարությունը մշակեցի և մշակված տարբերակով մտա եկեղեցի։ Կես ժամում 200-ից ավել ստորագրություններ հավաքվեց։

Հետո այդ հայտարարությունը տեղադրեցի ֆեյսբուքում։ Տարբեր մարզերից զանգում են, հետաքրքրվում են, թե ինչպես կարող են միանալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է փաստաբան Թամարա Յայլոյանը։

Փաստաբանի խոսքով` այդ ստորագրությունները բնութագրում են Սրբազանի անձը և դրանք բնակչության վերաբերմունքն են Միքայել Սրբազանի նկատմամբ։ Յայլոյանն ասում է, որ խափանման միջոցի քննության հարցում շատ կարևոր է բնութագիրը։

«Մարդիկ ընդունում են, սիրում և հարգում են Սրբազանին, անկախ այն հանգամանքից, որ նա վարկաբեկվում է իշխանության կողմից»,- ասում է փաստաբանը։

Թամարա Յայլոյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ մի լավ բան է պատմում Սրբազանի մասին։ Ասում է` մարդիկ զարմացած են, թե ինչու՞ է իշխանությունը մտել եկեղեցու և ժողովրդի արանքը։

«Այդ ստորագրությունները ուղարկելու ենք Նիկոլ Փաշինյանին, թող տեսնի թե ինչպիսի հարգանք ու սեր է վայելում Սրբազանը»,- ասում է Թամարա Յայլոյանը։

Ստորագրահավաքը հասանելի է նաև օնլայն հարթակում։ Առցանց ստորագրելու համար քաղաքացիները կարող են մոտենալ Գյումրիի Ճռճռան գրատուն, Շիրակի թեմի առաջնորդարան և Շիրակի թեմի սոցիալ կրթական կենտրոն։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոսպոս Աջապահյանին 2 ամսով կալանավորել են։ Նշենք, որ Սրբազանի նկատմամբ Քրեական գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»: