Ներքին 2 ամիս առաջ - 22:52 24-03-2026

Մի՛ փակեք մեր դպրոցները․ Շիրակի գյուղերում ստորագրահավաք է սկսվել

Շիրակի մարզի մի շարք գյուղերում ինքնաբուխ ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ նախատեսվող դպրոցների փակման։

Նշենք, որ Շիրակի մարզում 40-ից ավելի դպրոցներ կփակվեն, բայց կառավարությունը այդ ամենն իհարկե ներկայացնում է այլ լույսի ներքո, այսպես ասած` որակյալ կրթություն ապահովելու համար է արվում։ Մարզի մի շարք գյուղերում ստորագրահավաք է իրականացվում։ Փոքրաշեն գյուղում հարյուրից ավել ստորագրություններ են հավաքվել, որոնք ուղարկելու են կառավարություն։

Ամասիայի շրջանի Մեղրաշատ գյուղում ևս ստորագրահավաք է իրականացվել, մյուս գյուղերում էլ ընթացքի մեջ են, ստորագրահավաքը դեռևս շարունակվում է։ Գյուղացիների պահանջը մեկն է`վերանայել որոշումը՝ նրանք պնդում են, որ այն կարող է լրջորեն վնասել համայնքների կրթական և սոցիալական կյանքին։

Գյուղացիների խոսքով՝ դպրոցների փակումը ոչ միայն կրթության հասանելիության խնդիր է ստեղծում, այլև արագացնելու է գյուղերի դատարկումը։ Նրանք նշում են, որ շատ դեպքերում երեխաները ստիպված են լինելու օրական մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել՝ հաճախ անբարեկարգ և վտանգավոր ճանապարհներով։

«Մենք գյուղից գյուղ հրաշքով ենք հասնում, երեխաները ինչպե՞ս պետք է ամեն օր 3-4 կմ գնան դպրոց»,- նշում են բնակիչները՝ ընդգծելով, որ նման պայմաններում կրթությունը դառնում է ոչ թե իրավունք, այլ դժվար հասանելի հնարավորություն։

Ստորագրահավաքի մասնակիցները նաև մտավախություն ունեն, որ դպրոցների փակումը կխաթարի համայնքային կյանքի բնականոն ընթացքը․ դպրոցը գյուղի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որի բացակայությունը կարող է բերել սոցիալական և մշակութային կյանքի անկման։

Բնակիչները կոչ են անում իշխանություններին լսել իրենց ձայնը և հաշվի առնել գյուղական բնակավայրերի առանձնահատկությունները՝ նախքան նման որոշումների իրականացումը։