Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:06 26-06-2025

Պեկինը պատրաստ է ամրապնդել Երևանի հետ բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը․ Վան Յի

Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից՝ Հայաստանն ու Չինաստանը պահպանել են փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունն, ինչի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։

Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։

«Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ։ Ձեր նշանակման պահից ի վեր Դուք ակտիվորեն աջակցել և խթանել եք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և խորը մշակութային հիմքերով։ Մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին Մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից՝ մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Նրա բնորոշմամբ՝ հայ-չինական համագործակցությունը բոլոր ոլորտներում դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ երկու երկրները դարձել են գործընկերներ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

«Այս նախաձեռնության շնորհիվ մեր փոխգործակցությունը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում ևս ողջունելի են։ Չինական մի շարք ապրանքանիշեր մեծ տարածում ունեն Հայաստանում, իսկ հայտնի հայկական ապրանքները հարստացնում են չինացի սպառողների առօրյան»,- ասել է Վան Յին։

Նրա դիտարկմամբ՝ հայ-չինական հումանիտար կապերը ևս խորանում են, քանի որ արդեն գործում է ուղիղ ավիահաղորդակցություն երկու երկրների միջև, իսկ առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը շարունակում է նպաստել երկու ժողովուրդների միջև ավելի սերտ կապերին։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների զարգացման։ Կրկին ողջունում եմ Ձեզ։ Շնորհակալություն»,- եզրափակել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը