Վարչապետի թլպատված լինելու թեման հանրային արձագանք ստացավ Նիկոլ Փաշինյանի հունիսի 24-ին արած գրառումից հետո. «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես, իբր, թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»:
Փաշինյանի գրառումն, իհարկե՝ գռեհիկ է։ Կասկած տարածողը կա՛մ հաշվի չի առել հնարավոր արձագանքը, կա՛մ սադրել է, որ Փաշինյանը հենց այսպես արձագանքի։ Առավել հավանական է երկրորդ ենթադրությունը։ Հետևապես՝ ի՞նչ շահեց վարչապետի թլպատման մասին կասկածը տարածողը, և ի՞նչ շահեց Փաշինյանը, որը հանրությանը տեղեկացրեց այդ մասին։
Քիչ հավանական է, որ Գարեգին Բ-ն ու նրա խոսնակը կընդունեն Փաշինյանի հրավերը։ Փոխարենը՝ կշարունակեն ամենուրեք ասել, որ նա թլպատված է, ուրացել է, այլ, օտար կրոնի, մշակույթի հետևորդ է դարձել և այլն։ Իսկ Փաշնյանն էլ կրկնելու է, թե պատրաստ է կասկածողներին ցույց տալ, որ թլպատված չէ։
Ավելին, ենթադրելի է, որ Փաշինյանի հրահանգով՝ ՔՊ-ական ֆեյքերը գրոհ կկազմակերպեն իշխանություններին քննադատող հոգևորականների դեմ։ Նրանց մասին կտարածեն իրական կամ կեղծ ամոթալի պատմություններ։ Դրանք չեն ունենալու քաղաքական համատեքստ, այլ զուտ անձնական են լինելու։ Օրինակ՝ կարող են ասել, թե նրանց մարմնի վրա ամոթալի դաջվածքներ կան, որոնք վկայում են նրանց պոռնկաբարո լինելու մասին։ Մասնավորապես՝ ասելու են, թե նրանց մորուքի տակ վատ բառեր կամ պատկերներ են դաջված և այլն։
Հոգևորականները կարող են սափրել մորուքները, սափրված ներկայանալ հանրությանն ու ապացուցել, որ դրանց տակ ոչինչ էլ դաջված չէ։ Բայց Փաշինյանը չի կարող հրապարակավ ցույց տալ, որ թլպատված չէ։ Եվ այստեղ նա պարտված է դուրս գալու։ Տեսականորեն հնարավոր է, որ նա բժշկի տեղեկանք ներկայացնի այն մասին, որ թլպատված չէ։ Սակայն Գարեգին Բ-ի աջակիցները կասկածի տակ կառնեն տեղեկանքի իրականությունը։
Այսպիսով՝ առաջիկայում քաղաքական մրցապայքարն ընթանալու է ոչ թե գաղափարների, ծրագրերի շուրջ ողջամիտ բանավեճերով, այլ թլպատման շուրջ անլուրջ, ամոթալի բամբասանքներով ու հակադարձումներով։ Փաշինյանի թլպատումը դանալու է ՀՀ քաղաքական օրակարգի կարևոր թեմա, ստվերելով խաղաղության խաչմերուկի, ԵՄ անդամակցելու գործընթացի, հայ-ռուսական հարաբերությունների, հայ-թուրքական կարգավորման խնդիրները։
Սա էլ ամենը չէ։ Գարեգին Բ-ն աջակիցները կարող են ասեկոսե տարածել, թե բոլոր ՔՊ անդամներն ու համակիրները Փաշինյանի օրինակով թլպատվել են։ Այստեղ արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։ ՔՊ համակիրների շարքերում ոչ բոլորն ամուր նյարդեր ունեն։ Նրանցից ոմանք կարող են չդիմանալ բամբասաքներին ու հակահասարակական, այլասերված արարքներ թույլ տալ, ինչը հիմք կտա հայտարարելու, որ ՔՊ-ականները պոռնկաբարո են։
Սա է լինելու Փաշինյանի թլպատման թեմայի ու նրա արձագանքի վերջին տեսարանը։ Միմյանց բարոյապես ոչնչացնելու ինքնամոռաց հակամարտության մեջ մտածները, գոտկատեղից ներքև թեմաներ հանրայնացնելով, հավանաբար՝ հաշվի չեն առնում, թե ինչ մեծ վնաս են պատճառում ժողովրդին, սոցիալ հոգեբանությանը, բարոյական ընդհանուր նորմերին և ինչպես են այլասերում հասարակությունը, ստեղծում անվտանգային ռիսկեր։
Թաթուլ Մկրտչյան