Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
copy image url

Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի

Միտք Ներքին 3 ժամ առաջ - 09:05 23-06-2025
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հունիսի 22-ին «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» վերտառությամբ քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել։ Նախօրեին էլ գործարարն իր փաստաբանական խմբի միջոցով էր հանդես եկել նման հայտարարությամբ։

Ի՞նչ տարբերություն կա այս երկու հայտարարությունների միջև, և արդյո՞ք Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ կդառնա։

Երկու հայտարարությունները նման են, սկսվում են նույն վերտառությամբ՝ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» , ավարտվում՝ «Պայքարելու ենք» տողով։ Հունիսի 21-ի հայտարարությունը դատական նիստի մասին էր, կոնկրետ նկարագրում էր իրավիճակը դատարանում, դատավորի ընկճված հոգեվիճակը, հույս ներշնչում, որ շուտով դատարանները անկախ են լինելու։ Հունիսի 22-ի հայտարարության մեջ արդեն Սամվել Կարապետյանի մասնակցությունը չկա։ Բայց արդեն կա պաշտպանության խորհուրդ, որը նույն վերտառությամբ հայտարարություն է անում։ Այստեղ անդրադարձ կա անվտանգային խնդիրներին։ Առաջին տողում ընդգծվում է, որ գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները փչացել են, իսկ վերջում հույս ներշնչում, որ շուտով արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է։

Երկրորդ հայտարարության մեջ Սամվել Կարապետյանի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նա չի ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Սակայն նրա շուրջ ստեղծված պաշտպանության խորհուրդը առաջ է տանելու գործը, անկախ այն բանից՝ ուզո՞ւմ է Սամվել Կարապետյանը քաղաքականությամբ զբաղվել, թե՞ ոչ։ Աստիճանաբար այս խորհուրդը կձևավորվի որպես քաղաքական նախաձեռնություն, որը ենթադրաբար՝ սերտորեն կհամագործակցի ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ։

Եթե Սամվել Կարապետյանը ազատության մեջ լիներ, ապա դժվար թե որևէ մեկին հաջողվեր համոզել նրան, որ քաղաքականությամբ զբաղվի։ Սակայն այս իրավիճակում նրա անվան շուրջ քաղաքական համախմբում ստեղծելը նաև նրա պաշտպանության համար է։ Եվ գործարարը լռելյայն համաձայնվելու է, որ այդպես լինի, իր անվան շուրջ մարդիկ համախմբվեն քաղաքական թեմաներով։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերից ՀՀԿ-ն անցած ընտրություններում դաշինք էր կազմել Արթուր Վանեցյանի հետ, որը որոշ ժամանակ վայր դրեց մանդատն ու դուրս եկավ խորհրդարանից։ ՀՅԴ-ի հետ դաշինք կազմած ուժը ևս արագ կազմաքանդվեց, նրանց խմբակցությունից ևս բազմաթիվ մարդիկ դուրս եկան։ Ենթադրելի է, որ պատմությունը կրկնվելու է նաև Սամվել Կարապետյանի պարագայում։ Եվ այս անգամ նա ներդրում է ունենալու ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի խորհրդարան անցնելու հարցում, ֆինանասավորելու է նրանցից մեկի քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի դեմ։ Չի բացառվում, որ Սամվել Կարապետյանը պայման դնի, օրինակ՝ եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միավորվեն, ապա կֆինանասավորի ընտրարշավը։

Սակայն իրականում ավելի մեծ շանսեր ունի ՀՀԿ-ն։ Կիրակի օրվա ուխտագնացությանը, որը վերածվեց քաղաքական երթի, առավել շատ էին ՀՀԿ անդամներն ու համակիրները։ Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ավելի կազմակերպված է մասնակցելու ընտրություններին։ Հետևաբար՝ պրագմատիկ մոտեցումներով առաջնորդվող Սամվել Կարապետյանը, ենթադրաբար, կֆինանասավորի այս ուժին, նրա հետ կկազմի դաշինք ու կգլխավորի նրա ընտրական ցուցակը։ Սա դժվար որոշում է լինելու Սամվել Կարապետյանի համար։ Սակայն նրան ներկայացվելու է, որ ազատվելու համար պետք է քաղաքականությամբ զբաղվի, կալանքից ազատվելու այլ տարբերակ չկա։ Նա հարկադրաբար համաձայնվելու է։

Կարճ ասած՝ առաջիկայում Հայաստանի քաղաքական գունապնակը կհամալրվի ևս մեկ գույնով։ Սամվել Կարապետյանը գործարարից սահուն կվերածվի քաղաքական գործչի։ Նրա անվան շուրջ կհամախմբվեն մարդիկ, կկազմեն նոր, թարմ ուժ, խորհրդարանական ընդդիմադիրների հետ միասին սերտ կգործակցեն, նրանց հետ նախընտրական ռուսամետ դաշինքներ կկազմեն ու կնպաստեն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվի, ինչպես 2021-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
17:10 Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի. Մուրադ Փափազյան
17:39 Կուրբան Բայրամ տոնողներն են թիրախավորում եկեղեցին. մենք չենք ընկրկելու. Էդգար Ղազարյան
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով

Ձեզ գուցե հետաքրքրի