Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ՝ Մարիամ Մարգարյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ քաղաքացիների վրա թքող Ալեն Սիմոնյանը 2018-ի իշխանափոխությունից հետո 6-րդ գումարման խորհրդարանում մի կարճ շրջան եղել է շարքային պատգամավոր՝ «Ելք» խմբակցությունից, 2019-2021 թվականներին՝ 7-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ, իսկ 8-րդ գումարման խորհրդարանում՝ 2021-ի օգոստոսի 2-ից առ այսօր վերջինս զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը։Որպես անշարժ գույք՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Ալեն Սիմոնյանը 2024-ին 90 օրից ավելի տիրապետել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի առանձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Ալեն Սիմոնյանը 53 մլն 806․000 դրամ փոխառություն է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն էլ հենց կառուցում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը և պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։
Սիմոնյանի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 1 մլն 692․058,2 դրամ, տարեվերջին՝ 1․972 դրամ և 209․9 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 24 մլն 800 հազար դրամ, տարեվերջին՝ 26 մլն 150 հազար դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Ալեն Սիմոնյանի եկամուտները կազմել են 29 մլն 175․864,3 դրամ, որից 18 մլն 602․888 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 4 մլն 495․236 դրամը և 358 հազար դրամը՝ համապատասխանաբար Ֆիննախից և Մեդիա Իդեա ՍՊԸ-ից ստացած այլ եկամուտն է, 5 մլն 719․740,3 դրամն էլ՝ Ակբա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 69 մլն 263․414 դրամ։
Սիմոնյանն իր եկամուտներից 7 մլն 237․871,5 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է դեռևս 2014 թվականի նոյեմբերի 7-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Մարգարյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության Land Rover մակնիշի ավտոմեքենա, որը գնել է նույն թվականի հուլիսի 22-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Մարիամ Մարգարյանը 50 հազար դրամ արժողությամբ մի բաժնեմաս է հայտարարագրել՝ չհստակեցնելով, թե որտեղից։
Վերջինս նույնպես իր հայտարարագրում նշել է 53 մլն 920․000 դրամ փոխառությունը՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից։
Ալեն Սիմոնյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 11․884,68 դրամ, տարեվերջին 1 մլն 152․949 դրամ և 776․72 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն 300 հազար դրամ, տարեվերջին՝ 12 մլն 700 հազար դրամ և 1500 դոլար։
2024-ին Մարգարյանի եկամուտները կազմել են 34 մլն 941․269 դրամ, որից 10 մլն 710․001 դրամը Ֆրի նյուզից, 463․500 դրամը՝ «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ»-ից ստացած աշխատավարձն է, 18 մլն 400 հազար դրամը՝ նույն ընկերությունից ստացած շահաբաժինը, 600 հազար դրամը՝ էֆ ԷՄ ԷՖ ՍՊԸ-ից վարկերի տեսքով ստացած փոխառությունը, 4 մլն 207․768 դրամը՝ Ֆիննախից ստացած այլ եկամուտը, 560 հազար դրամը՝ Սիլ Ինշուրանսից ստացած ապահովագրական հատուցումը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 527․513 դրամ։
Մարիամ Մարգարյանն իր եկամուտներից 2 մլն 400 հազար դրամ հատկացրել է ուսման համար կատարվող վարձավճարին, 5 մլն 763․879 դրամ էլ՝ վարկի մարմանը։