Կաթողիկոսի դեմ սկսված գրոհի խնդիրներից մեկն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կաթողիկոսի ընտրության կարգը փոխելն է։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»,- մայիսի 30-ին գրել է նա։
Ի՞նչ կփոխվի, երբ Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին սփռված է աշխարհով մեկ։ Որտեղ հայկական մեծ համայնք կա, եկեղեցին այնտեղ ծառայություն է մատուցում։ Այդ երկրներում հարգանքով են վերաբերում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներին, թեմերին։ Եթե համայնքը մեծ է, ապա տեղի իշխանությունները համագործակցում են եկեղեցու հետ սոցիալական ծրագրերում, բազմաթիվ այլ հարցերում։
Բոլորը գիտեն, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունից անկախ կառույց է, ինքնավար է։ Այս անկախությունը թույլ է տալիս առավել ազատ, անկաշկանդ գործել Սփյուռքում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իսրայելում և այլուր տեղի իշխանություններն անկաշկանդ շփվում են, համագործակցում հայ եկեղեցու հետ, քանի որ համոզված են, որ այն հայ համայնքի, այդ երկրում ապրող ծագումով հայերի հոգևոր, մշակութային, սոցիալական կարիքները սպասարկող կառույց է։ Այս երկրների իշխանությունները մտահոգություն չունեն, որ հայ եկեղեցին, նրա սպասավորները կարող է վտանգ ներկայացնել իրենց հասարակության համար։ Հակառակը՝ նրանք շնորհակալ են հայ եկեղեցուն, որի շնորհիվ իրենց երկրի հայերը հոգևոր սնունդ են ստանում, լուծվում են նրանց հետ առնչվող սոցիալական, հումանիտար բազմաթիվ հարցեր։
ՀՀ-ն աշխարհում բարձր հեղինակություն չունի։ Բազմաթիվ երկրներ կասկածանքով են վերաբերվում Հայաստանին, քանի որ չեն հասկանում, թե քաղաքակրթական ի՞նչ առաջնահերթություն ունի, ի՞նչ արտաքին քաղաքականություն է նա վարում։ Շատերը կասկածում են, որ Հայաստանն այսօր էլ սպասարկում է ռուսական հակաքաղաքակրթական շահերը։ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա գնալը դրա ապացույցն է։ Վերջին շրջանում նաև ավելացել է կասկածը, թե Նիկոլ Փաշինյանը թուրքական շահեր է սպասարկում։
Հայաստանի նկատմամբ աշխարհի վերաբերմունքն իրենց մաշկի վրա են զգում արտերկրում ՀՀ դեսպանները, որոնք ՀՀ պաշտոնյա են, ի պաշտոնե ներկայացնում են ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այդ երկրներում։ Այն երկրները, որոնք Հայաստանին չեն վստահում, այդտեղ դեսպաններին էլ չեն վստահում։ Նրանք հատուկ ծառայությունների ուշադրության թիրախում են, հատկապես երբ Հայաստանի և տվյալ երկրի դիրքորոշումների, քաղաքակրթական առաջնահերթությունների, արժեքների մեծ տարբերություն կա։ Ինչքան էլ ջերմ ընդունեն դեսպանին տվյալ երկրում, նա յուրային չի համարվում։
Իսկ հայ եկեղեցին, եկեղեցու սպասավորը արտերկրում համարվում է յուրային, եկեղեցու սպասավորների, թեմերի առաջնորդների մեծ մասը տվյալ երկրի քաղաքացի են, քաղաքական իրավունքներ ունեցող։ Եթե Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, ապա եկեղեցին արտերկրում, հնարավոր է՝ կընկալվի որպես օտարերկրյա քաղաքական կառույց, իսկ եկեղեցու սպասավորները՝ որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչ, դեսպան։ Ինչ կասկածներով վերաբերվում են դեսպանին, նույն վախերով ու կասկածներով էլ կվերաբերվեն եկեղեցուն։ Դրանից պետությունը չի տուժի։ Հակառակը, կմեծացնի իր ներկայացուցիչների թիվն արտերկրում։ Սակայն կտուժեն սփյուռքահայերն ու եկեղեցին։ Արտերկրում կսահմանափակվեն եկեղեցու ազատությունները, քանի որ այն օտարերկրյա կառույցի տեղ կդնեն։ Տեղական իշխանությունները կասկածանքով, զգուշավորությամբ կգործակցեն եկեղեցու հետ, նրանց հայկական գործակալ կհամարեն։ Սփյուռքի հայ հարուստներն էլ կվախենան նվիրատվություն անել եկեղեցուն, քանի որ այդ երկրների իշխանությունները կարող են խանդել, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ չլինեն։
Հարկ է լավ մտածել, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն, եթե կաթողիկոսին վաչապետը նշանակի։ Այս դեպքում չի բացառվում, որ արտերկրում քահանաներին կվերաբերվեն որպես Հայաստանի դեսպանների կամ հայկական գործակալների, նրանց նկատմամբ տեղի իշխանությունների վստահությունը կպակասի, կպակասեն նվիրատվությունները, եկեղեցին կթուլանա։ Իսկ եթե եկեղեցին թուլանա, չկարողանա տիրություն անել սյուռքահայերին, ապա նրանք արագ կձուլվեն։ Ու հայն աշխարհում կպակասի։
Թաթուլ Մկրտչյան