Կալիֆորնիայում լարված իրավիճակը չի հանդարտվում։ Նահանգների ներգաղթի և մաքսային ոստիկանությունը այս տարվա հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում իրականացրեց անօրինական ներգաղթյալներին հայտնաբերման գործողություն, որը վերածվեց զանգվածային բախման ցուցարարների հետ։ Ցույցերն ու զանգվածային անկարգությունները շարունակվում են ցայսօր։
Oragir.News-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանից։
«Թեև Կալիֆոռնիայի նահանգապետը և քաղաքապետը դեմ արտահայտվեցին, այնուամենայնիվ՝ տեսնում ենք, որ հենց այս պահին էլ Լոս Անջելեսում շարունակվում են բողոքի ցույցերը Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ։ Ցուցարարները շատ ակտիվ են՝ ճայթուկներով հարձակվում են ոստիկանության վրա, ջարդուփշուր անում խանութները։ Անվտանգության ուժերը պատասխանում են հարվածներով՝ կիրառելով ռետինե փամփուշտներ և հատուկ միջոցներ»,- ասաց նա։
Միջազգայնագետի խոսքով՝ Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականությունը ներգաղթյալների հարցում դեռևս չի կարողանում բարենպաստ իրավիճակ ստեղծել անկարգություններին վերջ տալու համար։
Նշենք, որ ներկա պահի դրությամբ խնդրի որևէ հանգուցալուծում չկա։ Շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ արդեն 200 հոգի մարմնական վնասվածք է ստացել բախումների հետևանքով։ Կարգուկանոնի հաստատման համար ներգրավվել են ազգային գվարդիայի ուժերը, հաստատվել է պարետային ժամ։