Միտք 4 տարի առաջ - 11:52 17-04-2022

Հարությունը մենք ենք, մեր ճակատագիրն է՝ հրաշքով

Հայերիս համար գուցե մի փոքր ավելի կարևոր ու խորքային է Հարության տոնը՝ Փրկչի հրաշափառ հարությունը, իր մաստային ու բովանդականին առումով՝ իրական հրաշքով լցված, քան քրիստոնյա աշխարհի համար է: Հենց այդ իրականն ու հրաշքն է, իրական մահից կյանքի հրաշքը, որ մի քիչ ավելի է խորքային մեր ամեն օրվա անցած ճանապարհի և պատմական դարձած ճակատագրի համար: Փրկիչը չարչարվում է, խաչին գամվում և գերեզման դրվելու երրորդ օրը հարություն առնում: Այդպես մեր պատմության գրեթե բորոլ ժամանակներում է մեր թշնամին մեզ չարչարելուց ու խաչելուց հետո գերեզման դրել և հանգիստ հոգոց հանել, թե՝ վերջ, պրծա: Բայց ամենաուշը երրորդ օրը հարություն ենք առել՝ ի զարմանս և ի սարսափ մեզ խաչ հանողի: Եվ մեր չարչրկման ու խաչվելու բոլոր ժամերի մեջ մեր տեսիլքներում մեր հարությունն է եղել: Հենց այդ իրական հրաշքը կամ հրաշքի իրականն է մեզ ապրեցրել՝ Հարության տոնը մեզ համար ավելի հարազատ ու վարքագրական դարձնելով որպես սեփական ճակատագիր:

Պատահականություն չէ, որ աշխարհում առաջինը մենք ընդունեցինք քրիստոնեությունը, և այդպես ամուր կառչած ենք նրա լույսին, որովհետև հարազատ էր մեզ: Մեր հիշողությունն ու արմատի մեջ էր հենց Հարության հրաշքով և առաջին հերթին: Մեր դիցարանում մենք արդեն ունեինք մեռնող ու հառնող, գարնան ու ծաղկումի, զարթոնքի ու ավետիսի աստվածը՝ Արա Գեղեցիկին: Մենք ունեինք արալեզներ, որոնք լիզում էին սպանվածի վերքերը և մեռածը կենդանանում էր: Մենք ունեինք Փյունիկ թռչուն, որ մոխիրներից հառնում էր, նորից թռչում որպես կենդանի ճախրանք: Փրկչի հարությունը մերն էր և է, մեր վարքականոնն ու կենսակերպը:

Մեր մշտահոլով վերածնունդն ենք տեսնում, Սուրբ ծննդից ավելի հրաշալի ու հրաշափառ, և անվանում ենք Մեծ Զատիկ: Այդպես 1915-ից հետո վերածնվեցինք և տարածվեցինք աշխարհով մեկ ու կերտեցինք անանց արժեքներ: Այդպես՝ դրանից էլի 100 տարի առաջ, 500 տարի առաջ և 1000 տարի առաջ: Այդպես նաև հիմա ենք, որ մեր խաչից իջնելու ենք Փրկչի հրաշափառ հարությամբ և նորից գնալու ենք մեր ի վերուստ տրված տիեզերական ճանապարհով մինչև աշխարհի վերջը: Այդքանից հետո ինչպե՞ս կարող ենք ավելի չզգալ Հարության տոնը մեր ներկայի ու միշտ ապագա դարձող անցյալի մեջ, քան մյուսներն են զգում: Հարությունը մենք ենք, մեր ճակատագիրն է՝ հրաշքով:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ