Մամուլ 1 տարի առաջ - 07:48 12-06-2025

Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբեր հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ՝ պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում: Հիմնավորումը հետևյալն է՝ կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում և այլն։
Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը՝ «Փաստի» հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. «Այդ հայտարարությունը նախ և առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա։ Թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարո՞ւմ, որ Հայաստանում գործող ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան ու ասիական երկրներից ինչոր տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք՝ աշխարհի բոլոր հոգսերը թողած՝ 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ 1000 դոլար աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ»։
Ըստ Մարգարյանի, Ուգանդայում, Կոնգոյում, Քենիայում գործող կազմակերպությունների մտահոգված լինելը քաջարանցի բանվորների աշխատանքային իրավունքով չի կարող կասկած չառաջացնել, նույնիսկ երբ չես տիրապետում փաստերի։
«Իսկ փաստերն էլ ավելի մտահոգիչ են։ Գիտե՞ք , որ ադրբեջանական Environmental Protection First բնապահպանական կոալիցիան, որի հիմնական թիրախը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն է, և որը աշխարհով մեկ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով Հայաստանին իբր տարածաշրջանը աղտոտելու մեջ, իր ցանցում որպես աջակից 40 հասարակական կազմակերպություն ունի Քենիայից։ Ավելին, իրենց՝ ադրբեջանական այս նախաձեռնության աջակցության մասին են հայտարարել նաև Ուգանդայից ու Կոնգոյից հասարակական կազմակերպություններ։ Հիմա այս նույն երկրներից ՀԿ-ներ ելել են պաշտպանելու քաջարանցի աշխատակիցների շահերը»,-ասում է ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու հավելում, որ այս համադրությունը և փաստը հայ հասարակության մեջ պետք է առնվազն հիմնավոր կասկած առաջացնի, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի դեմ արշավը առնվազն չի բացառվում, որ ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշում է. «Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն այն վիճակում են, որ Ինդոնեզիայից կամ Ուգանդայից եկած հորդորակներին պետք է ուշադրություն դարձնել։ Նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ցավում եմ, որ Հայաստանում կան այս հայտարարությունը և այդ կազմակերպություններին լուրջ վերաբերվող մարդիկ։ Լավ կլինի, որ այդ կազմակերպություններն իրենց օբյեկտիվությունն ապացուցելու համար մի հայտարարություն էլ տարածեն ոչ թե Հայաստանում մի կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու, այլ, օրինակ՝ Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի փակման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, հալածանքների, ձերբակալությունների կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նման հայտարարություն մենք չենք տեսնի, ու հենց այն պատճառով, որ չեմ բացառում՝ դրանցից ոմանք ուղղորդվում և ֆինանսավորվում են հենց Բաքվի կողմից, և բնականաբար չեն կարող իրենց հովանավորին քննադատել»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»