Ներկան ու նախկինն ո՞ւմ հրահանգով են ոչնչացնում Հայաստանը
copy image url

Ներկան ու նախկինն ո՞ւմ հրահանգով են ոչնչացնում Հայաստանը

Միտք Ներքին 1 օր առաջ - 15:00 02-06-2025
Մի նախկին բարձրաստիճան ԿԳԲ-ական ԽՍՀՄ-ի կործանումից հետո «Հատուկ ծառայությունների ազդեցությունը սոցիալ հոգեբանության վրա» խորագրով դասախոսություններ էր կարդում, որոնցից մեկում պատմում էր մի պարզագույն մանիպուլյացիայի մասին։ Ուրեմն՝ Սառը պատերազմի տարիներին ԿԳԲ-ն որոշ օտար քաղաքներում մարդու կղանքի նմանվող կեղտ էր լցնում մայթերին։ Մարդիկ կարծում էին, թե իրենցից մեկն է այդպես արել, կասկածում էին միմյանց։ Դրանից ազդված՝ ինքնասիրություն ունեցող մարդիկ կեղտոտ, կեղտոտող հասարակության, իշխանության հետ չասոցիացվելու, համատարած կասկածն իրենց վրայից հեռացնելու համար լքում էին հայրենի քաղաքը, հայրենիքը, ավելի մաքուր վայր փնտրում, որտեղ առաջնորդները, իշխանությունները առաքինի մարդիկ կլինեն, քաղաքացիները դաստիարակված կլինեն, մայթի մեջտեղում չեն կեղտոտի։ Այսպիսով՝ ԿԳԲ-ն առանց կրակոցի՝ հեռացնում էր ինքնասիրություն ունեցող, դաստիարակված մարդկանց, որոնք, տեսականորեն, կարող էին դիմադրել, խոչընդոտել խորհրդային գաղութարար, հակաքաղաքակրթական նկրտումներին։

Այս առումով՝ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «մեր եկեղեցիները չուլանացված են», իսկ հետո հայհոյախառն գրառումներ արեց, կասկածի տակ դնելով եպիսկոպոսաց դասի առաքինությունը։ Իսկ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, լրագրող Բորիս Մուրազիի հասցեին սկանդալային գրառում արեց՝ «Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։

Անկախ այն բանից՝ թե ակնարկվող տեսագրություններն իրական կլինեն, թե կեղծ, դրանց հրապարակումը խայտառակություն կլինի պետության ու ժողովրդի համար։

Հարկ է հաշվի առնել, որ թիրախավորված եպիսկոպոսները, Սերժ Սարգսյանը կարող են համարժեք հակադարձել։ Սարսափելի է պատկերացնելը, թե ինչ կլինի, եթե Աննա Հակոբյանի ակնարկած տեսանյութերի հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող հանրային գործիչներն էլ հրապարակեն Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, ՔՊ-ականների մասին սկանդալային, խայտառակ տեսանյութեր։

Այս պարագայում այնպիսի համատարած բարոյալքում կլինի, որ քարը քարի վրա չի մնա։ Ժողովուրդը, տեսնելով, թե ինչ խայտառակ բարոյական նկարագիր ունեն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները, կարող է ընդօրինակել։ Այլասերվածությունը համատարած բնույթ կկրի ու կլինի աղետ։ Ինքնասիրություն ունեցողները, դաստիարակված մարդիկ, չկարողանալով կանխել այս խայտառակ ընթացքը, չդիմանալով այս խայտառակ տեսարաններին, կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացինությունից, հայ կոչվելուց, լքել հայրենիքը, հեռանալ, որ չասոցիացվեն ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ նրանց համակիրների ու գործիքների հետ։ Արդյունքում՝ կմնան միայն բարոյալքվածներն, իսկ պետությունը կթուլանա, խոցելի կդառնա։

Եթե այսպիսի իրավիճակում արտաքին ագրեսիա լինի, ինչի մասին կանխատեսում են տեղական և միջազգային փորձագետները, ապա ո՞վ է թուրքի կամ ռուսի դեմն առնելու։ Բոլորը բարոյալքված կլինեն, թքած կունենան խայտառակված աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների վրա, ժողովրդի վրա, ամեն ինչի վրա։ Հետևաբար՝ ողջամիտ կասկած կա, որ ներկաների ու նախկինների՝ միմյանց հայհոյելու, վիրավորելու, խայտառակ տեսանյութեր հրապարակելու մասին ակնարկների արշավը կազմակերպում են թշնամիները, ենթադրաբար՝ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները։ Ու նրանք էլ, հավանաբար, տրամադրելու են համապատասխան իրական կամ կեղծված տեսանյութերը։

Այս առումով՝ լավատեսական հույս կա, թե Նիկոլ Փաշինյանը կսթափվի, կգիտակցի, թե ո՞վ է այս խայտառակությունից շահողը, ի՞նչ աղետալի հետևանք կունենա իր հայհոյախառն արշավը, սկանդալային տեսանյութերի հրապարակումը, դրանից ինչքա՞ն կտուժի ժողովուրդն ու պետությունը։ Եվ այս գիտակցմամբ ու մարդասիրական խիզախությամբ նա կդադարեցնի ժողովրդին բարոյալքող, պետության ոչնչացմանը հանգեցնող արշավը։ Նույնպիսի լավատեսական ակնկալիք կա Սերժ Սարգսյանից, որը Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, ՔՊ-ականների մասին սկանդալային, խայտառակ տեսանյութեր չի հրապարակի, կզսպի իր կողմից հովանավորվող հանրային գործիչներին, կդադարեցնի Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին, բարձրաստիճան պաշտոնյաներին արատավորող, խայտառակ անող խոսույթը, չի նպաստի հասարակության բարոյալքմանն ու պետության կործանմանը։

Կարճ ասած՝ կանգնած ենք Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի և ժողովրդի ոչնչացման վտանգի առաջ։ Եթե խայտառակ վիրավորանքների, հայհոյանքների փոխհրաձգությունը շարունակվի, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը թշնամիների հրահանգով, բարոյալքում են հասարակությունն ու ոչնչացնում Հայաստանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված