Ներքին 1 տարի առաջ - 17:28 25-05-2025

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով` զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։

Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել` անձանց գույքային դրությամբ պայմանավորված` փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։
Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս:

Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ:

Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով:

Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով:

Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից:

Աներկբա է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր կարգապահության:

Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատվել են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։

Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ` համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ։

Պաշտպանը նախագծերի վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններն առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին