Ոչ մի օր՝ առանց Արցախի․ գյուղատնտեսությունն Արցախում
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ գյուղատնտեսությունն Արցախում

Ներքին 3 ժամ առաջ - 22:20 22-05-2025
Պատմելով Արցախի առօրյայի ու նվաճումների մասին՝ ես չէի կարող չանդրադառնալ գյուղնախարարությանը (որտեղ աշխատել եմ յոթ տարի) և գյուղոլորտին, ընդհանրապես։

Միանգամից ասենք, որ զարգացման մակարդակով, Հայաստանի Հանրապետության հետ համեմատության մեջ, Արցախի գյուղատնտեսությունն անհուսորեն հետ էր մնում։ Ու ոչ միայն գրեթե, այլ, բացարձակապես, բոլոր ուղղություններում։

Մինչև Շարժումն ու պատերազմը գյուղատնտեսության մեջ գերակա ուղղություն էր խաղողագործությունը, ինչով և մարզը հայտնի էր ողջ ԽՍՀՄ-ում (1980-ականներին տարի կար, երբ ԼՂԻՄ-ում խաղողի բերքը կազմել էր 179 հազար տոննա)։

Պատերազմից հետո նրանից մի բան էր մնացել միայն՝ վաղուց չխնամվող, բայց դեռևս կենսունակության նշաններ ցուցաբերող դաշտերից այդ տարածքների հրամանատարը Հայաստանի Հանրապետության ինչ-որ մարզ՝ իր մտերիմի կամ լյավ ախպոր համար մի բեռնատար խաղող էր ուղարկում՝ ընդհուպ 90-ականների վերջերը (անգամ՝ 2000-ականների սկզբները), երբ այդ դաշտերն ուղղակի դադարեցին գոյություն ունենալ հասկանալի պատճառներով։

Պատերազմից հետո, նաև ամենատարբեր տրամաչափի հրամանատարների նախաձեռնությամբ ու նախընտրությամբ, գերակա ուղղություն ընտրվեց դաշտավարությունը։ Հիմնականում ցորեն էին ցանում։ Ու ամեն ինչ այնպես հախուռն ու անկազմակերպ էր, որ զավեշտական, անընկալելի դեպքեր էլ էին գրանցվում։

Արցախի վարչական շրջաններից մեկի վարչակազմի՝ արդեն երջանկահիշատակ ղեկավարներից մեկին ենթականները բերում են գյուղոլորտի ցուցանիշների մասին ինչ-որ տեղեկագիր, որը հետո պիտի կառավարություն ուղարկվեր։ Սա նայում է՝ ցորեն՝ 12 ցենտներ հեկտարից, գարի՝ 15 ցենտներ՝ հեկտարից։ Հարցնում է՝ այսինչ (հարևան) շրջանու՞մ ինչքան է ցորենը։ Պատասխանում են՝ 14։ Ասում է՝ դե, ուրեմն, մերը 15 դարձրեք, գարին ինչքա՞ն է իրենց մոտ։ Պատասխանում են 17։ Դե, ասում է՝ մերը 18 դարձրեք։

Մոտավորապես նույն վիճակն էր անասնապահության բնագավառում։ Այս ուղղության զարգացումն էլ մեծապես կախված էր դաշտային հրամանատարներից։

2007 թվականի նախագահական ընտրություններից հետո գյուղոլորտը հայտարարվեց ռազմավարական ճյուղ։ Ու եթե, օրինակ, 2007 թվականին գյուղոլորտին հատկացվել էր 271․5 մլն դրամ, ապա արդեն 2014-ին այդ թիվը հասավ 3 մլրդ, 180 մլն-ի։

Որոշակի քայլեր ձեռնարկվեցին նաև ագրովերամշակման զարագացման ուղղությամբ։ Հանրապետությունում հիմնվեց գյուղատնտեսական հումք վերամշակող ավելի քան 30 կազմակերպություն:



Եվ արդեն 2013 թվականին սննդամթերքների և խմիչքների արտադրությունը կազմել է մշակող արդյունաբերության ծավալի 69․4, իսկ ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ողջ ծավալի 30 տոկոսը։



Արցախում կամաց-կամաց գալիս էին պարենային անվտանգության ապահովման անխուսափելի անհրաժեշտության մտքին։



Հատուկ անասնաբուծության զարգացման համար Եվրոպայից ներկրվեցին, շվից, սիմենթալ, ջերսեյան և այլ ցեղատեսակների՝ բարձր կաթնատվությամբ ու մսատվությամբ աչքի ընկնող կովեր։ Ստեղծվեց «Տոհմային կայան» ՓԲԸ-ն, որի տնօրենն էր իսկապես արդյունավեր կազմակերպիչ Գեորգի Լալայանը, ով ժամանկին եղել էր Արցախի ամենաերիտասարդ համայնքապետը։



Մի բան հիշեցի․ մի անգամ մի երկու ժամ անց էի կացրել այդ կայանում, որի տարածքը՝ իր ենթակառուցվածքով, մի քանի հեկտար կլիներ։ Թեկուզ և մեկ ծխախոտի մնացորդ չտեսա, չնայած, բնականաբար, լիքը ծխող տղամարդիկ էին աշխատում այստեղ։

Բայց, ընդհանուր առմամբ, դրությունն անասնաբուծության բնագավառում, կարելի է առանց վարանելու ասել, մնում էր խիստ մտահոգիչ ու անբարվոք։ Այն աստիճանի անմխիթարական, որ 2018 թվականին հանրապետությունում մեկնարկեց «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիրը, որի գաղափարն իսկ արդեն անպատվաբեր էր այն պատճառով, որ դա ընդամենն այն մասին էր, որ մարդիկ պիտի այնպես անեին, որ իրենց անասունները չմտնեին ուրիշների արտերն ու այգիները՝ այն աստիճանի էին Արցախում հետ վարժվել անասնապահությունից։

2016 թե 17 թվականին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակվեց Արամ Մխոյանը, ում հրավիրել էին Հայաստանի Հանրապետությունից։


Ու պետք է ասել, որ հատկապես բուսաբուծության ոլորտում և հացաբույսերի մշակության ուղղությամբ ցուցանիշները կտրուկ բարելավվեցին։

Ու եթե նախորդող մի տասը տարիների ընթացքում հացազգիների բերքը կազմում էր 100 հազար տոննայից մի քիչ ավելի կամ, լավագույն դեպքում, 110-115 հազար տոննա, ապա Մխոյանի նշանակումից մեկ տարի անց արդեն այդ ցուցանիշը հատեց 150 հազար տոննայի սահմանագիծը։ Մխոյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց նաև կաթիլային ոռոգմանը:


(Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ եգիպտացորենի դաշտում)

Այս տարիներին հիմնվեցին բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ, մի շարք այգիներ։
Վերջին տարիներին նորից սկսել էր վերելք ապրել խաղողագործությունը։

Բայց գյուղհամակարգում գործում էր համեմատաբար երիտասարդ մի հիմնարկություն, որը, իմ խորին համոզմամբ, լավագույնն էր Արցախում և լավագույններից մեկը, որ տեսել եմ երբևէ։ Դա Արցախի Հանրապետության Սննդի անվտանգության պետական ծառայությունն էր, որի հիմնադիր պետն էր Լևոն Սարգսյանը, ով, հենց ի սկզբանե, շատ բարձր նշաձող էր սահմանել: Այստեղ աշխատում էին մարդիկ, որոնց համար կատարողական բարձր պատասխանատվությունը, բարեխղճությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունն այլընտրանք չունեին. Միշան, Ռոբերտը, Սասունը, Դավիթը և մյուսները համարում էին, որ իրենց այսօրվա գործը Պաշտպանության բանակում իրենց ծառայության շարունակությունն է: Ու եթե հարցնես՝ բա մինչև ե՞րբ պիտի ծառայեք, կասեին՝ ղարաբաղցու ճակատագիր է՝ ինչքան որ պետք լինի հայրենիքին: Ու այդպես էլ ապրում էր այս կոլեկտիվը: Այդ մարդկանց համար փչացած ու անորակ սնունդը շրջանառության մեջ դնելը համարվում էր դիվերսիայի պես մի բան։ Ու ես էլ ոչինչ չեմ չափազանցում:

Լևոն Սարգսյանն էստաֆետը հանձնեց Արթուր Ներսիսյանին, ում օրոք հիմնարկությունը մնաց նույն բարձրության վրա, ժամանակի հետ իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձան, Սննդի անվտանգության պետական ծառայությունն Արցախում գործոն էր դառնում:



(ձախից աջ՝ Լևոն Սարգսյան, Արթուր Ներսիսյան)

Համլետ Ապրեսյանի ժամանակ էլ ծառայությունը գտնվում էր արդյունավետության գագաթնակետում։ Ու սա չափազանցություն չէ։

Ցավոք սրտի, մեր սիրելի Միշան՝ Միքայել Սարգսյանը, զոհվեց 2023-ին՝ վառելիքի պահեստում պայթյունից ստացված վերքերից՝ Երևանում:

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում