«Ռուսաստանն ասում է՝ մեզ պարզապես հրադադարի բանակցություններ պետք չեն։ Նրանք մտավախություն ունեն, որ հրադադարը Ուկրաինան ու արևմտյան երկրները կօգտագործեն զինվելու, նոր զինատեսակներ ձեռք բերելու համար, և ավելի նպաստավոր պայմաններում պատերազմը կշարունակվի։ Իսկ Ռուսաստանի համար պատերազմն ավարտված չի համարվի, քանի դեռ չեն լուծվել դրա բուն պատճառները»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Այսօր՝ մայիսի 15-ին, Ստամբուլում ընթանում են ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնք լայն հետաքրքրություն ու արձագանք են առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Սակայն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, շատ դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կարող են ունենալ դրանք։
Ռուսական կողմը մի շարք հիմնական պահանջներ ունի՝ Ուկրաինան երբեք չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ռուսերեն լեզվի և Մոսկվայի պատրիարքության եկեղեցիների դեմ սահմանափակումները հանվեն, ուկրաինական բանակն ունենա սահմանափակումներ թվաքանակի ու զինատեսակների հարցում, իսկ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները վերացվեն։
Բացի այդ, ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը պահանջում է, որ միջազգային հանրությունը (եթե ոչ Ուկրաինան, ապա գոնե Միացյալ Նահանգները) ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև՝ որոշակի կիսատ-պռատ կարգավիճակ տա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին։
«Սա ինչ-որ առումով հիշեցնում է Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայում ձևավորված իրադրությունը, երբ Արևելյան Գերմանիան երկար ժամանակ չէր ճանաչվում, բայց հետագայում այդ ճանաչումը տեղի ունեցավ, իսկ Մերձբալթյան երկրները չճանաչվեցին որպես ԽՍՀՄ մաս, սակայն, այնուամենայնիվ, դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ հաստատվեցին։ Հիմա էլ Ռուսաստանի պահանջները մոտավորապես նման կառուցվածքն ունեն»,- նշեց քաղաքագետը։
Ուկրաինական կողմը ներկայումս պատրաստ է քննարկել միայն 30-օրյա զինադադարի հարցը և հրաժարվում է գնալ խորքային քաղաքական քննարկումների։ Սա, ըստ մեր զրուցակցի՝ բանակցությունները փակուղու մեջ է դնում։ ԱՄՆ-ն փորձում է միջնորդություն իրականացնել, համադրելով կողմերի տեսակետները, մինչդեռ Մեծ Բրիտանիան, ինչպես 2022 թվականին, կրկին ակտիվ ներգրավվածություն ունի, աջակցելով ուկրաինական պատվիրակությանը և դրանով որոշ դեպքերում խոչընդոտելով բովանդակային առաջընթացը։
«Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որտեղ անորոշությունը չափազանց մեծ է։ Ոչ մի լուրջ մեկնաբան այսօր չի կարող հստակ կանխատեսել, թե այս բանակցություններից հետո հնարավոր կլինի՞ հասնել պատերազմի ավարտին։ Խնդիրները շատ խորն արմատներ ունեն, իսկ կողմերի դիրքորոշումները բարդ են ու հակասական» եզրափակեց Ստեփան Դանիելյանը։