Ստեփանակերտում տոնակատարություններ հաճախակի էին լինում, և պետք է ասել, որ դրանք հավուր պատշաճի էին կազմակերպվում։ Այլ բան է, որ կարող էր և այնպես լինել, որ նշվող տոնը, իրադարձությունը կապ չունենային ոչ մեր պատմության, ոչ մեր ձեռքբերումների և ոչ էլ մեզ հետ՝ ընդհանրապես, ինչպես օրինակ, 2014 թվականի մարտին Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված տոնախմբությունն էր, որի համար, ինչքան հիշում եմ, Երևանից համույթներ էին եկել։
Պարզ է՝ Սեպտեմբերի 2-ը՝ անկախության տոն օրն ու Մայիսի 9-ը՝ Եռատոնը (Շուշիի ազատագրման օրը, հաղթանակը երկրորդ աշխարհամարտում և Արցախի բանակի ստեղծման օրը), նշվում էին առանձնահատուկ շուքով և, իսկապես, համաժողովրդական նշանակություն, ընկալում ու արտահայտություն ունեին, որոնց ավարտին արդեն, սովորաբար օրվա վերջում, լինում էին շքեղ հրավառություններ, որոնք զարմանք էին պատճառում անգամ արտերկրից ժամանած հյուրերին և որոնց գումարով, անշուշտ, կարելի էր ծածկել ՊԲ ամոթը հանդիսացող անպատկերացնելի բացեր ու թերություններ, ինչպես, օրինակ, գրեթե անապատային պայմաններում ծառայող 18-20 տարեկան տղաներին առանց կափարիչների բանակային մետաղե տափաշիշ տրամադրելն էր։
Բայց բոլորի տոների մեջ առանձնանում էր հատկապես «Բերքի տոնը», որը տարեցտարի ավելի ընդգրկուն ու արդյունավետ էր դառնում և նշվում էր յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակիին (միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 2011-ին՝ սպայի տան մոտ՝ անհամեմատ փոքր մասշտաբներով)։
Նախորդող օրերին գյուղատնտեսության նախարարությունը գերատեսչական ոսկե մեդալներով, թանկարժեք նվերներով ու պատվոգրերով պարգևատրում էր ընթացիկ տարում աչքի ընկածներին ու բարձր արդյունքներ գրանցածներին, միայն թե միշտ չէ, որ պարգևատրվածը քիչ թե շատ կապ էր ունենում գյուղատնտեսության կամ այդ ոլորտի նվաճումների ու ձեռքբերումների հետ։
Իսկ արդեն բուն «Բերքի տոնին» մայրաքաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվում էին հարյուրավոր տաղավարներ՝ բոլոր շրջաններից, ինչպես նաև ՀՀ-ից ժամանած գյուղարտադրողների համար, որոնց արտադրանքը վաճառքի էր հանված տեղում։
Հարկ է նկատել, որ կառավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի միջոցառումը կազմակերպվի ու անցկացվի բարձր մակարդակով՝ մայրաքաղաք Ստեփանակերտ գյուղմթերք ներկրող տնտեսվարողներին ընդառաջելով ամեն ինչով, այդ թվում և, ըստ կարիքի, տրամադրելով վառելիք՝ ակնկալելով, որ, գոնե, առաջարկվող մթերքները համեմատաբար էժան կլինեն, ինչը խիստ հազվադեպ էր լինում։
Բերքի տոնը սկսվում էր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի օրհնանքի խոսքով, ապա Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախի ղեկավար կազմն ու բարձրաստիճան հյուրերը խորհրդանշական կերպով բաժակ էին բարձրացնում օրվա խորհրդի համար, ինչից հետո սկսում էր նրանց ուղեկցող լրագրողների, թիկնապահների ու մանր պաշտոնյաների հոգնատանջ ուղեկցությունը՝ բոլոր շրջանների գրեթե բոլոր տաղավարներով։
Շրջանները նաև, այսպես ասենք, իրենց գլխավոր տաղավարն ունեին, որն առանձնանում էր այդ շրջանին հատուկ մթերքներով, խմիչքներով ծանրաբեռնված ու գեղեցիկ ձևավորված սեղաններով, որին անպայման կմոտենա Բակոն, մի բան կասի կամ կհամտեսի։ Տաղավարի առջև էլ տվյալ շրջանի մշակութային համույթները պարբերաբար ինչ-որ համարներ էին ներկայացնում՝ շոյելով իր տեղակալների ու շրջանի ուժային կառույցների ղեկավարների հետ կանգնած շրջվարչակազմի ղեկավարի ինքնասիրությունը։
Հիշում եմ՝ 2017 թե 2018 թվականն էր․ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու այլ ղեկավարներ իրենց ավանդական շրջայցն էին իրականացնում տաղավարներով։ Այս անգամ նրանց հետ նաև Մոսկվայից եկած Կոնստանտին Զատուլինն էր։ Բակոն գնեց երկու շիշ գինի, լավ չեմ հիշում՝ «Կարարո՞», թե «Շեխեր»։ Երբ վճարեց, Զատուլինը դրանք վերցրեց նրանից՝ ժպտադեմ ասելով․
-Пожалуй, я это у вас заберу.
Ասաց ու շշերը փոխանցեց իր ետևից եկող մի ռուս երիտասարդի․․․
Ողջ օրն առևտուրը եռում էր, բոլոր շրջանների շրջանային վարչակազմերի մշակույթի բաժիններն իրենց ծրագրերն էին ներկայացնում, իսկ կենտրոնում էլ՝ դեպի Ստեփան Շահումյանի անվան ստադիոն տանող աստիճանների վերևի կիսաշրջանում էլ Արցախի մշակույթի նախարարությունն էր իր հարուստ մշակութային ծրագիրը ներկայացնում։
Եվ, իսկապես, շատ կարգին՝ շնչող, կենսունակ պետությանն ու քաղաքին յուրահատուկ տոն էր «Բերքի տոնը», որի ընթացքում իրականացվում էր երկուսուկեսից մինչև երեք միլոն ԱՄՆ դոլարի առևտուր։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: