Մամուլ 1 տարի առաջ - 08:40 06-05-2025

Ե՞րբ հասանելի կդառնան աղբահանության վճարների տվյալները, և ի՞նչ է սպասվում կուտակված պարտքերի առումով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվարից մայրաքաղաքում փոփոխվել են աղբահանության վճարի դրույքաչափերը, ավելի ստույգ՝ անձի հաշվարկից անցում է կատարվել քառակուսի մետրով հաշվարկի: Սակայն անցած չորս ամսվա ընթացքում քաղաքացիները չեն կարողանում վճարումներ կատարել վճարահաշվարկային տերմինալներով կամ բանկերի հավելվածներով, որովհետև հաշվարկները դեռ չկան, իսկ Հայփոստում էլ վճարում կատարելու պարագայում պետք է մոտարկված գումար վճարեն:

Մեզ հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հնարավորություն կունենան վճարումներ կատարելու, երկրորդ՝ նախորդ ամիսների՝ ոչ իրենց մեղքով չվճարված գումարները պետք է վճարեն միանգամի՞ց, թե՞ կարող են կուտակված պարտքը մարել մաս-մաս:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ աղբահանության նոր դրույքաչափը վերաբերում է միայն բնակելի նշանակության շինություններին, այսինքն՝ բնակարաններին, անհատական բնակելի տներին: «Հասարակական, արտադրական օբյեկտների մասով գործում են նախկին դրույքաչափերը: Բնակելի շինությունների պարագայում դրույքաչափը սահմանվել է 13 դրամ մեկ քառակուսի մետրի համար»,-ասում է Հակոբյանը:

Նշում է՝ այս ընթացքում օնլայն վճարային համակարգերի միջոցով հնարավոր չէր վճարում կատարել, բայց բազմաթիվ մարդիկ, կատարելով սեփական հաշվարկները, վճարումներ են կատարել: «Ուրբաթ օրվանից սկսած հնարավոր կլինի վճարում կատարել «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում (հաշվի առնելով, որ ուրբաթը ոչ աշխատանքային է, ենթադրելի է, որ երկուշաբթի օրվանից-խմբ.): Կարող են նաև մոտենալ, վարչական շրջաններից տեղեկանք վերցնել, թե որքան է իրենց պարտավորության չափը և կատարել վճարումը: Հանդիպում ենք ունեցել Բանկերի միությունում, որպեսզի բանկերը հնարավորինս շուտ ինտեգրվեն այս համակարգին: Խոստացել են՝ 1-2 ամսվա մեջ կինտեգրվեն համակարգին, և բանկային հավելվածներով ևս մեր քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարումները կատարել»,-հավելում է նա:

Պետության առջև կուտակված չորսամսյա, ըստ էության՝ ավելի շատ ամիսների պարտավորությունները մարելու ժամկետների և հնարավոր տույժերի մասով Հակոբյանն արձագանքում է. «Նախ՝ արտոնություն ենք սահմանել և մինչև մայիսի 1-ը տույժեր չեն գործի: Այս պահին նախագիծ ենք շրջանառում, որպեսզի տույժերի արտոնությունների մասով մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրենք քաղաքացիներին վճարումներ կատարելու համար: Քաղաքացիները կարող են այս ամիս, օրինակ՝ եռամսյակային վճարում կատարել, նրանց ապրիլ ամսվա վճարի դեպքում այս պահին տույժ չի գործում: Հաջորդ վճարումն էլ կատարել, օրինակ՝ հուլիսի 1-ին:

Այնուամենայնիվ, ավելի շատ ժամանակահատված կտրամադրենք քաղաքացիներին: Գուցե լինեն մարդիկ, որոնց հարմար է վճարել բացառապես օնլայն համակարգով և այսպես շարունակ: Ամեն դեպքում քաղաքացիներին 2-3 ամսվա միջանկյալ ժամկետ կտրվի նախորդ ամիսների վճարումները կատարելու և հունի մեջ ընկնելու համար»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»