Ուղիղ եթեր
Ողջամտության ու Փաշինյանի խոսքի միջև խզում կա
copy image url

Ողջամտության ու Փաշինյանի խոսքի միջև խզում կա

Միտք Ներքին 1 ժամ առաջ - 09:00 22-04-2025
Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով հանրային քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անզգույշ ու վտանգավոր բաներ է ասել, որոնք, ենթադրաբար, կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։

Պատասխանելով քննարկումը վարողի հարցին, թե ինչո՞ւ է արդարադատությունն ուշանում, Փաշինյանը ասել է, թե Հայաստանում արդարադատության ուշացման պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և ժողովրդի միջև։ Փաշինյանը նաև հանդիմանել է արդարադատություն իրականացնող օղակներին հարթ չաշխատելու, իրավաբանական սպասված գնահատականը ժամանակին չտալու համար։ «Բա ես հիմա ի՞նչ ասեմ մարդկանց» հռետորական հարց է տվել Փաշինյանն, ակնարկելով, թե ժողովուրդն իրենից է արդարադատություն ակնկալում։ Իսկ սրանից հետո նա չի բացառել, որ կառավարությունից անկախ գործող դատական համակարգը կարող է ուրիշ որևէ տեղից կախում ունենալ, հիմք տալով ենթադրելու, թե դատարանները չեն կատարում Փաշինյանի կամքն, այլ առաջնորդվում են օրենքով։ Ողջամտության, անկախության, ժողովրդավարության հետ կոնֆլիկտ ունեցող այս խոսքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, քանի որ այն ասում է երկրի վարչապետը։

Այս խոսքում նա նաև պոպուլիստաբար հանդիմանել է իրավաբաններին, թե ժողովրդին ամհասկանալի լեզվով են խոսում։ Նախ՝ ոչ մի ժամանակ իրավաբանական լեզուն և ժողովրդական լեզուն նույնական չեն եղել։ Իրավաբանական տեքստում ամեն բառն ունի կոնկրետ նշանակություն։ Կետադրական նշանի ոչ տեղին կիրառումը կարող էր փոխել իմաստը։ Այս լեզուն երբեմն անվանում են նաև պաշտոնական կամ պետական լեզու։ Իսկ պատումի կամ ժողովրդական, խոսակցական լեզվում կիրառվում են բարբառային, փողոցային բառեր, օտարաբանություն, նվնվոց, որոնք իրավաբանական տեքստում, պետական լեզվում տեղ գտնել չեն կարող։ Ժողովրդաքաղաքացիական վերափոխումների, լուսավորչական շարժումների ազդեցությամբ այս երկու լեզուները մերձեցել են, քանի որ կրթական մակարդակն է բարձրացել, և շատ մարդիկ են հասկացել գիտակարգային, պաշտոնական, իրավաբանական տեքստերը։

Հետևապես՝ անտեղի և անհիմն է իրավաբաններին հանդիմանելը, թե նրանց լեզուն չեն հասկանում սովորական մահկանացուները։ Շատ նորմալ է, որ ցածր կրթություն ունեցողը չի հասկանում իրավաբանական տեքստը։ Եթե մարդը չի կարողանում ինքնուրույն հասկանալ այդ տեքստն, ապա նրա համար կան փաստաբանական, իրավաբանական խորհրդատվական գրասենյակներ, որոնք մարդկանց բացատրում են այդ տեքստերի իմաստը։ Իսկ երբ կներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը, ինչի մասին նաև ակնարկում է Փաշինյանը, ապա ատենակալը պիտի մեծ պատասխանատվությամբ կրթվի ու դաստիարակվի, որ սխալ որոշումներ չընդունի, մարդկանց ճակատագրի հետ չխաղա։ Այսինքն՝ հարկ է գիտակցել, որ արդարադատության վերաբերյալ տարընթերցում է առաջանում, երբ օրենքից վեր ինչ-որ բաներ են հայտնվում։ Ուստի՝ իրավաբաններին, իրավապահներին անտեղի հանդիմանելու, արդարադատության համակարգը փնովելու փոխարեն անհրաժեշտ է ջանք գործադրել, որ ժողովուրդն առաջնորդվի արժեքներով, օրենքը դասի ամեն ինչից վեր, նույնիսկ՝ Փաշինյանից վեր, բարձրանա ՀՀ քաղաքացու իրավագիտակցությունը, խորանա հարգանքը դատարանի նկատմամբ, վստահությունն արդարադատության համակարգի հանդեպ։

Այսօր ՀՀ քաղաքացիների և ՔՊ-ական պաշտոնյաների միջև բազմաթիվ վարույթներ կան, որոնցով առաջին ատյանի և վերաքննիչ ատյաններում հաղթում է քաղաքացին ու արարությունը։ Բայց ՔՊ-ական պաշտոնյանները անամոթաբար բողոքարկում են Վճռաբեկ ատյան, որն էլ ընդունում է վճիռներ ի վնաս քաղաքացու։ Սա է ՔՊ-ական իշխանության իրական պատկերացումն արդարադատության և արդարության մասին։ Եվ եթե Փաշինյանն արդարադատության ու արդարության ջատագով լիներ, ապա վերացական բաներ ասելու փխոխարեն, կարող էր ՔՊ-ականներին հորդորել, որ չկասկածեն դատավորի արդարամտությանը ու չբողոքարկեն վճիռները։

Իսկ ամենավտանգավորը Փաշինյանի կարծիքն է արդարադատության և ժողովրդի միջև խզման մասին։ Այսպիսի խզում հնարավոր է այլասերվածների պատկերացրած երկրում, որտեղ 36 արդարներ չկան, օրենքները չեն գործում, ոստիկան, դատախազ, դատարան չկա, այլասերվածությունը արբեցրել է բոլորին։ Այսօրինակ խզում բացառվում է այն երկրում, որտեղ իրավապահը, դատարանն առաջնորդվում են արժեքներով ու դրանց հիմքով կազմված օրենքներով։ Այսինքն՝ կարծիքը, թե արդարադատության և ժողովրդի միջև խզում կա, հիմք է ենթադրելու, որ կա՛մ այլասերվածները պատրաստվում են անցնել գրոհի և ապահովել Փաշինյանի ենթադրած խզումը, կա՛մ Փաշինյանի խոսքի և ողջամտության միջև խզում կա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել