Արմատներով հադրութեցի Ռուդոլֆ Օգանովն 90-ականների ռուսական հանցագործ աշխարհի անհերքելի ու անքննարկելի հեղինակություններից էր․ մեկը նրանցից, ում կարող էիր հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Նրա մասին ռուսական հանցավոր աշխարհի փորձագետ Նիկոլայ Չեռնիշովն ասել է․ «Ռուդոլֆ Օգանովը հանցագործ աշխարհի պատրիարքն էր, և ով դա չգիտի, նա շատ բան չգիտի»։
Առանց չափազանցության, նրա ազդեցությունը տարածվում էր ԽՍՀՄ, ապա և՝ հետխորհրդային բոլոր տարածքներում։ Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել:
Հազիվ 1 մ 60 սմ հասակ ունեցող այս մարդն ավելի շուտ կարող էր հիշեցնել թավջութակահարի, քիմիայի ուսուցչի կամ արտակարգ և լիազոր դեսպանի՝ միշտ բարեկիրթ, էլեգանտ ու խոհուն՝ ջենթլմենին հատուկ վարվեցողությամբ, բայց ոչ օրենքով գողի, ով հսկայական ազդեցություն է ունեցել գողական աշխարհի վրա նրա ամենադժնդակ, միևնույն ժամանակ, նաև, ամենավառ ու բնութագրական ժամանակներում՝ 20-րդ դարի 90-ականներին:

Իսկ մինչ այդ նա միահեծան դրության տերն էր Բաքվում (,,Он был самым козырным вором Азербайджана,, -Ռուդիկի մասին ասել է նույն Նկիոլայ Չեռնիշովը, իսկ բաքվեցի օրենքով գող Էնվեր Սաֆարովը կարծիք է հայտնել, թե Ռուդիկին ուսումնասիրելու, ճանաչելու համար անրաժեշտ էր մի ողջ գիտահետազոտական ինստիտուտ):
Ադրբեջանում (և ոչ միայն) գործող օրենքով գողերից մեկը չէ, որ թագազրկվել է Ռուդիկի կողմից: Գողական կոդեքսի խախտումը խստագույնս պատժվում էր նրա կողմից: Երբ ադրբեջանցի «Թոֆիկ Պերվոմայսկին» խնդրել է ներել իրեն, նա պատասխանել է, թե ավելի լավ է լինել լավ տղամարդ, քան վատ գող:

1980-ականների վերջին հասկանալի պատճառներով Օգանովը Բաքվից անցնում է Երևան, իսկ քիչ անց՝ վերջնականապես հաստատվում Մոսկվայում և շատ կարճ ժամանակ անց իր ձեռքը վերցնում հանցագործ աշխարհի զգալի մասի կառավարումը, ու նրա մականունն էլ հենց ամեն ինչ ասում էր՝ «Գեներալ» (շատ ազդեցիկ էին նաև Ռուդիկի երկու եղբայրները՝ օրենքվ գողեր Վլադիմիրը՝ «Վաչկոսը», և Ալեքսանդրը՝ «Սաշիկ Բակինսկին»):
Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել:
«Պաշտպանի՛ր մեզ»,- դիմեցին նրանք Ռուդիկին:
(լուսանկարում Ռուդիկը՝ մորաքրոջ որդու թաղմանը՝ Երևանի «Թոխմախ» գերեզմանատանը) Ու նա պաշտպանեց նրանց: Իսկ դա, չմոռանանք, ծանրագույն ու չարագույժ 90-ականներն էին, երբ Մոսկվայում ամեն օր տասնյակ ավազակային հարձակումների էին ենթարկվում գործարարները, օրը ցերեկով հօդս էին թռչում հայտնի գործարարների ու հեղինակությունների լիմուզինները, երբ կորչում էին ոչ միայն գործ դնելու համար միջինասիական հանրապետություններից ու հեռավոր Արևելիքից Մոսկվա բերված միլիոնները, այլ նաև հենց իրենք՝ այդ գումարների տերերը: Սոլնցևյան, օրեխոզուևյան, տագանյան, տամբովյան և այլ՝ հաճախ մինչև մի քանի հարյուր ավտոմատավորներ ունեցող կազմակերպված հանցախմբերին էին միացել նաև ոչինչ ընկալել չցանկացող՝ չեչենական զինված խմբավորումները, որոնց հովանավորում էր ռուսական պառլամենտի ղեկավարը՝ Ռուսլան Խասբուլատովը, ով այդ ժամանակներում Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից էր, մեղմ ասած: Ահա այսպիսի դժվարին ժամանակներում Ռուդոլֆ Օգանովը կարողացավ բաքվահայության անվտանգության և նրանց բիզնեսի հետագա բարգավաճման երաշխավորը լինել, ցուցաբերել համակողմանի օժանդակություն (նա նաև ֆինանսավորել է բազմաթիվ հայանպաստ գործեր, այդ թվում և՝ Բակուր Կարապետյանի ,,Тайны Гандзака,, գրքի տպագրությունը և ասել, որ միշտ պատրաստ է ֆինանսավորել նրա գրքերի տպագրությունը):
Հանցագործ աշխարհում Ռուդիկին նաև սիրում էին իր խոհեմության համար։ Մոսկվայի շրջաններից մեկում մեծ շուկա էին բացել, որի հովանավորը Ռուդիկն ու անչափ հայտնի ու ազդեցիկ կովկասցի մի օրենքով գող էր։
Արդեն հաջորդ օրը շուկան «նայող»՝ Ռուդիկի կողմնակիցներից մեկի մոտ են մտնում հռչակավոր «Սիլվեստրի»՝ Սերգեյ Տիմոֆեևի՝ «Օրեխովյան» խմբավորման տղաները։ Ասում են, որ անհրաժեշտ է մուծվել։ Մարդը պատասխանում է, որ ինքն ընդամենն այստեղի պատասխանատուն է, և գլխավորները կգան երեկոյան ժամը վեցին։ Ռուդիկը գալիս է նույն այն կովկասցու հետ, ով միանգամից հարձակվում է սրանց վրա՝ ի՞նչ է, գողական փողերի վրա ե՞ք աչք տնկել։ Ռուդիկը սաստում է՝ լռի՛ր, էս մարդիկ մանկուց այստեղ գնդակ են գլորել, հեծանիվ քշել, իրենց հարազատ վայրերն են, ու դիմում է օրեխովցիներին։
-Տղանե՛ր, այստեղ մոտ 1200 առևտրի կետ կա, ընտրեք ձեր ուզած 400-ը, դրանք ձերն են։
Գոհունակ օրեխովցիների գլխավորն էլ ասում է, թե այսուհետ իրենք էլ Ռուդիկի տրամադրության տակ են, և բաժանվում են խաղաղությամբ։
Օրեցօր Օգանովի ազդեցության սահմաններն ընդլայնվում ու ընդլայնվում էին՝ ընդգրկելով նոր տարածքներ։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, ի վերջո, նա պիտի կանգներ ռուսական հանցագործ աշխարհի մյուս ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ ՌԴ ուժային կառույցների և հատուկ ծառայությունների վերնախավի հետ սերտ կապեր ունեցող «Դեդ Խասանի» (ինչպես պատմում են, նա 34 տարեկանում պապիկ է դարձել, և այդ օրվանից էլ նրա մականունը դարձել է «Պապիկ»)՝ Ասլան Ուսոյանի ճանապարհին՝ դառնալով նրա կոկորդի ոսկորը. ու սկսվում է Ռուսաստանի պատմության մեջ ամենաարյունահեղ քրեական պատերազմը․ 1996-ից մինչև 1999-ը նրանց միջև տևած պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել է ... 157 հոգի, այդ թվում և՝ մի երկու տասնյակ օրենքով գողեր (Խասանի կողմից գործող քիլլեր՝ մինչ այդ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Վլադիմիր Վոլկովի՝ «Վոլչարայի» հստակ լուսանկարի համար Օգանովը պատրաստ էր վճարել 30 հազ. դոլար):
1997-ի նոյեմբերին Ռուդոլֆ Օգանովն ու երկու տասնյակ իր համախոհ գողեր հայտարարում են Խասանին թագազրկելու մասին, ով մշտապես խույս էր տալիս ներկայանալ նրա հրավիրած գողական հավաքներին՝ «սխոդկաներին»: Մինչ այդ, տարբեր ազգության բազմաթիվ ծանրքաշային գողեր ապարդյուն փորձում են հաշտեցնել Ռուդիկին ու Խասանին:
1997-ին մերձմոսկովյան ռեստորաններից մեկում հանցագործ աշխարհում շատ մեծ հեղինակություն ունեցող Գոգի Չիկովանին («Դյադյա Գոգի») ու Զախարի Քալաշովը («Շաքրո մոլոդոյ) հավաքում են 70 հոգու։ Ռուդիկն անդրդվելի է։ Խնդրի վերջնական լուծման համար 1998-ի սեպտեմբերին Օգանովն Օդեսայում գողական ներկայացուցչական սամիտ է հրավիրում, որին մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոտ 120 օրենքով գողեր: Ուկրաինական և ռուսական ուժայինները հավաքը ցրում են, երբ դեռ այն չէր էլ սկսվել։ Խասանի փոխարեն հանդիպման վայր ներկայացան ոստիկանները...
Երբ տասը տարի անց վրացի ծանրքաշային օրենքով գողեր Տարիել Օնիանին («Տարո») և Մերաբ Ջանգվելաձեն («Մերաբ Սուխումսկի») Մոսկվայի «Պիրոգովյան» ջրամբարի վրա գտնվող նավում զրուցելու և հարցեր պարզելու համար հրավիրել էին Խասանին ու նրա կողմնակիցներին, նրանց փոխարեն (այդ կադրերը շատ անգամ են ցուցադրվել) ուղղաթիռներով ոստիկանական հատուկջոկատայինները եկան՝ ձերբակալելով 50 հոգու, այդ թվում՝ 39 օրենքով գողի։ Սա՝ իմիջիայլոց։
(լուսանկարում Ռուդիկը եղբոր՝ օրենքով գող Վլադիմիր Օգանովի՝ հռչակավոր «Վաչկոսի» հետ) Դա հենց այն ժամանակներն էին, երբ գողականը սկսել էր փոխակերպվել մաֆիայի, ու հակամարտող կողմերին իրարից զանազանում էին ապրել ճի՞շտ, թե՝ ապրել լավ հարցադրում-սկզբունքները: Օգանովն ու իր կողմնակիցները գտնում էին, որ անհրաժեշտ է ապրել ճիշտ, այսինքն՝ համաձայն իրենց օրենքների: Ու նրանք փոքրամասնություն էին: Երրորդ՝ ոչ պակաս հզոր ու ազդեցիկ կողմ հանդիսացող՝ սլավոնական հանցավոր աշխարհի պատրիարքները՝ «Շիշկանը», «Ակսյոնը» և «Պետրիկը» (նույն ինքը՝ «Լյոնյա Խիտրին», ով ժամանակին քցել էր, ոչ ավել, ոչ պակաս՝ «Յապոնչիկին») համակրում էին Օգանովին, բայց կոնֆլիկտին չմիջամտեցին:
Անկասկած է, որ նրանք լավ գիտեին՝ ռուսական պետության պատրոնաժը, հաստատ, Ռուդիկը չէ, որ վայելում էր․ երբ 90-ականների կեսերին ռուս լրագրողները գնացել էին հարցազրույց վերցնելու Մոսկվա եկած՝ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից, նրանցից մեկը հարցրել է, թե ի՞նչ կասի նա Խասանի մասին, քրդերի առաջնորդը պայման է դրել՝ ինքը կպատասխանի միայն այն դեպքում, երբ համոզվի, որ ձայնագրիչն անջատված է, ինչից հետո ասել է, որ իրենց այդ եղբայրը շատ է օգնում:
Իսկ պատերազմը շարունակվում էր․ 1998-ի հոկտեմբերին Էսսենտուկիի «Բրիստոլ» ռեստորանում գնդակահարվում են Խասանի կողմնակիցներ՝ օրենքով գողեր Ալեքսանդր Խաշիրովը («Խաշիր»), Դմիտրի Մովչանը («Դիմա Գեորգևսկի») և տեղացի հեղինակություն Աբդուռահման Նուգաևը, ինչը պատասխանն էր նրա, որ մի երկու օր առաջ նռնականետերով գնդակոծվել էր Մոսկվայից Նարո-Ֆոմինսկ ընթացող Ռուդիկի կորտեժը։
Զրահապատ «Մերսեդես» լիմուզինում գտնվող Ռուդիկը չէր տուժել, բայց նրա թիկնապահներից երկուսը զոհվել էին։ Իսկ դրանից առաջ էլ Սոչիի ռեստորաններից մեկում ինքը՝ Խասանն էր հրաշքով ողջ մնացել, երբ սրահ էին մտել մի քանի ավտոմատավորներ։ Նա զուգարանում էր (ինչպիսի՜ զուգադիպություն՝ երբ 1931 թվականի ապրիլի 15-ի կեսօրին նյույորքյան Կոնի-Այլենդի «Nuova Villa Tammaro» ռեստորանում գնդակահարեցին ամերիկյան մաֆիայի անթագակիր արքա Ջո Մասսերիային, հետագայում ամենահայտնի մաֆիոզ Չառլի Լուչիանոն՝ «Բախտավոր» մականունով, նույնպես զուգարանում էր)։
1999-ի փետրվարի 11-ի երեկոյան ժամը 18-ից քիչ անց МКАД-ի վրա գտնվող «Միր» սրճարան մտան ռուսական ОМОН-ի հագուստներով, դիմակավորված վեց ավտոմատավորներ. նրանց ուղղորդողների երկար ամիսների, իսկ միգուցե նաև մի երկու տարվա ճիգերը հաջողությամբ պսակվեցին: Այդ օրը Ռուդիկը Մոսկվա էր վերադարձել Միներալնիե Վոդիից, օդանավակայանից անմիջապես եկել այստեղ՝ հանդիպելու մայրաքաղաքում հայտնի հեղինակություն Յուրի Ֆեդոսեևի հետ և առանց թիկնազորի էր (Ռուդոլֆ Օգանովի գերեզմանը Մոսկվայում):

Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իրեն. երբ սրճարան մտած ավտոմատավորները հարցրին՝ ո՞վ է այստեղ Ռուդիկը, նա կանգնեց ու ասաց.
-Ե՛ս եմ Ռուդիկը...
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: