Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ` ապրիլի 17֊ին, ժամը 18։40֊ի սահմաններում N 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը, խախտելով իր պայմանագրային պարտավորությունները, մարդկային ու բարոյական նորմերը, իրեն դրսևորելով ոչ հայեցի, իր կողմից վարվող 5453 S պետհամարանիշով Ժոնգթոնգ մակնիշի ավտոբուսից ստիպողաբար իջեցրել է ուղևարձը վճարած ուղևորին (կին) իրեն կամաց վարելու` կամաց քշի, մարդ ես տեղափոխում արտահայտության համար։ Վարորդը, վերազանցելով իր աշխատանքային պարտավորությունները և մարդկային ադեկվատ պահվածքը, ուղևորին տրանսպորտից իջեցրել է արցախցիների հանդեպ ատելություն սերմանող արտահայտություններով։
Երևանի քաղաքապետարան և Երևանի ավտոբուս, հիշեցնեմ, որ վարորդը կարմիր, կամ սև բերետավոր ոստիկան չի, երևի նաև, կամ դեռ ադրբեջանցի էլ չի, որ հային արցախցի լինելու համար ստիպողաբար իջեցնի ավտոբուսից՝ այնտեղ գտնվող այլ քաղաքացիների մոտ արցախցիների հասցեին ատելության խոսքեր ասելով։
Դիմում եմ իրավապահ մարմիններին.
Ինչքա՞ն եք լռելու, ինչքան եք չտեսնելու տալու Հայաստանում տարածված ատելության ու թշնամանքի այս ձևը։ Հայը հային որակումներ տա արցախցի լինելու համար։
ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն, պարոնայք և տիկնա՛յք քննիչներ և դատախազներ, ես իրավաբան չեմ, բայց կարծեմ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին նման արտահայտության համար ձերբակալեցիք, կալանավորեցիք ու դատարանում...
Նշված ավտոբուսի վարորդի արարքը դատապարտելի է ու վարչական և իրավական գնահատականի արժանի։
Հ. Գ.
Հարգելի վարորդներ, իրականացրեք միայն ձեր պայմանագրից բխող պարտականություններն ու պարտավորությունները։ Մի արեք քայլեր ձեր իրավունքներից դուրս։ Արհեստական կոնֆլիկտ և բախումներ մի ստեղծեք մեր հայրենակիցների հետ։ Հանդուրժեք, հարգեք և սիրեք բոլոր հայերին (արցախցի, սյունեցի, լոռեցի, տավուշցի, շիրակցի, երևանցի, սփյուռքահայ) և մեր հետ, մեր կողքին ապրող, մեր հետ պայքարող ու կռիվ տվող ազգային փոքրամասնություններին (ռուսներ, եզդիներ, ասորիներ, քրդեր)»: