Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:15 18-04-2025

Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 

Կարո՞ղ եք իրականությունից կտրվել ու ձևացնել, թե չեք լսում Սյունիքի սահմանին ամեն գիշեր հնչող կրակոցները, Բաքվից, Մոսկվայից հնչող պահանջներն ու սպառնալիքներն ուղղված Հայաստանի, հայ քաղաքական համայնքի, ժողովրդի հասցեին։ Ո՞չ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կարող է։ «Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին ունեցած եզրափակիչ ելույթում։

Սա, հավանաբար, պաշտպանական նոր ռազավարություն է, պաշտպանական հզոր զենք։ Ըստ այդմ՝ եթե ոչ ոք չխոսի Հայաստան-Ադրբեջան լարվածության և պատերազմի մասին, փորձագետները, վերլուծաբանները, ընդդիմախոսները չկանխատեսեն լարվածություն ու պատերազմ, բոլորը փակեն աչքերն ու ականջները, ապա լարվածություն ու պատերազմ չի լինի, քանի որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։

Մի քանի օր առաջ Անթալիայում դիվանագիտական ֆոորումի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարարը ագրեսիվ հարցադրումներ էր անում Հայաստանի ԱԳ նախարարին, որոնց դժվարությամբ էր հակադարձում հայ պաշտոնյան։ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ կրկին ակնարկում էին 2020-ի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին։ Մի քանի ադրբեջանցի գործիչեր իրենց ելույթներում դարձյալ խոսում էին, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Իսկ Փաշինյանը ուզում է մոռանա՞լ Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի հավանականության մասին։

Անհնար է նաև չնկատելը, որ համաձայնագրի համաձայնեցումը տեսանելի առաջընթաց չի ապահովել խաղաղության հարցում։ Հակառակը՝ տեքստի համաձայնեցումից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի ստորագրելու՝ մինչև ՀՀ-ն սահմանադրությունը չփոխի, ու չլուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դրանից հետո Ալիևը հայ ժողովրդին մի քանի առիթով անվանել է թշնամի։ Զուգահեռաբար՝ ամեն օր կրակում են Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, որոնք երբեմն հասնում են տներին։ Իսկ ադրբեջանցի պաշտոնյաների ամենօրյա ակնարկները նոր զիջումների մասին ամբողջացնում են պատկերը ու հիմք տալիս ենթադրելու, որ գուցե Փաշինյանի և Ալիևի պատկերացումները խաղաղության և սահմանային լարվածության մասին համընկնում են, սակայն իրականության մեջ ապրող ողջամիտ մարդկանց, այդ թվում՝ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների պատկերացումները խաղաղության և սահմանային լարվածության մասին էապես տարբեր են։ Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանը պարզապես կոչ է անում մերժել իրականությունը, ապրել պատրանքներով, երևակայել, թե լարվածություն չկա, պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, քանի որ տեսքտը համաձայնաեցված է։

Եթե լավատեսորեն բացառենք, որ Փաշինյանը ձևացնում է, թե կտրվել է իրականությունից, ապա ենթադրելի է, որ աշխարհում էական բան է փոխվել, մեծ խաղացողները Հայաստանի վերաբերյալ մեծ պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի՝ խաղաղություն է տիրելու, հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ու պատերազմ չի լինելու։ Այս դեպքում համաձայնեցված համաձայնագիրը կարող է ծառայել այս մեծ պայմանավորածությունների վարագույր։

Հոռետեսները, սակայն, կարծում են, թե չբարեկամները փորձելու են նոր զիջումներ պարտադրել հայ ժողովրդին։ Եթե Փաշինյանը կատարի դրանք և «իրական Հայաստանն» ավելի տարբերվի ոսկեգույն մակետում գծվածից, ապա ՔՊ-ն գուցե որոշ ժամանակով մոռանա լարվածությունն ու պատերազմը, մինչև կսպառվեն զիջելու բոլոր ռեսուրսները։ Այս պարագայում էլ համաձայնեցված համաձայնագիրը խայծ կհանդիսանա, որի ստորագրման ձգտումով էլ կփորձեն արդարացնել զիջումները, ինչպես փորձել են մինչ օրս։

Կարճ ասած՝ ողջամտորեն հնարավոր չէ բացառել սահմանային էսկալացիայի ու պատերազմի հնարավորությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սակայն կան դրանց հավանականությունը նվազեցնելու գործոներ, որոնցից առաջինն ու ամենակարևորը ՀՀ անկախությունն է։ Այսինքն՝ Հայաստանի անկախության ամրացմանն ուղղված քայլերը կարող են էապես նվազեցնել լարվածության և պատերազմի ռիսկերը։ ՔՊ-ական իշխանություններն այս ուղղությամբ տեսանելի քայլեր չեն անում, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը որակում են այլընտրանք, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին չեն էլ մտածում։ Հետևաբար կարելի է վստահաբար ասել, որ քանի դեռ ՀՀ իշխանությունները անկախության ամրացմանն ուղված տեսանելի քայլեր չեն անում, լարվածության և պատերազմի սպառնալիքը կախված է մնալու օդում, իսկ համաձայագրի համաձայնեցված տեքստը խաղաղության երաշխիք չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ