Այս հրապարակումը պատերազմի առանձին՝ հաճախ զավեշտական դրվագների մասին է, ընդամենը․ ու եթե ոմանց թվա, թե ես մի տարածաշրջանի մարդկանց գովաբանում եմ, մյուսներին՝ հակառակը, կասեմ, որ իմ նպատակը ցույց տալն է, թե ինչ դաժան է պատերազմն ու ի՜նչ կամք ու նյարդերի լարում էր պահանջում։
Արցախյան առաջին պատերազմի ամենադաժան մարտերից մեկը Կիչան-Սրխավենդն էր՝ 1992-ի մարտին։ Հիշում եմ՝ երբ մի քանի ամիս հետո անցել եմ այդ կողմերով, ապշել էի՝ անտառի ծառերի մի ութսուն տոկոսը՝ ոնց որ լուցկու կոտրված հատիկներ՝ ցցված ծիլերով․ այսինքն, հակառակորդ կողմերը՝ գլխավորապես՝ ադրբեջանական, իրար վրա կրակում էին խոշոր տրամաչափի բոլոր զենքերից՝ տանկեր, 152 մմ թնդանոթներ, «Գրադ» կայանք, որոնց արկերն էլ հենց հնձել էին անտառը։ Մի քանի օր։
Ընկերս՝ Արթուր Թևանյանը, 3-րդ գումարտակի 8-րդ վաշտի հրամանատարն էր։ Իսկ գումարտակի հրամանատարն էլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Հարությունյանն էր՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ եղբայրը, ով զոհվեց 1992-ին՝ իր հրամանատարական УАЗ-ով հակատանկային ականի վրա պայթելով (զոհվեցին նաև Ալիկն ու Արոն, ովքեր նրանից հետո գումարտակի հրամանատարը եղան, ու գումարտակն արդեն ЦОР-ի՝ կենտրոնական պաշտպանական շրջանի կազմում էր)։

Ի դեպ, ինչպես ժամանակակիցներն էին պատմում, մարդկային վսեմ արժանիքներով օժտված երիտասարդ էր Սամվելը՝ խելոք ու համեստ։ ԱրՊՀ ռեկտոր Արպատ Ավանեսյանը մի առիթով պատմել է, որ քննությունների գալիս հրամանատարական УАЗ-ը կանգնեցնում էր համալսարանի շենքից մի քանի հարյուր մետր վերև՝ «Կևորքովանց շենքի» մոտ, ինստիտուտ մտնում քաղաքացիական հագուստով։ Մինչդեռ, հիշողը կհիշի՝ երկու օր ծառայածը քննության էր գալիս այն ժամանակ դեռևս հազվագյուտ՝ «կամուֆլյաժ»-ով ու պարտուպեով։
Եվ ահա՝ դաժան մարտից մի երկու օր առաջ Արթուրին զեկուցում են, որ Երևանից մի տղա է եկել և ուզում է հանդիպել իրեն։ Երիտասարդն ասում է, որ լսել է Արթուր Թևանյանի վաշտի մասին և ուզում է ծառայել նրա կազմում։
-Ծառայած կա՞ս, Արմեն (անունը փոխված է),- հարցնում է Արթուրը։
-Я служил в десантных войсках СССР, владею приемами рукопашного боя, а так же оружиями СВД и АКМ,-կարծես մի տեսակ նեղացած ու դժգոհ, ռուսերեն ասում է Արմենը։ Ինքը շքեղ հագուկապով էր՝ «նատովկա» էինք ասում․ մի տեսակ կարծես ղժժալիս լիներ մեզ հետ մարտերին մասնակցող ստեփանակերտցի Քրիստինեի վրա, թե բա․ «Ազիզ, դու էլ ե՞ս կռվում»։
Մի երկու օր անց «Ճիլոտ» կոչվող տարածքում ենք՝ Առաջաձորի մոտ։ Գալիս է «Գրադի Ժորան» (գեներալ-մայոր Ժորա Գասպարյան) և ասում, որ պետք է գրավել մերձակա բարձունքը, որտեղով անցնում էր գազի խողովակաշարը, որպեսզի հետո շարունակենք առաջանալ Կճողոտի և Դրմբոնի ուղղությամբ։ Մեր հետախուզությունը, որի պետն Արայիկ Հարությունյանն էր՝ հետագայում՝ Արցախի նախագահ, պարզում է, որ այնտեղ առնվազն երկու դասակ ադրբեջանցի կա՝ մի քառասուն մարդ։
Գիշերվա ժամը 11-ին յուրաքանչյուրին տալիս եմ իր առաջադրանքը, որպեսզի առավոտյան ժամը 4-ին դիրքավորվենք ու փակենք հակառակորդի նահանջի ճանապարհը։ Արմենին էլ ասում եմ․
-Տես, Alinko ռացիան միացնում եմ ակումուլյատորին, որը պիտի բերես ետևիցս, որպեսզի միշտ իմ կողքին լինես, որովհետև սա քո առաջին ռազմագործողությունն է։
Նոր էինք քիչ առաջացել ու հանկարծ նկատում եմ ականապատման լարերը։
-Տղե՛րք, կանգնե՛ք,- ասում եմ ու ցույց տալիս լարերը։
Զգուշորեն անցնում են երկու հոգի, երրորդը՝ հադրութեցի Մեխակը, ով ընդամենը երկու օր առաջ էր ամուսնացել, անցնելուց վայր է գցում գլխարկը։ Շուռ է գալիս, վերցնում գլխարկը ու ․․․ ոտքով տրորում լարը և պայթում ականի վրա։ Հենց միանգամից ծառերի ետևից դուրս եկած ադրբեջանցին ավտոմատից կրակահերթ է արձակում Մեխակի, մենք էլ՝ իր ուղղությամբ։ Եվ այստեղ Արմենը սկսում է հետ տալ՝ փսխել․․․ ու մի տեսակ վատանում է, Քրիստինեն էլ, ով РПК գնդացիրն ուսին գալիս էր մեր ետևից, սկսում է ձեռքի ափով շփել նրա մեջքը։
Ավդուռում էինք՝ նույն 92-ին էր։ Երևանից մի հաճելի տղա եկավ իմ վաշտը՝ Սամվել անունով (անունը փոխված է)՝ գոտկատեղին մի խաղալիք-ատրճանակ։
-Դա ի՞նչ է,- հարցնում եմ քիչ զարմացած ու կատակով։
-Խաղալիք է՝ ԳՈՒՄ-ի շուկայից եմ գնել,- պատասխանում է։
-Բա ինչու՞ ես հետդ վերցրել։
-Միշտ երազել եմ այսպիսի մի ատրճանակ ունենալ,- պատասխանում է։
-Քիչ անց Ավդալ-Գյուլափլուի մարտն է լինում, որտեղ ամենաշատ զոհը տվեց մեր վաշտը,- պատմում է Արթուրը։- Թուրքերը ծուղակ սարքեցին՝ ճանապարհ տվին, մտանք, փակեցին՝ թողնելով շրջապատման մեջ։ Սերգեյ Թովմասյանին, ով մեր ամենահեղինակավոր մարտիկն էր, ասում եմ՝ ի՞նչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք՝ պիտի ձգտենք դուրս պրծնել, ասում է։ Մարտը դաժան է լինում, բայց հաղթում ենք․ Սամվելը մեր տղաներից մեկի հետ մտնում է ադրբեջանցիների շտաբը, որտեղից վերցնում է երկու ատրճանակ։ Հաջորդ օրը զոհվում է։
Օրերից մի օր գալիս եմ ու տեսնում, որ քաղաքացիական հագուստով մեկն ավտոմատը պահել է մեր վաշտի տղաներից մեկի՝ կապանցի Կարենի (անունը փոխված է) փորին և հայհոյախառն ինչ-որ բան է ասում։ Ավտոմատը վերցնում եմ ձեռքից ու հանգիստ ասում՝ ի՞նչ է եղել, այ ախպեր։ Սա թե՝ ինքն է սպանել Սամվելին՝ այն ատրճանակների պատճառով․․․
Կոնֆլիկտը հարթում ենք, բայց հետո Կարենը զոհվում է «Ճիլոտ»-ում․․․ Պատերազմ էր, հնարավոր չէր մարմինը Կապան տեղափոխել և հուղարկավորում ենք Ստեփանակերտին մերձակա գյուղերից մեկում, որտեղ իր հարազատներն էին ապրում։ Իսկ Կապան էլ տեղափոխվել էր Սումգայիթից։
-Ուրիշ ի՞նչ զավեշտական բան կհիշես քո տղաներից,- հարցնում եմ Արթուրին։
-Երկու պատանի ծառայող ունեինք, սրանցից մեկը «գողանում» է պապիկի УАЗ-ը, երկուսով սլանում են մի գյուղի ուղղությամբ ու խփում ծառին։ Ինչ անեն, ինչ չանեն (դեդոն սպըննան ա, վեր գյիդա)։ Սրանք գնում ու փախցնում են հենց նախագահականի դիմաց կանգնած՝ Ռոբերտ Քոչարյանի ծառայողական УАЗ-ը, որ նույն գույնի էր, տանում Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերից մեկը, հանում կապոտը, դնում իրենց մեքենայի վրա, որը և բերում են պապի բակը,- պատմում է Արթուրը՝ ծիծաղելով։- Վերջը, տղաներին բռնում են, բայց և պատերազմ էր, գործը լուրջ հետևանքներ չի ունենում։
Չլդրանում ենք, գումարտակի հրամանատար Սամվել Հարությունյանն ասում է, որ պետք է անտառում հակատանկային ական դնենք։ Ասում եմ՝ Սամվել, ականն անտառում դնենք, որ ի՞նչ՝ ճանապարհը թողած։ Ասում է՝ թուրքը հենց ճանապարհն է շրջանցելու ու անտառով անցնի։
Ու մեր հրամանատարը ճիշտ դուրս եկավ․ մյուս օրն այդտեղով անցնում են երկու տանկ ու մի զենիթահրետանային «Шилка» ինքնագնաց կոմպլեքս։ Առաջին տանկը պայթում է՝ թրթուրն է կտրվում, և անձնակազմերը թողնում ու փախչում են՝ տեխնիկան թողնելով մեզ։
Դրանից առաջ այդ ճանապահի վրա պայթել էր մեր ավտոկռունկը, որում, վարորդից բացի, նաև մի ուսանող աղջիկ կար։ Դե, այն ժամանակ տրանսպորտի հարցը լուրջ էր, և ցանկացած տրանսպորտային միջոց կանգնում էր յուրաքանչյուր ուղևորի համար։ Քիչ անց էլ մեր ականանետորդներից Վաչիկն է այդտեղ վիրավորվում․ բեռնատարից վայր նետված արկղն ընկնում է ուղիղ ականի վրա․․․
(լուսանկարում՝ ձախից աջ՝ Բորիկ Աղաջանյան, Սամվել Հարությունյան, Արթուր Թևանյան, ներքևում՝ Արսենը, ով զոհվեց տասնվեց տարեկանում) Գալիս ենք Չլդրան, մտնում այդտեղ տեղակայված ֆիննական տնակ, որտեղ Երևանից ժամանած գեներալներից մեկն էր մնում։ Սա միանգամից ատրճանակը պահում է ինձ վրա, ընկերներիցս Սլավիկն էլ իր բուլղարական արտադրության АКМ-ն է ուղղում գեներալի վրա։ Ու հենց այդ պահին տնակի առջև կանգ է առնում սև «Волга Газ-24»-ը, որի միջից դուրս է գալիս ընդհանուր հրամանատար Սամվել Բաբայանը, ով հարցնում է՝ ի՞նչ է եղել։ Գեներալը պատասխանում է, թե զինապահեստը թալանել է։ Բաբայանն էլ թե՝ ի՞նչ ես գողացել։
Պատասխանում եմ՝ ոչ մի բան էլ չեմ գողացել, մի շաբաթ է՝ զինամթերք ենք խնդրում՝ չեն տալիս։ Տանկի վեց արկ են ուղարկել, որոնց պայթուցիչները չկան, ես էլ եկել եմ պահեստից «Муха» նռնականետ, նռնակներ ու փամփուշտներ վերցրել։ Բա ու՞ր ես տարել, հարցնում է Սամվել Բաբայանը։ Տարել եմ Հարությունագոմեր, խիստ անհրաժեշտ էին, պատասխանում եմ։
Բաբայանը դիմում է գեներալին՝ բա դու ինձ ասում էիր՝ Հարությունագոմերը հանձնված է. ու դիմում է ինձ՝ հիմա քո վաշտը որտե՞ղ է։ Պատասխանում եմ, որ վաշտի հրամանատարը ես չեմ՝ այսինչն է։ Պատասխանում է՝ այսօրվանից դու ես, բայց վաշտը որտե՞ղ է տեղակայված։ Պատասխանում եմ՝ Հարությունագոմերում, բայց և կասկածը սկսում է ուտել ներսից՝ միգուցե գեներալը ճի՞շտ է, միգուցե թուրքերն արդեն գրավե՞լ են գյուղը։
Սամվել Բաբայանին ասում եմ՝ կարելի՞ է ռացիայով կապվել հրամանատարի հետ։ Ու հարցնում եմ Սամվել Հարությունյանին՝ որտե՞ղ եք։ Հարությունագոմերում, որտե՞ղ պիտի լինենք, պատասխանում է։ Հա, կոնկրետ որտե՞ղ, հարցնում եմ։ Բաբայանն ու գեներալը լարված ինձ են նայում։
-Գյուղում ենք, Ռազմիկի տան մոտ, АГС-ի (նռնականետի) դիմաց նստած՝ ես ու Ինարիկը (ազգությամբ թաթար է-Կ․Մ․)։ Ի դեպ, ասեմ, որ հենց այստեղ էր, որ Արայիկ Հարությունյանի՝ АГС-ից արձակված նռնակը մտել է հակառակորդի զրահամեքենայի (БМП) լյուկից ներս։
Բաբայանին ասում եմ՝ մերոնք հաստատ գյուղում են։ Նա մեզ հրամայում է դուրս գալ, իսկ գեներալն էլ երկու ապտակ է ստանում։
Լաչինի ճանապարհի բացումից հետո նորից եմ առնչվում այդ գեներալի հետ։ Լաչինի հրշեջ մասի մոտ ենք։ Սերգեյ Թովմասյանը գալիս է ու իրազեկում, թե գեներալն ասել է, որ Կուբաթլուի ուղղությամբ տասը տանկ է գալիս մեր ուղղությամբ, և պիտի տասը հոգով շարժվենք այդ ուղղությամբ։ Գեներալին ասում եմ, որ տասը տանկի դիմաց տասը հոգին քիչ է, շատ հոգով պիտի գնանք։
Եկել ենք Գորիս՝ գարեջուր խմելու Ամեն ինչ հաջող ավարտելուց հետո Սերգեյին ասում եմ՝ մենք գնում ենք Գորիս՝ գարեջուր խմելու։ Արդեն հիշատակածս գեներալից բացի, նաև գեներալներ Գուրգեն Դալիբալթայանն ու Միքայել Հարությունյանն էլ էին։ Հենց Լաչինի ներքևում՝ դեպի Գորիսի տանող կամրջի մոտ, տեսնում ենք մի բեռնատար՝ թափքում լիքը ադրբեջանցիներ՝ քաղաքացիական անձինք, ովքեր շարժվելիս են եղել Կուբաթլուի ուղղությամբ, բայց մերոնք, անվադողերին կրակելով, կանգնեցրել էին։ Մի կին կար՝ ոտքից վիրավոր՝ նստած ցանկապատի տակ։ Նրան տեսնելով՝ Գուրգեն Դալիբալթայանը կանչում է մեր բուժքույրին․
-Աղավնի՛, Աղավնի՛, այստեղ արի, վիրավոր կա։
Աղավնին գալիս է ու տեսնում, որ խոսքն ադրբեջանուհու մասին է, ու հրաժարվում է վիրակապել։ Գեներալը նախատում է՝ դու հավատարիմ չե՞ս Հիպոկրատի երդմանը։ Աղավնին սուսուփուս մոտենում է և գործի անցնում։
-Վերջը, գարեջուրը խմեցի՞ք,- հարցնում եմ Արթուր Թևանյանին։
-Իհարկե, գորիսեցիք շատ ջերմ ընդունեցին՝ ջերմորեն ողջագուրվելով յուրաքանչյուրիս հետ (տասնմեկ հոգով էինք)։ Հենց մեքենաների կապոտների վրա առատ սեղաններ էին բացել։ Հարցրին՝ ի՞նչ անենք քեզ համար։ Պատասխանեցի՝ եկել ենք գարեջուր խմելու։
Այստեղ՝ որտեղից որտեղ, մեզ միացավ գորիսեցի մեր երջանկահիշատակ մարտընկերը՝ Գուրգեն Հակոբյանը («Գոլդում»)։ Գարեջրի գործարանի ողջ արտադրանքը մեր տրամադրության տակ էր։ Երբ արդեն դուրս էինք եկել, մեզ մոտեցավ ֆրանսիացի մի լրագրող և թարգմանչի միջոցով հարցրեց ինձ՝ ի՞նչը ստիպեց ձեզ այդքան վտանգների միջով հասնել Գորիս։
-Եկել ենք գարեջուր խմելու,- պատասխանեցի։
Ի դեպ, երբ անցնում էինք Տեղ գյուղի միջով, երկու կին էին կանգնած, մեկի գրկին՝ երեխա։ Ցնծության մեջ էինք բոլորս, իրենք էլ ձեռքներն էին թափահարում։ Գլխարկս նետեցի իրենց ուղղությամբ։ Այն ընկավ երեխան գրկին կնոջ ոտքերի մոտ, և միայն տարիներ հետո իմացա, որ Տեղի հրամանատար, հետագայում հրամանատարական մի շարք բարձր պաշտոններ վարած գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի կինն ու երեխան էին։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Հոդվածաշարի նախորդ ակնարկը՝ այստեղ: