Յուրաքանչյուր տարի, երբ գալիս էր նոյեմբերը, արդեն գյուղատնտեսական աշխատանքներից ազատված մեխանիզատորները ձեռնամուխ էին լինում իրենց ամրակցված տեխնիկայի վերանորոգմանը՝ մինչև հունվարի վերջ, և նրանք այդ երեք ամիսների համար աշխատավարձ էին ստանում (գլխավորապես կոմբայնավարներին է վերաբերվում սա): Ու ամեն տարի, առանց բացառության, աշխատանքները կազմակերպվում էին բարեհաջող: Եվ չի եղել դեպք, որ տեխնիկայի անսարքության պատճառով տուժեին գյուղատնտեսական աշխատանքները:
1950-ականների վերջին ԽՍՀՄ ղեկավար Խրուշչյովը որոշում է մեքենատրակտորային կայանները, մասնավորապես, նրանցում եղած տեխնիկան տրամադրել կոլտնտեսություններին:
Դահրավից 12 հոգի աշխատում էին մեքենատրակտորային կայանում: Նրանք իրենց տեխնիկայով եկան կոլտնտեսություն (ՄՏԿ-ն գտնվում էր Ասկերանում, որտեղ և կենտրոնացված էր շրջանում առկա գյուղատնտեսական տեխնիկան) և սկսեցին աշխատել հարազատ կոլտնտեսության համար:
Ականատեսների վկայությամբ՝ 1961-ից Դահրավում կենսակերպը նորից անկում է ապրում: Հատկապես ծանր էին 1963-64 թվականները, բայց, ամեն դեպքում, աստիճանաբար ամեն ինչ դեպի կարգավորում էր գնում կամաց-կամաց:
Օրակարգ մտցվեց կոլտնտեսականների թոշակավորման հարցը, ինչն իր լուծումը ստացավ 1964-ին (մինչ այդ կոլտնտեսականներին թոշակ չէր տրվում): Քիչ անց նրանք նաև անձնագրեր ունեցան: Իսկ մինչ այդ, եթե մարդն ուզում էր որևէ տեղ գնալ, պարտավոր էր իր հետ տեղեկանք ունենալ, որը նրան տրամադրվում էր գյուղխորհրդի կողմից՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելու համապատասխան նշանակությամբ, որպես անձը հաստատող փաստաթուղթ: Այո, այդպես էլ է եղել․․․
1962 թվականին կոլտնտեսությանն է միացվում նաև Բադարայի տնտեսությունը: Կոլտնտեսությունն արդեն չորս գյուղ էր միավորում իր մեջ, քանզի մինչ այդ նաև Խանցքն էր մտել Դահրավ-Դաշպուլաղ կոլտնտեսության մեջ: Չորս գյուղ մի ընտանիքի պես էին. Չափահաս ազգաբնակչության մեծ մասին առավոտից մեքենաները հասցնում էին դաշտ, որտեղ մինչև երեկո միասին աշխատում էին՝ նաև հաղորդակից դառնալով միմյանց հոգսերին, հույզերին, տենչերին ու նպատակներին, ինչպես նաև ուրիշների կյանքի մանրամասներին:
Բնականաբար, նաև նոր ընտանիքներ էին կազմվում՝ գյուղերը նաև խնամիական կապով էին ամրապնդում իրենց բարեկամությունը:
Այսուհետ արդեն բոլոր չորս գյուղերում բավականաչափ իրազեկված էին գյուղերից յուրաքանչյուրի անցուդարձին:
Մինչև Արցախյան շարժումը կոլտնտեսությունն արդեն բավականին տպավորիչ արդյունքներ արձանագրող ամուր տնտեսություն էր:
Արցախյան շարժման ընթացքում, ընդհուպ մինչև առաջին պատերազմի ժամանակները, կոլտնտեսությունն իր հնարավորության սահմաններում պարենամթերքով օգնեց իր արժանապատվությունը պաշտպանելու և ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ելած հայրենիքին:

Արդեն պատերազմից հետո, նոր տնտեսական իրողությունների պարագայում, առավել ևս՝ նախկին տնտեսական-քաղաքական կապերի և երաշխիքների բացակայության պայմաններում, ի թիվս այլ կոլտնտեսությունների, Դահրավի կոլտնտեսությունը ևս լուծարվում է: Դրանից առաջ էլ արդեն Արցախում իրականացվել էր հողի սեփականաշնորհում:
Բանիմաց մասնագետի և կոլտնտեսային գործի հմուտ կազմակերպիչներից նշենք Զաքար Զաքարյանին, Հմայակ Դավթյանին, Դավիթ Ղահրամանյանին, Բախշի Ղահրամանյանին, Յուրի Արամյանին, Սլավիկ Գրիգորյանին և Արմեն Ավանեսյանին, ովքեր տարբեր տարիների ղեկավարել են Դահրավի կոլտնտեսությունը:
Կոմունիստական տարիներին գյուղում առանձնակի ճոխությամբ էին նշվում մարտի 8-ը, մայիսի 1-ը, որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, մայիսի 9-ը և նոյեմբերի 7-ը, որպես Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տոն օրեր:
Առանձնակի փայլ էր տրվում ԽՍՀՄ, Ադրբեջանի Գերագույն և տեղական խորհուրդների ընտրությունների օրերին, որպես յուրօրինակ տոն օրերի: Արժանահիշատակ էին նաև մշտապես կազմակերպվող կոմունիստական շաբաթօրյակները:
ԴՊՐՈՑԸ
Նախախորհրդային շրջանում Դահրավում եղել է եկեղեցական-ծխական դպրոց, որը, սակայն, սիստեմատիկորեն չի գործել:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո գյուղում բացվեց մշտապես գործող չորսամյա դպրոց:
1934-35 ուսումնական տարում գյուղի դպրոցը դառնում է յոթնամյա: Միջնակարգն ավարտել ցանկացողներն ուսումը շարունակում էին հարևան Պատարա գյուղի միջնակարգ դպրոցում: Ամեն առավոտ ուսումնատենչ դահրավցի դպրոցականները ոտքով կտրում էին դեպի հարևան գյուղի դպրոցը տանող՝ մոտ յոթ կիլոմետրանոց ճանապարհահատվածը, իսկ կեսօրից հետո նորից ետ էին վերադառնում նույն ճանապարհով: «Երե թաղ»-ում ապրող երեխաներն այդ ճանապարհն անցնում էին լեռնային դժվարամատչելի կածաններով, «Ներքե թաղ»-ի երեխաները՝ համեմատաբար տանելի ճանապարհով: Ու այդպես՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում՝ ձյուն լիներ թե անձրև:
Քիչ անց արդեն Դահրավը ևս ունեցավ իր միջնակարգ դպրոցը, որը գործում էր 1933-ին կառուցված և մինչ օրս գյուղի ուսումնատենչ մանուկների կրթական տաճարը հանդիսացող շենքում:
Արդեն 30-ականներին դպրոցն այն աստիճանի էր կոմպլեկտավորված, որ գործում էին Ա, Բ և Գ դասարաններ: Կար ժամանակ, երբ ավելի քան 200 աշակերտ էր այստեղ սովորում: Տարիքային առումով, հաճախ դասարանները միատարր չէին, ու երբեմն այնպես կարող էր պատահել, որ նույն դասարանում սովորեին 12 և 15 տարեկան երեխաներ:
ԽՍՀՄ-ում մտցվել էր պարտադիր ուսուցման ծրագիրը: Օրինակ, 1944-45 ուսումնական տարում վեց տարեկանների հետ դպրոց էին հաճախում 1931 և 1932 թվականներին ծնված երեխաներ, ովքեր իրենց տարիքակիցներից հետ էին մնացել այն պատճառով, որ պատերազմի տարիներին դպրոց չէին հաճախել, իրենց մայրերին օգնում էին դաշտային աշխատանքներում: Իսկ արդեն պատերազմի ավարտին նրանք պարտավոր էին պարտուսի (պարտադիր ուսումնառություն) ծրագրի համաձայն անպայման շարունակել ուսումը դպրոցում:

Այս ծանր տարիների հետ կապված մի հետաքրքիր, զավեշտական պատմություն կա:
Դահրավցի գիտնական եղբայրներ Աբել և Էդուարդ Սամվելյանների հայրը՝ Հովհաննես Սամվելյանը, գյուղի դպրոցի տնօրենն էր, երբ դպրոցական կյանքն ու ուսումնատենչությունը եռում էին գյուղում: Ինչպես հին սերնդի դահրավցիներն են պատմում, անփոխարինելի մարդ էր... Օրերից մի օր նրա մոտիկ ազգականուհիներից մեկը գալիս է դպրոց և խնդրում տնօրենին՝ գերազանցիկ սովորող երրորդ դասարանցի որդուն չփոխադրել հաջորդ դասարան՝ թողնել նույն դասարանում: Բանը նրանումն էր, որ պատերազմի տարիներին մինչև երրորդ դասարանի աշակերտներին… նպաստ էր տրվում:
Պատերազմի ժամանակ Դահրավի դպրոցականներին ուսումնական պրոցեսի ընթացքում կերակրում էին, որ հազվադեպ երևույթ էր այն ժամանակների համար: Դպրոցն օժանդակ տնտեսություն ուներ, որտեղ և աճեցվում էր աշակերտների սննդի համար անհրաժեշտ բանջարեղենը: Չորս հեկտար տարածություն ընդգրկող օժանդակ տնտեսության հողատարածքից ստանում էին կարտոֆիլ, լոբի, կաղամբ և այլ կուլտուրաներ: Ու նաև ձրի սննդի պատճառով էր, որ որոշ՝ ծայր աստիճան կարիքավոր ընտանիքների երեխաները ստիպված հաճախում էին դպրոց:
Պատերազմից հետո գյուղում կրթական գործը որակական նոր բարձրության վրա դրվեց:
Ընդհանրապես, դահրավցիներն ուսումնատենչ ժողովուրդ են. յուրաքանչյուր տարի 10-12 հոգի ընդունվում էին տարբեր ԲՈՒՀեր, այն դեպքում, երբ շրջակայքի՝ Դահրավից ավելի մեծ մի քանի գյուղեր միասին վերցրած 3-4 ուսանող էին ունենում: Զավեշտական է, բայց հենց ուսումնատենչությունը եղավ այն հիմնական պատճառը, որով բացատրվում է գյուղի աճի կասեցումը:
Գյուղի դպրոցը ղեկավարել են տնօրեններ Սերգեյ Կորգանյանը, Արամայիս Հովհաննիսյանը, Վանյա Քոչարյանը, Գուգեն Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանը, Միշա Անդրյանը, Հրաչիկ Ղազարյանը, Միշա Պետրոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հովհաննես Սամվելյանը, Վարդան Անդրյանը, Անիկ Հախումյանը, Նինա Սարգսյանը, Սերյոժա Հախումյանը, Միքայել Գասպարյանը:
Դահրավի դպրոցի ուսուցիչներից Ժորա Աբրահամյանն ու Արմեն Ավանեսյանն արժանացել են «20-րդ դարի Արցախի լավագույն մանակավարժ» կոչմանը:
Արմեն Ավանեսյանն արժանացել է նաև «ԽՍՀՄ գերազանցիկ մանկավարժ» և «ԼՂՀ վաստակավոր մանկավարժ կոչումներին»:
Դպրոցի վերջին տնօրենն էր Եվգենյա Գրիգորյանը:
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Ակնարկի 4-րդ մասը՝ այստեղ: