Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու։
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Իմամօղլուին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կայացվել է նախօրեին կայացած փրայմերիզի արդյունքներով։
Հաղորդվում է, որ փրայմերիզին մասնակցել է շուրջ 15 մլն քաղաքացի, որը կազմում է Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե մեկ քառորդը։ Փրայմերիզին մասնակցած 15 մլն քաղաքացիներից ավելի քան 13․2 մլն-ը քվեարկել են Էքրեմ Իմամօղլուին օգտին, ով առաջադրված միակ թեկնածուն էր։
Փրայմերիզից հետո «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցակցել Իմամօղլուի դեմ։ «Ձերբակալության որոշումը խոչընդոտ չի լինի, քանի որ նա դատապարտված չէ։ Նա կարող է թեկնածու լինել այնպես, ինչպես պատգամավորության թեկնածուն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։
Հիշեցնենք՝ Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլը ղեկավարում է 2019 թվականից և այս ընթացքում նա 3 անգամ ջախջախիչ պարտության է մատնել Էրդողանի կուսակցության ներկայացուցիչներին։ Նա հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին, համարվում է Էրդողանի գլխավոր հակառակորդը, եթե իհարկե վերջինս սահմանադրական փոփոխություններ իրականացնի և չեղարկի 3-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը։ Իմամօղլուի շանսերը բարձր էին գնահատվում նաև 2023-ի նախագահական ընտրություններում, սակայն վերջինս այն ժամանակ չառաջադրեց իր թեկնածությունը։
Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին․ նա կասկածվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքաներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դիմում են բռնությունների։ Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։