Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Սվերդլովսկի Գագոն». բարի անունն ավելին է, քան ամենամեծ հարստությունը
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Սվերդլովսկի Գագոն». բարի անունն ավելին է, քան ամենամեծ հարստությունը

Ներքին 1 ամիս առաջ - 22:00 17-03-2025
Վաղուց են անցել այն ժամանակները, երբ հասարակությունը համոզված էր, թե գրավոր հիշատակության են արժանի միայն բանաստեղծը, երգահանն ու ինժեները․ այլ աշխարհ ներկայացնող անհատների մասին գրելը, կարծես, ոչ ստանդարտ և, անգամ, դատապարտելի մոտեցում էր դիտարկվում։ Դա առաջ էր։ Ժամանակը ցույց տվեց, որ մարդկանց մասին դատում են նրանց գործերից։ Ու սա հենց այդ դեպքն է։

Արցախյան սփյուռքի ամենահայտնի և ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը (մի պահ՝ ամենաազդեցիկը) Գագիկ Գալստյանն էր։ Մարդ, ով կարճ ապրեց, բայց հասցրեց շատ բան անել մարդկանց և իր հայրենիքի համար։



Արցախահայության մի ստվար մասը պատերազմից առաջ և դրանից հետո ճարահատյալ Ռուսաստան էր տեղափոխվել՝ լուծելու իր անվտանգության խնդիրն ու հոգալու ապրուստը։ Իսկ Ռուսաստանն այդ տարիներին ընկղմվել էր վայրի կապիտալիզմի ջունգլիների խորքը․ 90-ականների սկզբին միայն գանգստերական պատերազմներում այստեղ զոհվեց մի քանի հազար մարդ․ դրության տերերն էին «Տամբովյան», «Սոլնցևյան», «Օրեխովյան», «Տագանյան», «Լյուբերացկյան», «Բաումանյան», «Ուրալմաշյան», «Նովոկուզնեցկյան» և «Խադի տակտաշ» խմբավորումները, գումարած՝ փաստարկի փոխարեն ավտոմատի կրակահերթ հնչեցնելը նախընտրող չեչենները։ Ու յուրաքանչյուր օրենքով գող չէ, որ կարող էր անվտանգ ապրել սեփական քաղաքում, հարազատ թաղամասում։ Նրանցից մեկը, տարիքն առած մի մարդ, դժգոհել է․

-Пришли молодые, наглые, борзые.

Ինքը՝ Ասլան Ուսոյանը («Դեդ Խասան»), նրանց անվանում էր՝ «чесотка»՝ քոս։

Ահա այսպիսի Ռուսաստանում էր, որ Ստեփանակերտի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի նախկին հարձակվող, 1977 թվականի Ադրբեջանի չեմպիոն Գագիկ Գալստյանը դարձավ շատ ազդեցիկ ու հարգված նրա քաղաքացիներից մեկը, ով լուծում էր ամենադժվարին թվացող հարցերը։

Ծնվել է Ստեփանակերտում՝ 1956 թվականի ապրիլի 30-ին։ Հետո տեղափոխվել է ուզբեկական Սամարղանդ, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Պերմ քաղաքում, որտեղ ձեռք է բերել մեծ ազդեցություն, իսկ հետո հաստատվել է Եկատերինբուրգում (նախկին Սվերդլովսկ)։ Հենց այստեղ՝ Բերյոզովսկիի պանսիոնատում, որը Գագիկի նստավայրն էր մի տեսակ, 90-ականներին ու 2000-ականների սկզբներին կարող էիր տեսնել տասնյակ արցախցիների ու նույնքան էլ, այո՛, այո՛, օրենքով գողերի ու հեղինակությունների, որոնցից շատերը, ինչպես, օրինակ, Գագիկի ընկերներ Բոնիֆացին (ամենաէլիտար գողական սեղանների անփոխարինելի թամադան), Բոյով Սաշիկը («Յապոնչիկի» և «Խասանի» մտերիմ ընկերն էր), Ռոստովի Բենոն, Թեոդասիայի Վովան՝ «Բոչկա» մականունով, «Ալիմպիյսկի Ստյոպը» և հենց ինքը՝ Գագիկը, ազդեցությամբ չէին զիջում նույն գողերին (շատերին է հայտնի, որ Գագիկը նույնիսկ կարող էր արժանավոր տղաներին երաշխավորել, որպեսզի նրանք օրենքով գող թագադրվեն)։

Մի շատ կարևոր իրադարձություն եղավ 90-ականների սկզբին, որը շեշտակիորեն բարձրացրեց Գալստյանի հեղինակությունն ու կշիռն արդեն ողջ Ռուսաստանում․ ամբողջ մեկ միլիոն դոլար էր իրենով արել Ուրալմաշյան խմբավորումը, որ պետք է տրամադրվեր բանտերի կարիքներին։ Անգամ գողական աշխարհի պատրիարքների միջամտությունը ոչինչ չտվեց։ Ու Գագիկի միջամտությունից հետո նոր միայն ուրալմաշականները փողը վերադարձնում են։

Գագիկի սեղանից անպակաս էին ժամանակի ամենահայտնի օրենքով գողերից շատերը՝ «Թիմուր սվերդլովսկին» (Թեմուրի Միրզոև), «Լազր կիրովաբադսկին» (Լազր Բաղիրյան), «Սեվերյոնոկը» (Վլադիմիր Կոլուպայլո), «Տրոֆան» (Անդրեյ Տրոֆիմով), «Արամ պյատիգորսկին» (Արամ Յուզբաշև), «Զաուրը» (Նովրուզ Աբասով) և, իհարկե, գողերի մեջ ամենաազդեցիկներից մեկը՝ «Դաթո տաշկենտսկին» (Դաթիկո Ցիխելաշվիլի, լուսանկարում՝ Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» հետ), ով համարվում էր գողական աշխարհի դատավորը, ում լսում էին, անգամ, Յապոնչիկն ու Խասանը։ Ու սեղանի կենտրոնում միշտ Գագիկի տեղն էր։ Այդպիսի սեղաններին բազմիցս ներկա եղած ընկերս պատմում է, որ մի անգամ Գագիկի կողքին նստած Դաթոն, գլխով ցույց տալով «Զաուրին», ասել է․

-Էս բազարկոմին ինչու՞ ես բերել (նկատի ուներ, որ ադրբեջանցի գողը, ինչպես շատերն իրենցից, վերահսկում էր կանաչեղենի շուկան)։



Ի դեպ, 90-ականների կեսերին «Դաթոն» Գագիկի և ժամանակին ամենաազդեցիկ հայ օրենքով գողերից մեկի՝ Հարություն Ռոստոմյանի («Էջմիածնեցի Հարութիկ») ընկերակցությամբ այցելել է Արցախ (սովորաբար, Գագիկը հյուրընկալվում էր իր վաղեմի ու անդավաճան ընկերոջը՝ Սլավա Սարգսյանին՝ հանրահայտ «Շալյավին»), կնքվել Գանձասարի վանքում։

Մոսկվա գալուց, Գագիկը կանգ էր առնում «Օռլյոնոկ» հյուրանոցում, որտեղ հաճախ հավաքվում էր գողական աշխարհի էլիտան (որտեղ Գագիկին թևանցուկ կարող էիր տեսնել «Սաշա սևերին») և որտեղ լուծվում էին կարևորագույն, երբեմն էլ՝ ճակատագրական հարցեր (այդպիսի հավաքներից մեկի ժամանակ Գագիկը կփոխի մի հայի վերաբերյալ հայտնի օրենքով գողերից մեկի բախտորոշ, ճակատագրական որոշումը)։

Իր ավելի քան հագեցած առօրյայի մի զգալի մասը Գագիկը նվիրել էր հայերի ու հայության հետ կապված՝ հաճախ անլուծելի թվացող հարցերի լուծմանը։ Մեկին պետք է ազատել բանտից (ինչպես եղավ 15 տարվա ազատազրկման դատապարտված ստեփանակերտցի Հրայրի դեպքում), մյուսին պետք էր օգնել խուսափելու դատապարտվելուց, երրորդին պետք էր սատարել, որ ձեռքից չխլեն բիզնեսը, պետք էր վճարել չորրորդի վիրահատության համար։ Թվարկված դեպքերը տասյակներով էին։ Պատմում են, որ նաև այնպես էր պատահում, որ նրա օգնությանը դիմելու համար եկած հայազգի գործարարները հնամաշ շորերով էին գալիս։ Գիտեին՝ Գագիկը ճոխություն չէր սիրում։ (Մի զվարճալի, զավեշտալի դեպք եղավ մի անգամ․ հերթական կնճռոտ հարցի լուծումից հետո ռեստորանում էին․ Գագիկի կողքին մի ռուս մեծահարուստ էր, ով իրեն ճիշտ չէր դրսևորել․ Գագիկի ձեռքերը յուղոտվել էին, ու նա անձեռոցիկի փոխարեն, էս գործարարի կոստյումն է օգտագործում․ ու որպեսզի Գագիկին ավելի հարմար լինի, գործարարը շուռ է գալիս, մեջքը պահում նրան)։ Նա նաև բարձրակարգ զինվորական մասնագետներ է ուղարկել Արցախ՝ շփման գծում մեր դիմակայունությունը բարձրացնելու համար։

90-ականներին Եկատերինբուրգ տեղափոխված և աշխատանք գտած, իրենց բիզնեսը դրած արցախցիներին կարելի է տասնյակներով հաշվել։ Բերյոզովսկիի պանսիոնատը դարձել էր տարածաշրջանում Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցչությունը։ Բազմաթիվ մարդկանց նմանատիպ հարցերը լուծվել են ուրիշ այլ քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Պերմում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում ու Խաբարովսկում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում Մոլդովայում և այլուր։ Գագիկի ձեռքերը երկար էին։ Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում ապրող շահումյանցի Վոլոդյայի գործերը վատ էին, շատ վատ։ Անլուծելի խնդրի առջև էր կանգնել, սպասվում էր վատթարագույնը։ Նա շտապ զանգահարում է Գագիկին՝ փրկիր, ճար չկա։

Երկու օրից պիտի հանդիպում՝ стрелка լիներ։ Գագիկը հասնում է ժամանակին․ մի ողջ գիշատիչ ոհմակ է դիմավորում նրանց՝ հարյուրից ավելի մարդ։ Գագիկն ընդամենն ասում է․

-Ребята, кто ваш папа? Позовите вашу папу!

Կոնֆլիկտը միանգամից լուծվում է։

Արցախ գալուց էլ ուշադրությունից դուրս չէր թողնում բազմաթիվ մտերիմներին, ծանոթներին, նախկին խաղընկերներին և, պարզապես, անծանոթ մարդկանց, որոնցից մեկին փող էր անհրաժեշտ պրոթեզավորման, մյուսին՝ վիրահատման համար։ Շուշվա գնդին էլ շտապ օգնության մեքենա էր նվիրել, միջոցներ տրամադրել վիրավորների ապաքինման համար։

-90-ականների սկզբներին պարբերաբար փող էր ուղարկում Սամվել Աղայանին,-պատմում է մարտական փառավոր ուղի անցած Վազգեն Հայրումյանը (Ալբերտ Հայրապետյանի հետ միասին նա երկար տարիներ եղել է Գագիկի կողքին՝ Եկատերինբուրգում), ով մտերիմ էր և՛ Գագիկ Գալստյանի, և՛ Սամվել Աղայանի հետ։



-Իսկ Աղայանն Աղայան չէր լինի, որ ուղարկվածը չտնօրիներ ամենաարդարացի ձևով․ հավաքում էր տղաներին և ասում․

-Գագոն փող է ուղարկել․ այսպես ենք անում․ այսքան՝ այսինչին, այսքան՝ այնինչի կարիքավոր ընտանիքին, այսքան՝ այսինչ զոհվածի, այնքան՝ մյուսի ընտանիքին։ Այսքանն էլ՝ քեզ, դու ամենակարիքավորն ես․․․

Հետո վրա հասավ հիվանդությունը՝ անակնկալ և ուխտադրուժ։

2008 թվականի նոյեմբերի 6-ին Գագիկ Գալստյանը կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը հողին հանձնվեց հայրենի Ստեփանակերտում։ Հուղարկավորությանը մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից։

Գագիկն այրվեց մարդկային օվկիանոսում՝ մարդկանց մշտապես ձեռք մեկնելու ամենօրյա թոհուբոհում։ Նրա գերեզմանաքարին գրված է․ «Բարի անունն ավելին է, քան ամենամեծ հարստությունը»։

Կարեն Միրզոյան

Շարունակելի...

Նախորդ ակնարկը՝ այստեղ:



Ամենից շատ դիտված