Վերջին շրջանում աշխարհում հազվագյուտ մետաղների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է։ Ավելին՝ այն դարձել է աշխարհաքաղաքական զարգացումները պայմանավորող առանցքային գործոններից մեկը․ Վաշինգոտնն ու Կիևը մտադիր են հազվագյուտ մետաղների և այլ կարևոր օգտակար հանածոների շահագործման շուրջ համաձայնագիր կնքել, Մոսկվան էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը ևս նման մետաղների պաշարներ ունի և պատրաստ է այս հարցում ամերիկյան կողմի հետ համագործակցել։
Կարծիքներ կան, որ Հայաստանում ևս առկա են հազվագյուտ մետաղների պաշարներ։ Այս կապակցությամբ դեռևս 2023 թվականին որոշում էր կայացվել հազվագյուտ մետաղների պաշարների համակարգային գնահատում իրականացնել՝ առկա պաշարների իրական պատկերը հասկանալու համար։
Oragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Սուրեն Ներսեսյանը հաստատեց՝ Հայաստանում ևս առկա են հազվագյուտ մետաղների պաշարներ․ «Հողատարրեր են կոչվում դրանք, այդպիսի օգտակար հանածոներ Հայաստանում կան։ Ցավոք սրտի, դրանք որպես առաձին հանքավայր չեն դիտարկվում, բայց եթե լինեին լավ տեխնոլոգիաներ, իհարկե՛ կարելի էր կորզել»։
/Սուրեն Ներսեսյան, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ/Ներսեսյանը նշում է՝ այլումինի հանքավայրերում կա մի տարր՝ սկանդիում, որը ռուսները ամբողջությամբ թափում են, քանի որ չեն կարողանում կորզել։ Ըստ նրա՝ ամերիկյան տեխնոլոգիաներ տեղադրելու պարագայում նրանք կարող են հեշտությամբ սկանդիումը կորզել։
«Հայաստանում սկանդիում չունենք, բայց այլ հազվագյուտ տարրեր շատ կան։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Սոթքի հանքավայրում, կան տելուր և սելեն հազվագյուտ տարրերը, որոնք չեն կորզվում և թափվում են։ Կամ օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում մոլիբդենիտի հետ կա նաև ռենիում տարրը, որը կարծեմ էլի չի կորզվում։ Ամեն դեպքում մեր մոտ չի կորզվում»,- ասաց նա՝ նշելով՝ բավարար տեխնոլոգիաների առկայության պայմաններում դրանք ևս հնարավոր է կորզել ու եկամուտներ ստանալ։
Մասնագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայստանում առհասարակ մետաղներ չեն կորզվում, միայն խտանյութեր կորզվում․ «Մենք խտանյութը վաճառում ենք։ Դա պետք է կորզեն նրանք, ովքեր գնում են․ օրինակ՝ Չինաստանը, Նիդեռլանդները, Հունգարիան և այլն։ Նրանք, ովքեր գնում են, հավանաբար կորզում են, միանշանակ չեմ կարող ասել։ Այսօր Չինաստանը հանդիսանում է աշխարհում հազվագյուտ տարրերի վաճաքով զբաղվող առաջատար երկիրը։ Հազվագյուտ մետաղների արդյունահանումից Հայաստանը կարող է խոշոր գումարներ վաստակել։ Այսօր այս հարցը համաշխարհային նշանակություն է ստացել, Թրամփի ամենօրյա խոսակցությունն է՝ հազվագյուտ տարրեր, ազնիվ հողեր և այլն։ Չինաստանն առաջատարն է․ նա վաճառում է անգամ այդ սկանդիումը, որի ահռելի պաշարներ ունի Ռուսաստանը։ ՌԴ-ի սկանդիումն է վաճառում Չինաստանը»։
Oragir.News-ի հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է սեփական ուժերով արդյունահանել իր հազվագյուտ մետաղները, թե՞ պետք է խոշոր խաղացողների հետ համագործակցի այս հարցում՝ Սուրեն Ներսեսյանը պատասխանեց, որ ՀՀ-ն մետաղներ չի ստանում, ստանում է միայն խտանյութեր և համաձուլվածքներ, ուստի չի կարող հազվագյուտ մետաղներն ինքնուրույն առանձնացնել։ Նրա խոսքով՝ Հայաստանը չի հասել արդյունաբերական այն վերջնական ցիկլին, որ կարողանա այդ տարրերից հազվագյուտ մետաղներն առանձնացնել։
«Մենք կիսաֆաբրիկատ ենք վաճառում, բայց տեխնոլոգիաների կիրառման պարագայում հնարավոր է անել։ Դրա համար անհրաժեշտ են նոր ներդրումներ ներգրավել, երկիրն իր առաջ համապատասխան ռազմավարություն դնի, որպեսզի կարողանա այդ տարրերը կորզի։ Ամեն դեպքում չօգտագործված պոտենցիալ ունի Հայաստանը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան