Ուղիղ եթեր
ԵՊՀ-ում միլիոնների դրամաշնորհները շռայլվում են, բայց չեն վերահսկվում․ ի՞նչ է բարելավել Աշոտ Ալեքսանյանը
copy image url

ԵՊՀ-ում միլիոնների դրամաշնորհները շռայլվում են, բայց չեն վերահսկվում․ ի՞նչ է բարելավել Աշոտ Ալեքսանյանը

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 15:00 19-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը ամիսներ առաջ պարզել էր, որ Երևանի պետական համալսարանի ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով հաճախ է դժգոհում, որ ուսանողների վճարած վարձավճարները չեն բավականացնում բուհի կարիքները հոգալուն և այս պատրվակով բարձրացնում է վարձավճարները, նույն վարձավճարների հաշվին շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում։ Հայտնել էինք նաև, որ դրամաշնորհները տատանվում են 9-29 մլն դրամի սահմաններում՝ լավատեսորեն ակնկալելով, որ այս միջոցները չեն վատնվի, իսկ ուսանողներն էլ կիրազեկվեն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել։

ԵՊՀ-ում ներքին գիտակրթական դրամաշնորհային ծրագիր է ղեկավարել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանը՝ «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում» և «Հետազոտական մեթոդները մասնագիտական ոլորտում» դասընթացների բարելավման նախագիծ թեմայով։ Այս դրամաշնորհը երկամյա էր՝ 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը, իսկ արժեքը 10 մլն 50 հազար դրամ։

Փաստացի Աշոտ Ալեքսանյանի ղեկավարած թիմն ավելի քան 10 մլն դրամ դրամաշնորհ է ստացել՝ երկու դասընթաց բարելավելու համար, սակայն հայտնի չէ, թե բարելավումն ինչ սկզբունքներով է իրականացվել, կոնկրետ որ գործողությունն է համարվում բարելավում և այլն․ համենայնդեպս ԵՊՀ պաշտոնական կայքում մեզ չհաջողվեց այս մասին որևէ տեղակատվություն գտնել։ Oragir.News-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ ԵՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանից, ով մեզ հորդորեց հարցն ուղղել Միջազգային համագործակցության վարչությանը, վերջինիս պետ Ալեքսանդր Մարգարովն էլ՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանին։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց՝ դրամաշնորհի մանրամասներին անձամբ չի տիրապետում։ Նրա խոսքով՝ նմանատիպ դրամաշնորհներին դիմող անձինք մանրամասն նախագիծ են ներկայացնում, որի հիման վրա էլ շահում են դրամաշնորհը։ «Դա իրենց այսպես ասած research preposition-ի մեջ է գրված, դա կապված է իրենց հեղինակային իրավունքի հետ։ Իրենք այդ գրանտը շահում եմ իրենց ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք առկա են research preposition-ում»,- ասաց Տիգրան Եփրեմյանը՝ առաջարկելով մեր հարցերն ուղղել հենց հիշյալ դրամաշնորհը ղեկավարող Աշոտ Ալեքսանյանին։

Տիգրան Եփրեմյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրականացվել դրամաշնորհի վերահսկողությունը․ «Վերահսկողությունը սովորաբար էսպես է․ ով գրանտը տալիս է այդ խմբին, վերահսկողությունն իրենք իրար մեջ են անում»։ Ճշտող հարցին՝ տվյալ պարագայում, երբ խոսքը ԵՊՀ ներքին դրամաշնորհի մասին է, այն ո՞ւմ կողմից է վերահսկվում՝ նա դժվարացավ պատասխանել՝ ասելով՝ դրամաշնորհի մանրամասներին չի տիրապետում։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը տեղյակ չէր նաև՝ Աշոտ Ալեքսանյանը դրամաշնորհի ավարտվելուց հետո հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։ «Եթե ծրագիրը վերջացել է, ասացիք՝ փետրվարի 10-ին է վերջացել, տրամաբանորեն պետք է ինչ-որ բան եղած լինի»,- ասաց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացված լինի և ինքը տեղյակ չլինի՝ Տիգրան Եփրեմյանը պատասխանեց․ «Կարող է լինել։ Գրանտ ղեկավարողը՝ իր խմբի հետ միասին, իրենք են պատասխանատու, տարբեր դասախոսներ կարող են խմբեր կազմել, տարբեր դրամաշնորհային ծրագրերի դիմել։ Իրենք իրենց ծրագրի շահում են և այլն, հոդվածներ են գրում կամ չեն գրում, դա իրենց պատասխանատվությունն է»։

Oragir.News-ն այս, ինչպես նաև դրամաշնորհային նախագծի վերաբերյալ մի քանի այլ հարցեր փորձեցինք ուղղել Աշոտ Ալեքսանյանին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Դրամաշնորհի օգտագործման հետ կապված բազմաթիվ հարցերից մեկը, որը ցանկանում էինք ուղղել պարոն Ալեքսանյանին, այն էր, թե դրամաշնորհային նախագծի շրջանակներում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեկ կիսամյակ նշված դասընթացները դասավանդած ու մշտադիտարկում իրականացրած արտասահմանցի հրավիրյալ պրոֆեսորն ո՞վ է, ո՞ր երկրից և ո՞ր համալսարանից։ Հարցն առաջացել է այն պատճառով, որ ԵՊՀ ներքին դրամաշնորհային մրցույթի պահանջներից մեկը վերաբերում է հրավիրյալ պրոֆեսորի կողմից դասավանդելուն, մշտադիտարկելուն և բարելավման առաջարկություններ ներկայացնելուն, մինչդեռ 2023թ․ փետրվարից 2025թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ պաշտոնական կայքում մեզ չհաջողվեց որևէ տեղեկություն գտնել այն մասին՝ հրավիրյալ պրոֆեսորը նշված գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

Այսպիսով՝ թեպետ Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին շռայլորեն դրամաշնորհներ են հատկացվում, այնուամենայնիվ Աշոտ Ալեքսանյանին հատկացված դրամաշնորհի օրինակով համոզվում ենք, որ դրանց իրականացման ընթացքի նկատմամբ պատճաշ վերահսկողություն չի իրականացվում։ Փաստացի բուհի ուսանողները չեն իրազեկվում, թե իրենց վարձավճարներից գոյացած միջոցներն ինչ նպատակներով են ծախսվում և ամենակարևորը՝ ինչ արդյունքներ են արձանագրվում դրանցով։

Անհասկանալի է նաև, թե ինչ է նշանակում դասընթացի բարելավում ասվածը, ԵՊՀ ներքին իրավական որ ակտում են սահմանված դասընթացի բարելավման չափանիշները, որի նպատակով ավելի քան 10 մլն դրամ դրամաշնորհ է հատկացվել։ Հարց է առաջանում նաև, թե սեփական մասնագիտության կարևորությունը, ինչպես նաև կրթության որակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը գիտակցող որ դասախոսը ժամանակ առ ժամանակ դասընթացների բարելավում չի իրականացնում և որքանով է ողջամիտ, որ որոշ դասախոսների նույն այդ նպատակով միլիոնավոր դրամների դրամաշնորհներ են հատկացվում։

Oragir.News-ը առանձնապես սպասելիքներ չունի, թե այս հարցը քննարկման առարկա կդառնա բուհի ներսում․ ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորն ու ռեկտորատն ամենայն հավանականությամբ կաշխատեն լռության ու մոռացության մատնել հարցը։ Այդուհանդերձ հետաքրքիր է նաև, թե ինչպես այս իրողությանը կարձագանքեն Մայր բուհի դասախոսները, երբ իմանան այդ մասին։ Oragir.News-ն առաջիկայում նրանցից կհետաքրքրվի՝ տեղյա՞կ են, որ բուհի որոշ դասախոսներ իրենց դասընթացները բարելավելու նպատակով ավելի քան 10 մլն դրամ անվանական արժեքով դրամաշնորհներ են ստանում, և կհրապարակի նրանց արձագանքը։

Քանի որ գործ ունենք ուսանողների գոյացած գումարները ծախսելու հետ, կարծում ենք, որ մեր հանրությանը կհետաքրքրի նաև այս հարցում ուսանողների, ուսանողական ներհամալսարանական և արտահամալսարանական խմբերի և կառույցների վերաբերմունքը, որոնք ժամանակին շատ ակտիվ հետևում էին բուհի գնումների գործընթացներին, սակայն վերջին տարիներին խորհրդավոր լռություն են պահպանում։ Հետաքրական է՝ ուսանողներն ունե՞ն մեխանիզմներ՝ քննարկելու այն հարցը, թե իրենց վարձավճարներից գոյացած գումարներն ինչպե՞ս են տնօրինվում, ինչպե՞ս են վերահսկվում իրենց շահերին անմիջապես առնչվող գործընթացները, տվյալ դեպքում դասընթացների բարելավումները, արդյոք ուսանողներին հասկանալի չպիտի՞ դառնա, թե ինչն է բարելավվել, թե ո՞վ է հրավիրյալ պրոֆեսորը, ով երկար ժամանակ պետք է նրանց հետ շփվեր, դասավանդեր, եղե՞լ է այդպիսի մարդ, թե՞ չի եղել, եթե եղել է, ապա նախատեսվա՞ծ ժամանակահատվածով է իրականացրել իր գործառույթը, թե՞ ոչ։ Ի վերջո ուսանողները, դասախոսներն ու հանրությունը ինչպե՞ս պետք է հասկանան՝ պետական բուհը հաշվետվողակա՞ն է իր գործընթացների համար, թե՞ ոչ․ չէ՞ որ Աշոտ Ալեքսանյանի ղեկավարած դրամաշնորհային ծրագիրը միակը չէ իր տեսակի մեջ։

Եթե հոդվածը հրապարակելուց հետո Աշոտ Ալեքսանյանը հարցերին պատասխանելու և պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենա, ապա Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև վերջինիս տեսակետը, որը պարզելու փորձեր կատարել էր։

Դավիթ Գույումջյան




Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն