Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:57 10-02-2025

Եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսին

2015 թ․ ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Քույր եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարների ու պատվիրակների ներկայությամբ պաշտամունք մատուցվեց Աստծուն՝ Հսկման արարողության միջոցով հիշելու և ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիներին: Նույն օրը տեղի ունեցավ Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողությունը` հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը մեր ազգային և հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար:

Մեծ Եղեռնի նահատակների սրբադասումից տասը տարի անց Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանության պատմական փաստը, պարբերաբար հրապարակայնորեն ժխտելով ցեղասպանության եղելությունը, այլև իրենց գործողություններով նպաստեցին Արցախի հայաթափմանն ու դրա արդարացմանը, մեր աչքի առաջ տեղի ունեցած նոր ողբերգությանը չտալով հստակ իրավական գնահատականներ։

Նիկոլ Փաշինյանի և իր կուսակիցների գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը և քրեորեն պատժելի են, իսկ Հայոց ցեղասպանության ժխտողական փորձերը դատապարտվել են միջազգային կազմակերպությունների կողմից։ Համակարգային կոռուպցիայի պայմաններում ՀՀ դատական իշխանությունն ու արդարադատության համակարգը, հանդիսանալով կառավարության կցորդը, անհնար են դարձնում իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելը։

Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայ առաքելական եկեղեցին ու հայ հոգևորականները գլխավորել են ազատագրական շարժումներ և խիզախության օրինակ են հանդիսացել` ըմբոստանալով կայսերական բռնապետությունների կողմից հայ ժողովրդի շահերը վտանգող գործողությունների դեմ: Վկա Խրիմյան Հայրիկի կոչն ու դրան հետևած անհնազանդության գործողությունները, որոնք ստիպեցին կայսր Նիկոլայ Երկրորդին ընկրկել ու հետ վերցնել հայ եկեղեցու գույքը բռնագրավելու տխրահռչակ հրովարտակը (1903 թ. հունիսի 12): Պատմության մեջ արձանագրված են Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի նզովքի խոսքերն ուղղված բռնապետությանը` «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:

Այժմ մեր ներսում բույն դրած գործակալ-հանցագործների մի խումբ հետևողականորեն հայաթափ է անում մեր հայրենիքի մասը. օտար տիրապետության տակ են անցել մեր բազմադարյա վանքերն ու եկեղեցիները, որոնք պղծվում ու հիմնահատակ ավերվում են: Գոյութենական լուրջ վտանգ է սպառնում նաև հայոց պետականությունը, որի գոյության իրավունքն անգամ կասկածի տակ է դրվել հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու, ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը պղծելու և անարգելու համար, կոչ ենք անում նզովքի ու բանադրանքի ենթարկել այս սրբապիղծներին: Հայ առաքելական եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու, մոլորյալ ու խաբված հազարավոր հայորդիներին ճիշտ ճանապարհ ցույց տալու համար: Ժամանակն է, որ համախմբված պատմություն կերտենք, այլ ոչ թե դառնանք պատմական զանազան փորձարկումների ենթակա մի ժողովուրդ:

Հայ առաքելական եկեղեցին պե´տք է ու պարտավո´ր է գործել հանուն Հայրենիքի փրկության ու հայ ժողովրդի արժանապատվության:

Սույն կոչը հանրային բաց հայտարարություն է, որին կարող են միանալ դրա բովանդակության ու նպատակի հետ համաձայն յուրաքանչյուր քաղաքացի:

Նախաձեռնող խումբ՝
Հայկ Դեմոյան, պատմագիտության դոկտոր
Հարություն Բաղդասարյան, փաստաբան
Վարդան Հակոբյան, խմբավար
Խնդրում ենք միանալ ու տարածել»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի