Բանակ․ անվտանգության գրավականից ապառազմականացում․ Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան
copy image url

Բանակ․ անվտանգության գրավականից ապառազմականացում․ Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան

Ներքին 3 ամիս առաջ - 14:30 28-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը։ 1992 թվականի հենց այս օրը՝ Արցախյան պատերազմի հենց այս օրը, հիմնադրվեց Հայոց բանակը, որը, չնայած բոլոր դժվարություններին իրեն պարտադրված պատերազմը հաղթական ելքով ավարտեց ու մի քանի տասնամյակ շարունակ համարվեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

Հայկական բանակի մեջքը կոտրվեց Արցախյան 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով, ինչից ավելի քան 4 տարի անց օրվա իշխանությունները դեռևս բավարար միջոցներ չեն ձեռնարկել նրա մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Մյուս կողմից՝ հստակ է այն գիտակցումը, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, և հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի փառքն ու մարտունակությունը՝ կրկին ստանձնելով խաղաղություն պարտադրողի իր առաքելությունը։

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանը դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել։ Oragir.News-ն ուսումնասիրել է Փաշինյանի նախորդ ուղերձները՝ փորձելով հասկանալ, թե 6 տարվա ընթացքում ինչպես են փոխվել կառավարության ղեկավարի ուղերձների շեշտադրումները:

Կառավարման առաջին տարում՝ 2019-ին, Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին և հանդես եկավ շնորհավորական ուղերձով։ Փաշինյանն իր այս ուղերձը սկսեց առողջության մասին հնդկական հանելուկով, ընդգծեց՝ անվտանգությունն առողջության նման մի բան է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան:

2019-ին կառավարության ղեկավարը շեշտում էր, որ Հայաստանի ունեցած անվտանգությունը ոչ թե երկնքից ընկած խնձոր է, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով. «Եվ եթե առողջությունը մեզ բնությունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում՝ արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը»:

Փաշինյանը, որն այսօր կարծում է՝ բանակը չպետք է սրբագործվի, 2019 թվականին իրավամբ ընդունում էր, որ Հայոց բանակի մարտիկները պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և թշնամուն ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: Նրա համոզմամբ՝ Հայոց բանակը հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք էր, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն:

«Մենք այսօր հավաքվել ենք՝ վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի»,- իր ուղերձն այսպես էր ավարտում Փաշինյանը՝ փառաբանելով Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև Հայոց բանակը։

2020-ին Նիկոլ Փաշինյանը այս օրը Վարդենիսում մասնակցեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, հանդես եկավ ուղերձով։ 44-օրյա պատերազմից ուղիղ 8 ամիս առաջ Փաշինյանը նշում էր, որ հունվարի 28-ը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովուրդը վաստակել է Հայոց բանակի ու ազատամարտիկի շնորհիվ։

2020 թվականին Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ հայրենիքը ոչ թե պետությունն է, այլ այն տարածքը, որը գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում, իսկ այդ հայրենիքի ամեն մի քառակուսի մետրը շաղախված է ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Նա վերահաստատում էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը. «Եվ Հայաստանի կառավարությունը, և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար»։

Կառավարության ղեկավարն ուրախությամբ ընդգծում էր, որ Հայոց բանակը ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, հայ ժողովուրդը ևս ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Նա իրավամբ նաև ընդգծում էր Հայոց բանակի նվաճած հայրենիքը սերունդներին ժառանգելու անհրաժեշտությունը։ «Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին»,- կարծում էր Նիկոլ Փաշինյանը, որն ուղերձն ավարտեց իր հեղինակած բանաստեղծությամբ ու կրկին փառաբանեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև Հայոց բանակը։

Հետպատերազմյան առաջին տարում՝ 2021-ին, Փաշինյանն այս օրը այցելեց Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպեց Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին, այնուհետև հանդես եկավ շնորհավորական ուղերձով։ Նա ընդգծում էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված դառնության միջավայրում պետք է չմոռանալ և արժանվույնս գնահատել այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում արել են զինվորները, սպաները, գեներալներն ու կամավորները: «Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե, նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ
»,- նշում էր նա։

Փաշինյանը նաև ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Նա նաև ընդունում էր Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը. «Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»:

2022-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային ներկայացուցիչները չայցելեցին Եռաբլուր, քանի որ վարակվել էին կորոնավիրուսով։ Փոխարենը Եռաբլուր այցելեցին ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, որոնցից ոմանք պանթեոնում զվարճալի պատմություններ էին հիշել և չէին կարողացել զսպել իրենց հրճվանքը։

2022-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձի շեշտադրումները շատ ավելի համեստ էին, քան նախորդ տարիներին։ Նա նշում էր, որ նախորդ 3 տասնամյակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով. «Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման»:

Փաշինյանը նաև նշում էր Զինված ուժերում համակարգային բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը, որոնք պետք է հանգեցնեն պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը. «Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է»։

Ուղերձի վերջում Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ շնորհավորում էր Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին, շնորհակալություն հայտնեց հայրենիքի բոլոր պաշտպաններին ու նրանց ընտանիքների անդամներին։ Փաշինյանի ուղերձն ավարտվում էր հետևյալ կերպ. «Աստված պահապան Հայոց բանակին»:

Արդեն 2023 թվականին Փաշինյանը նախ ոգեկոչում էր բոլոր նահատակների հիշատակը, նշում, որ հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ: Նա հիշեցնում էր, որ հազարավոր նվիրյալներ, ծառայելով հայկական բանակում, ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և պետք է ամեն ինչ անել՝ նրանց ծառայության որակը փոխելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

2023-ին Փաշինյանը նաև հայտնում էր, որ նախատեսում են առաջիկայում ներդնել կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը, խոսում եռամսյա վարժական հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու, ինչպես նաև պահեստազորի մարտունակությունը բարձրացնելու կարևորության մասին։

Նիկոլ Փաշինյանն ուշադրությունն էր հրավիրում այն բանին, որ բանակում բարեփոխումներն անցնցում չեն ընթանում, քանի որ, ըստ նրա, անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են և առաջացնում կոպիտ սխալներ: Այս համատեքստում նա ներողություն խնդրեց օրեր առաջ Ազատի զինվորական կացարանի հրդեհի պատճառով զոհված 15 զինծառայողների հարազատներից՝ նշելով, որ ողբերգական հրդեհը «խեղդում է մեզ»։ Նա նաև ներողություն խնդրեց բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

«Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները»,- 2023-ին իր ուղերձն այսպես էր ավարտում Փաշինյանը՝ փառաբանելով ազատությունը և արդեն միայն Հայաստանի Հանրապետությունը։

Արդեն նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում ներկա գտնվեց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, հանդես եկավ շնորհավորական ուղերձով։ Փաշինյանը կարծում էր, որ այս տարեդարձը ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է: «Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը»,- նշում էր նա։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է. «Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ»:

Անդրադառնալով Ադրբեջանից շարունակաբար հնչող սպառնալիքներին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում էր, որ ՀՀ-ն, իր ինքնիշխան տարածքից բացի, որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի։ Նա հիշեցնում էր, որ Հայաստանը պատրաստ է նման երաշխիքներ տրամադրել, սակայն նույնպիսի երաշխիքներ ակնկալում է նաև ուրիշներից։ «Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա՝ անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի, և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության ներքո:

Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու
»,- հայտարարում էր կառավարության ղեկավարը՝ վստահեցնելով, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:

Ուղերձն ավարտելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին փառաբանում էր միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ հայաթափված Արցախի Հանրապետության մասին որևէ հիշատակում նա այդպես էլ չարեց։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված