Արտաքին հետախուզության ծառայության նախօրեին հրապարակված
զեկույցը ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ հավելյալ փաստում է, որ ՀՀ-ն ազգային անվտանգային հայեցակարգ չունի, նույնիսկ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետ կապ չունի։ Մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ոչինչ չկա, այն դեպքում, երբ մի քանի օրից ԵՄ-ին միանալու գործընթաց է սկսվելու։ Հայ-ռուսական օրակարգը ՀՀ ներքաղաքական գլխավոր հարցերից մեկն է, սակայն զեկույցում ոչինչ չկա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, չհաշված ակնարկներով գրված մի քանի տողերը, որտեղ Ռուսաստան բառը սղված է, և հասկանալի չէ, թե խոսքն ո՞ւմ է վերաբերում։ Ինչո՞ւ է ԱՀԾ-ն այսպիսի զեկույց հրապարակում, և ի՞նչ կարող է հետևել դրան։
Հանրային լայն արձագանք է ստացել զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածը։ «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»,- նշված է զեկույցում։
Ընդդիմախոսներին և հանրության մի հատվածին վրդովվեցրել է հատկապես «լայնամասշտաբ» բառը։ Իսկ հատվածական ագրեսիայի վտանգ կա՞, հարցնում են քաղաքացիները։ Օրինակ՝ Սյունիքի հատվածում ներխուժման ռիսկը ցա՞ծր է գնահատվում։ Եթե այսպիսի գնահատման համար կան փաստեր, տեղեկություններ ու երևույթներ, ապա ծառայությունը պետք է դրանք հրապարակեր, կամ ընդհանրապես այս մասին չխոսեր, որպեսզի շահարկման տեղիք չտար։
Վերջին օրերին ռուսական որոշ լրատվամիջոցներ կանխատեսումներ են հրապարակում, որ 2025-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակվելու է ՀՀ-ի դեմ։ Որոշ քաղաքագետների կարծիքով, այս հրապարակումներով Մոսկվան ակնարկում է, որ 2025-ին դրդելու է Ալիևին հարձակվել ՀՀ-ի վրա։ Գուցե ռուսական կայքերը չգիտե՞ն, որ ԱՀԾ պետ Քրիստինե Գրիգորյանը չեզոքացրել է ՀՀ-ի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը։ Այս առումով՝ ՀՀ ԱՀԾ զեկույցը, կարծես՝ ռուս վերլուծաբանների համար լինի, որ նրանք կարդան, իմանան ու սուտ բաներ չասեն։
Զեկույցում մեծ տեղ է տրված տեղեկատվական ռիսկերին, նշելով՝ «ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել մեր քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները»։
Այնուհետև զեկույցը կազմողները հուշում են, որ «2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող և վերը նկարագրված ռիսկերը մեծ հավանականությամբ կընդարձակվեն՝ պայմանավորված 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններով»։ Այսինքն՝ ակնարկվում է, որ ՀՀ ընտրություններին արտաքին վտանգավոր միջամտության ռիսկեր կան։
Ընդարձակ անդրադարձ կա ՀՀ տնտեսական կախվածության հետ առնչվող ռիսկերին։ «Արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին ՀՀ տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ»։ Այնուհետև զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս դիվերսիֆիկացնել տնտեսությունը։
Որոշ քննադատներ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը անհետևանք դատարկաբանություն են որակում։ Եվ իրոք, զեկույցում բացակայում են փաստական տվյալները, իրավիճակի նկարագրությունները վերցված են բաց աղբյուրներից, գնահատականներն, ըստ էության՝ ընդհանրական կարծիքներ են, քանի որ անհիմն են, անհասցե, չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական որոշ պաշտոնյաների հրապարակային կարծիքներից։
Իսկ եթե ՔՊ-ական պատգամավորներն ու նախարարները լուրջ ընդունեն ռիսկերի մասին ԱՀԾ զեկույցն, ապա առաջիկայում ականատես կլինենք համարժեք նախաձեռնությունների։ Օրինակ՝ զեկույցում մատնանշված տեղեկատվական ազդեցության ռիսկերը չեզոքացնելու համար կփակվեն ռուսական որոշ հեռուսաալիքներ և լրատվական կայքեր, կիրականացվի լյուստրացիա, և իշխանության օղակներից դուրս կմղվեն ռուսական գործակալները։ Կազգայնացվեն ՀԷՑ-ն ու «Գազպրոմը»։ Տնտեսական ռիսկերը չեզոքացնելու համար հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից դուրս կբերվեն ռուսական զորքերն ու կբացվեն ճանապարհները, լուծելով լոգիստիկ բազմաթիվ հարցեր։ 2026-ի ընտրությունների վրա արտաքին ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար կձերբակավեն ռուսական լրտեսներ, ռուսական շահեր սպասարկողներ, ճակատային և հասցեական պայքար կմղվի ռուսամետ և հակահայկական քարոզչության դեմ և այլն։
Ռուսական միջնորդությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսպիսի քայլեր անելու խիզախություն կունենա՞։ Եթե ոչ, ապա ի զուր է չարչարվել ու զեկույց կազմել Քրիստինե Գրիգորյանը։
Թաթուլ Մկրտչյան