Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ ՀՀ վարչական դատարանը կայացրել է բարենպաստ որոշում: Դատարանը վճռել է, որ ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվությունները անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել:
Oragir News-ը կապ հաստատեց փաստաբան Հայկ Ալումյանի հետ, որը նշեց՝ համաձայն չեն այդ վճռի պատճառաբանությունների հետ և միանշանակ բողոքարկելու են։ Նա չցանկացավ որևէ մանրամասն հայտնել՝ ասելով, որ դրանք կներկայացնեն վերաքննիչ բողոքում։
Թեմայի առնչությամբ
Oragir․News-ը նաև զրուցեց փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանի հետ։ Նա նշեց, որ դատական գործընթացը բավականին բարդ է և անհասկանալի։ Երկու ՀԿ-ները՝ «Էկոիրավունքը» և «Էկոդարը», ինչպես նաև Գնդեվազի գյուղացիները նույն հարցով դիմել են դատարան, ՀԿ-ների մասով ի սկզբանե հայցը մերժվել է՝ պատճառաբանելով, որ ՀԿ-ները իրավունք չունեն դիմելու, այնուհետև նրանք դիմել են Վճռաբեկ դատարան, ինչից հետո ստացել են հայց ներկայացնելու իրավունք։ Բնապահպանի կարծիքով` տարօրինակ է այն, որ գործը ուղարկել են այլ դատավորի․ ի դեպ, սկզբնապես եղել է նույն հայցը նույն պահանջով։ ՀԿ-ների և քաղաքացիների պահանջը լսել են տարբեր դատավորներ, ինչից հետո ՀԿ-ների հայցը մերժվել է, իսկ քաղաքացիներինը՝ բավարարվել։
«Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրավական դաշտում չկան խոչընդոտներ, սակայն խոչընդոտները շատ են․ թե՛ դատարանը, թե՛ կառավարությունը չեն հասկանում գործի լրջությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է, որ առաջին եռամսյակում շինարարությունն ավարտելու են, իսկ չորրորդ եռամսյակում սկսելու են հանքարդյունաբերությունը, սակայն երևի դպրոց չեն գնացել և չեն հասկանում՝ առաջին եռամսյակը երբ է սկսվում և երբ ավարտվում։ Առաջին եռամսյակը սկսվում է հունվարին և վերջանում մարտին, իսկ մարտի վերջին այդտեղ դեռ հսկայական ձյուն է, ինչպե՞ս պետք է շինարարությունը կարողանան ավարտել։ Չորրորդ եռամսյակը դեկտեմբեր ամիսն է, և էլի 4 մետր ձյուն է տարածքում․ կրկին հարց է առաջանում՝ ինչպե՞ս հանքարդյունաբերություն պետք է իրականացնեն»,- ասաց նա։
Ըստ բնապահպանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ բանկերը 250 միլիոն դոլար կտրամադրեն ընկերությանը, սակայն իրեն հարգող ոչ մի բանկ այդքան գումար չի տա սնանկացող կազմակերպությանը։ Պետության երաշխավոր կանգնելու դեպքում այդ գումարը յուրաքանչյուր քաղաքացու գրպանից է դուրս գալու․ «Կառավարությունը այսօր շատ վտանգավոր քայլեր է անում, մինչև հիմա նման բան չէր եղել։ Այսքան տարի ընկերությունն անգործության է մատնված եղել, թեև շինարարություն սկսելու թույլտվություն է ունեցել, իսկ հիմա ողջ բեռը ցանկանում է գցել պետության ուսերին, թե հանուն ինչի՞ է պետությունը այդ պարտավորությունը վերցնում իր վրա, ոչ ոք չի հասկանում»։
Նա մանրամասնեց` 2009 թ․ ընկերությունը ունեցել է թույլտվություն 10 տարով, 2018 թ․ պետք է ամբողջ հանքաքարը հանեին, ռեկուլտիվացիա իրականացնեին, փակեին և հեռանային այստեղից։ Ամեն թույլտվություն ստանալու ժամանակ ընդամենը մի տարածք են ավելացրել, 2014, 2016, 2023 թթ. ընթացքում թույլտվություն են ունեցել, ինչու ոչինչ չեն ձեռնարկել. 2018 թ․ պետք է ամեն բան ավարտած լինեին։ Սակայն մենք չենք կարող ասել, թե որն է անգործության պատճառը, քանի որ մեր ամեն խոսքը զրպարտություն են որակում և դիմում դատարան, թող հենց իրենք էլ մեկնաբանեն, թե ինչու չեն կատարել, և ով է իրենց խանգարել նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունն է եղել իրենց կողմից։
«Այս առեղծվածային պատմության մեջ մեր պետությունը պետք է չմտներ, այն էլ հեղափոխությունից հետո։ Բոլորը զգուշացնում են այն բնապահպանական ռիսկերի մասին, որոնք անկառավարելի են, վառ ապացույց են անցած շաբաթ Ջերմուկում տեղի ունեցած երկու ուժեղ ցնցումները։ Այդ սեյսմիկ ռիսկերը, ճառագայթումը, սողանքը կառավարելն անհնար է, հարցը ունի թե՛ բնապահպանական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ռիսկեր։ Ամենատարօրինակը սնանկ կազմակերպությանը երաշխավորելն է, դա նույնն է, ինչ մի «բոմժ» դիմի Ձեզ, որ իրեն երաշխավորեք, միանշանակ չեք անի, քանի որ հետո այդ բեռը մնալու է Ձեր ուսերին։ Սակայն ոչ մի խելամիտ բանկ նրանց գումար չի տրամադրի, Եվրասիական բանկը մերժել է նրանց, VTB-ն դադարեցրել ֆինանսավորումը, քանի որ բոլորն էլ հասկանում են հետևանքները։ Կառավարությանը բազմիցս զգուշացրել ենք հետևանքների մասին թե’ անձնական հանդիպումների, թե՛ ելույթների ժամանակ, սակայն նրանք կամ չեն ցանկանում լսել, կամ այստեղ այլ խնդիր կա»,- ամփոփեց Նազելի Վարդանյանը։