Ներքին 1 տարի առաջ - 20:48 21-01-2025

Միրզոյան-Լավրով հանդիպումը․ ոչ թե հայտարարությունները, այլ գործընթացներն են կարևորը

Այսօր Ռուսաստանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Այս հանդիպման արդյունքների, ակնկալիքների և հետագա քայլերի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։ Սուրեն Պետրոսյանը նշել է, որ որևէ լուրջ բան այս հանդիպումից ակնկալել պետք չէ, որովհետև, ինչքան էլ ցավոտ լինի, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը այսօր սուբյեկտ չէ, այլ ընդամենը օբյեկտ։

«ՀՀ-ն միջազգային հարաբերությունների շրջանակում, կլինի դա Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի թե որևէ այլ երկրի հետ, որևէ հարցի շուրջ բանակցություններ չի վարում, ընդամենը վերահաստատում է արդեն իսկ կայացրած որոշումները։ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ իրենք չեն կարող ազդեցություն ունենալ գերտերությունների կայացրած որոշումների վրա, և պատրաստ են իրագործել այն որոշումները, որոնք կլինեն Հայաստանի տարածքի վերաբերյալ։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ հայտարարությունները երկրորդական են, և պետք է ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացներին»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ 2020 թ-ից հետո չկա մի գործընթաց, որտեղ Հայաստանը ոչ միայն չի շահել, այլև գոնե պահպանել է իր դիրքերը, կլինի տարածքային ամբողջականության, թե ինքնիշխանության խնդիր, տեղի ունեցող շարունակական գործընթացներում Հայաստանը միայն կորցնողի կարգավիճակում է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրին, դա պարզապես հանձնաժողովի կանոնակարգի մասին է, որը հասարակության մեջ տպավորվել է որպես ռազմավարական դաշնակցության համաձայնագիր, սակայն իրականում այդպես չէ։ Նման համաձայնագիր կնքվել է շատ երկրների հետ՝ Վրաստան, Ուկրաինա. առաջին հայացքից դա շատ կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն գերտերություն է, որի հետ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում ողջունելի է, բայց, ցավոք,« այս գործընթացը միայն գործիք է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռքում՝ հասարակությանը ցուցադրելու, թե «մենք մեր ուղղությունը փոխում ենք, հրաժարվում ենք դավաճան Ռուսաստանից և գնում ենք դեպի Միացյալ Նահանգներ, որը կլինի մեր անվտանգության երաշխավորը»։ Այսինքն՝ սա բնակչությանը ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում, սակայն նման գործընկերության առաջարկներ Հայաստանին եղել են դեռևս 2018 թ., 1997 թ., որոնց արդյունքն այդպես էլ չերևաց։

«Իհարկե կարևոր է հարաբերությունները խորացնելը, բայց չպետք է սա շփոթել հակառուսականության հետ։ Համաձայնագիրը հայությանը ներկայացվում է որպես անվտանգության երաշխիք, սակայն նման բան չկա, աշխարհում չկա մի օրինակ, երբ կնքվել է նման համաձայնագիր, որը նպաստել է անվտանգության մակարդակի բարձրացմանը, այսօր աշխարհում որևէ իրավական նորմ կամ նման պայմանավորվածություն չի գործում, այսօր այդ ամենը լուծվում է ուժային մակարդակում»,- վստահեցրեց Ս. Պետրոսյանը։

Արարատ Միրզոյանի կողմից ԵՄ անդամակցության հստակ ժամկետներ չնշելը, քաղաքագետի կարծիքով, մահակ է Ռուսաստանի համար, որպեսզի ՌԴ-ի կողմից ոչ ցանկալի վարքագծի դեպքում Հայաստանը հավաստիացնի, որ կշարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. «Սա քաղաքական իմաստով խորքային տգիտություն է, այն երբեք մահակ չի կարող լինել ոչ մեկի գլխին, քանի որ ակնհայտ է՝ Հայաստանը տեսականորեն չի կարող լինել ԵՄ անդամ, ԵՄ-ն երբեք դրա ցանկությունը չի ունեցել և չի կարող ունենալ մոտակա 50 տարիների ընթացքում։ Սա նույնպես ցուցադրական քայլ է հասարակության կարծիքը մանիպուլացնելու և ցույց տալու համար, որ իշխանությունները սկսել են գործընթացը, գործնական քայլեր են անում՝ հնարավորություն տալով ժողովրդին գնալու դեպի Եվրոպա, բարելավելու անվտանգությունն ու կենսամակարդակը։ Սակայն սա ամենամեծ սուտն է, որը կարող են հասարակությանը հրամցնել: Ոչ ոք չի հասկանում, որ ԵՄ-ն անվտանգային առումով ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ կառույցն անվտանգային համակարգ չունի և նույնիսկ տնտեսական ոլորտում առաջարկելու ոչինչ չունի, այն նույնիսկ իր արտաքին քաղաքականությունը պատվիրակել է ԱՄՆ-ից»։

Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ քաղաքական դաշտում ընդդիմությունը և իշխանությունը միշտ խոսում են կիսաճշմարտություններ՝ փորձելով միմյանց սևացնել։ Մարդիկ կողմնակից են պահպանել Հայաստանի սուվերենությունը, բայց ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, ցանկանում են անվտանգությունը պատվիրակել մի միության, որը չունի սեփական անվտանգային համակարգ։ Իշխանությունների համար այս գործընթացը ոչ թե ճանապարհ է դեպի Եվրոպա, այլ ճանապարհ է դեպի խորհրդարան։ Նրանք այս եվրոպական ուտոպիական գաղափարները դարձրել են գործիք՝ մարդականց խաբելու միջոց, որին հավատալու դեպքում ժողովուրդը Հայաստանը կգցի ավելի ծանր դրության մեջ և պատասխանը կրկին կտա հենց ինքը։ Այս օրակարգը չեզոքացնել հնարավոր է միայն փաստերով՝ ներկայացնելով, թե ինչ է ԵՄ-ն, արդյոք Հայաստանը հնարավորություն ունի՞ անդամակցելու կառույցին։

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ