Հանրային լայն արձագանք է ստացել Նիկոլ Փաշինյանի գիրք կարդալու մասին
Oragir.News-ի
անդրադարձը։
Պարզվում է, որ Փաշինյանը 9 տարում ընդամենը 2 գիրք է կարդացել։ Սա շա՞տ է, թե՞ քիչ։ Եվ ի՞նչ է շահել ժողովուրդը նրա կարդալու արդյունքում։
Ողջունելի է, որ վարչապետը գիրք է կարդում և ժողովրդին էլ հորդորում կարդալ։ Քաղաքական գործչի համար պատմության գրքերը դասագրքային նշանակություն ունեն։ Դրանցում քաղաքական գործիչը կարող է գտնել իր իդեալը, նույնացնել իրեն հայտնի գործչի, թագավորի, զորավարի հետ, գտնել քաղաքական վարքաբանության օրինակելի դրվագներ, ինչպես ասում են՝ դաս քաղել պատմությունից։ Այս առումով պատմության հատորները քաղաքական գործչի սեղանի գրքերն են։ Պատմության գրքերը չունեն ավարտ, հանգուցալուծում, վերջ։ Դրանք անվերջ վերընթերցվում են քաղաքական գործչի կողմից։ Ուստի, երբ Փաշինյանն ասում է, թե ավարտել է «Հայոց պատմության» 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ կարդացածը չի ընկալել որպես քաղաքականության մասին դաս։
Մյուս կողմից էլ ուրախալի է, որ նա ավարտել է այս հատորը։ Հույս է արթնանում, որ քաղաքական գործչի համար դասագրքային նշանակության այլ գրքեր էլ կկարդա, կխելոքանա, սխալ բաներ քիչ կանի։ Լավատեսորեն կարելի է ասել, որ այս տեմպով շարունակելու պարագայում նա մինչև պաշտոնավարման ավարտը կհասցնի մի լավ գիրք էլ կարդալ։
Գուցե Փաշինյանի համար ուսանելի լինի Մովսես Խորենացու «Պատմությունը»։ Եթե պատմության ակադեմիական հատորները քաղաքականության մասին դասագիրք են, ապա պատմահոր գլխավոր աշխատությունը կարող է իսկապես լուսավորել քաղաքական գործչին։
Լավ կլինի, եթե նա կարդա նաև Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատումը»։ Գուցե կկարողանա աշխարհին նայել քրիստոնյայի աչքերով։ Փորձը ցույց է տալիս, որ «Ազգապատումը» կարդացողը հաստատակամ է դառնում մեր հավատքի մեջ, հասկանում է, թե ինչպես հասնել պետության և եկեղեցու ներդաշնակությանը։
Խորենացուց և Օրմանյանից հետո կարող է կարդալ գերմանացիների պատմահայր Օտտո Ֆրեյզինգացու «Երկու արքայությունները» հիմնարար աշխատությունը, որը մեծ ազդեցություն է թողել և շարունակում է ազդել քրիստոնեական փիլիսոփայության, Արևմտյան մշակույթի վրա։ Հետո էլ կարող է բրիտանացիների պատմահայր Ջեֆրի Մոնմութացու «Բրիտանիայի թագավորների պատմությունը» կարդալ և պարզել, թե ինչ ընդհանրություններ կան Մովսես Խորենացու, Օտտո Ֆրեյզինգացու, Ջեֆրի Մոնմութացու և Մաղաքիա Օրմանյանի պատմությունների միջև։ Իսկ եթե այդ պատմությունների մեջ գտնի նաև իրեն կամ իր իդեալը, ապա հույս կարթնանա, որ Արևմտյան քաղաքակրթության երկրներում կարող է գլուխը բարձր պահել, ողորմելի վիճակից դուրս գալ։
Լավ կլինի նաև, որ Փաշինյանը ժամանակ գտնի գեղարվեստական գրականություն կարդալու։ Քաղաքական գործչի բարձունքից հայ գրողներին կարդալն այլ իմաստ է ստանում։ Հայ գրողներին կարդալուց հետո գուցե կհասկանա, թե ինչ քաղաքական պատվեր իջեցնել այսօրվա ստեղծագործողին, ինչպես ստեղծագործ միտքը ծառայեցնել ազգի առաջ կանգնած խնդիրների լուծմանը։
Եվ վերջապես, եթե էլի ժամանակ մնա, ապա Փաշինյանը կարող է Էդմոնդ Բյորկի «Մտորումներ Ֆրանսիական հեղափոխության մասին» հիմնարար աշխատությունը կարդալ ու հասկանալ, թե ինչ աղետալի բան է հեղափոխությունը։ Գուցե այս ընթերցումից հետո նա ներողություն կխնդրի ժողովրդից՝ հեղափոխություն անելու և բազմաթիվ աղետներ պատճառելու համար։
Կարճ ասած՝ կարդալու շատ բան ունի Փաշինյանը։ Բանն այն է, թե կհասկանա՞ իր կարդացածը։ Լա՞վ դաս կքաղի, թե՞ չար բաներ կընդօրինակի։ Մինչ օրս նա չի խոստովանել, որ այս կամ այն արարքը կամ որոշումն ընդունել է այսինչ գրքի այսինչ էջը կարդալուց հետո։ Ուստի ողջամիտ կասկած կա, որ 9 տարում երկու հատոր կարդացածից դաս չի քաղել ու նոր գրքերից էլ չի քաղելու։
Սակայն կա նաև ակնհայտ դրականը, որը կա ամենայն ընթերցումների պարագայում։ Օրինակ՝ այն ժամանակահատվածում, երբ երեխան գիրք է կարդում, նա չար կամ սխալ արարք չի գործում, իրեն կամ մյուսներին վնաս չի տալիս։ Նույնպես Փաշինյանի կարդալու արդյունքում ժողովուրդն ու պետությունը շահել են։ Եթե նա այդ ժամանակահատվածում չկարդար, ապա ինչ-որ սխալ բան էր անելու, որից տուժելու էին ժողովուրդն ու պետություն-հայրենիքը։
Թաթուլ Մկրտչյան