Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում սկսվում են 16 հայ պատանդների նկատմամբ ապօրինի ու կեղծ «դատավարությունները»։ «Դատավարությունները», որոնք իրականացվում են ապօրինի առևանգված և անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չեն կարող օրինական համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է օրինականացնել ցեղասպան քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները «դատավարություններն» օգտագործում են արտաքին քաղաքական հարցեր լուծելու և Հայաստանին տարատեսակ մեղադրաքներ առաջադրելու համար։
«90-ական թվականներից սկսած ադրբեջանցիները մեղադրում են Հայաստանին իբր իր տարածքը «գրավելու» և «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ, Հայաստանի ներկայիս վարչակարգին ճանաչում է որպես հանցագործ կազմակերպություն։ Այսպիսով, Ադրբեջանն իր վրայից գցում է 2023 թվականին իրականացրած էթնիկ զտումների պատասխանատվությունը։
Ստեփան Դանելյանը նաև ասաց, որ պատասխանատվությունը գցելով այս մարդկանց վրա, որոնք իրենց դատավարությամբ պետք է ցուցմունք տան, Ադրբեջանը փորձելու է ապացուցել և ցույց տալ, որ նրանց հետևում կանգնած է եղել Հայաստանը, որը և այս ամեն ինչը «իրականացրել» է․
«Երբ Ադրբեջանի նախագահը Հայստանին «ֆաշիստական» երկիր է հայտարարում, դա կապված է այս դատավարությունների հետ, որով նա փորձելու է դա ապացուցել։ Հաջորդ փուլում նրանք այս դատավարական պրոցեսների հիման վրա դատական պրոցեսներ են իրականացնելու Հայաստանի դեմ, և դրա համար փորձելու են ստանալ գերի վերցրած մարդկանց ցուցմունքները։ Ըստ երևույթին՝ նրանց մի մասը կասի այն, ինչ նրանք ցանկանում են և դա կլինի ինքնախոստովանություն, թե ինչ են արել հայերը։ Այդպիսով պատասխանատվությունը կգցի Հայաստանի վրա»։
Քաղաքագետի համոզմամբ՝ նրանք դատական պրոցեսներից հետո փորձելու են ապացուցել, որ Հայաստանում կան «ֆաշիստական» ուժեր և խոսքը Հայաստանի նախկին նախագահների մասին է, որոնց ևս պետք է դատել, և հարցը Ադրբեջանը դնելու է այսպես, որ կամ ներկայիս իշխող ընտանիքը դա պետք է անի, կամ դա օգտագործելով՝ Հայաստանի օկուպացիան կիրականացնի։