Ներքին 1 տարի առաջ - 23:26 09-12-2024

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և շնորհավորելով մասնակցության առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ իրականացվող աշխատանքը: Նախարարի գնահատմամբ՝ համատեղ աշխատանքի կարևոր արդյունքներից է նաև բոլորովին վերջերս ՀՀ կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որը հաջորդիվ կքննարկվի նաև ԱԺ-ում։

«Սա, թերևս, մեր ամենամասնակցային մշակված օրենսդրական նախաձեռնություններից մեկն է, որն արտացոլում է մեր ընդհանուր օրակարգը: Ուրախ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել նաև միջազգային գործընկերների շրջանում, որոնք փորձում են ուսումնասիրել Հայաստանի փորձն այս առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ազգային ժողովում առաջիկայում կայանալիք հանրային լսումները երիտասարդական քաղաքականության շուրջ:

Նախարարն օրենքի նախագծում կարևորել է մասնավորապես երիտասարդական աշխատողի ու երիտասարդական աշխատանքի գաղափարն ինստիտուցիոնալ շրջանակի մեջ դնելու հանգամանքը.

«Սա, իսկապես, կարևոր է, որովհետև երիտասարդության ոլորտում աշխատանքը պահանջում է հատուկ հմտություններ, կարողություններ, գիտելիք. այն ամենը, ինչը նաև վերապատրաստման ծրագրի մասն էր, և վստահ եմ, որ դրանով իսկ մենք կկարողանանք շատ ավելի մեծ չափով օգտագործել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներուժը»:

Շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն պատասխանատվությունը, որով նրանք շարունակելու են որակյալ աշխատանքը և ուղենիշ են դառնալու նաև ոլորտի մյուս աշխատողների համար.

«Վստահ եմ՝ երիտասարդական աշխատողներն ինչ-որ առումով դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները և նաև նպաստում են բոլոր խնդիրների կարգավորմանը, օրակարգերի առաջմղմանը»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ այս տարվա դասընթացին ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել են հենց երիտասարդական կենտրոնների աշխատակիցները:

«ՀՀ կառավարությունն առանձին քաղաքականություն է վարում մարզերում երիտասարդական կենտրոնների զարգացման ուղղությամբ, բայց խոսքը ոչ միայն հագեցված միջավայրի ու գույքի մասին է, այլև՝ աշխատանքի, որը պետք է արվի որակյալ աշխատակազմի կողմից»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և կարևորել երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

«Շատ կարևոր է, որ դեռահասներն ու երիտասարդները համայնքներում ունենան իրենց անկյունը: Ապահով և երիտասարդահեն մի վայր, որտեղ նրանք կարող են հանդիպել և զբաղվել կրթական գործունեությամբ, զվարճանալ և ինքնաարտահայտվել, ինչպես նաև աշխատել համատեղ նախագծերի վրա՝ հօգուտ իրենց համայնքի զարգացման: Որպեսզի դա տեղի ունենա, բացի ֆիզիկական վայրից, նրանց պետք են բանիմաց երիտասարդական աշխատողներ, որոնք կաջակցեն դեռահասների և երիտասարդների զարգացմանը, ինչպես նաև հնարավոր կդարձնեն վերջիններիս մասնակցությունն իրենց վերաբերող համայնքային որոշումներին և գործընթացներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս շնորհավորել է դասընթացի մասնակիցներին, անդրադարձել ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններին, ինչպես նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման մասնակցային գործընթացին:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվել է երեք փուլով՝ կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։ Որպես դասընթացավարներ հանդես են եկել ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

Մասնակիցների համար միաժամանակ կազմակերպվել է ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ