Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
copy image url

Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա

Ներքին 4 ամիս առաջ - 18:00 06-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդունվելիս մի շարք մասնագիտությունների դեպքում աշխարհագրությունից միասնական քննություն հանձնելը պարտադիր պայման չէ։ Դիմորդները կարող են աշխարհագրության փոխարեն իրենց ընտրությամբ միասնական քննություն հանձնել մաթեմատիկայից կամ անգլերենից, իսկ աշխարհագրությունից ավարտական քննություն հանձնել դպրոցում և այդ գնահատականով ընդունվել համալսարան։

Oragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Մարինե Մկրտչյանը նշեց՝ դպրոցներում աշխարհագրության ուսուցման մակարդակը միասնական քննություններին մասնակցելու համար բավարար չէ, դիմորդները կրկնուսույցի կարիք են ունենում, ինչը դիմորդներին կաշկանդում է։


/Մարինե Մկրտչյան, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչ/

«Այսօր մեր ֆակուլտետի համար կենսական անհրաժեշտություն է ուսանողների լինել-չլինելու հարցը, և խնդիր է առաջանում հիմնականում այն ժամանակ, երբ ուսանողն արդեն պետք է իր գործերը հանձնի համալսարան ու միայն աշխարհագրության քննությունը լավ չհանձնելու պատճառով նա չի դառնում մեր ֆակուլտետի ուսանող։ Իհարկե՛ գտնում եմ, որ շուտով այդ կարգը կփոխվի, բայց այսօր դա անհրաժեշտություն էր, որպեսզի դիմորդները միասնական քննություն չհանձնեն ու աշխարհագրության գնահատականը դպրոցից բերեն։ Ես այդպես եմ կարծում, սա իմ մասնավոր կարծիքն է»,- ասաց նա։

Մկտչյանը նշում է, որ ֆակուլտետն այս ճանապարհով կարողանում է որոշ թվով ուսանողներ ապահովել, իսկ եթե տվյալ ուսանողն իր գիտելիքներով չհամապատասխանի ֆակուլտետի պահանջներին, վերջինս համալսարանից դուրս կմնա ուսումնառության հենց առաջին կիսամյակի ընթացքում։ Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ ընդունելության կարգը հեշտացվել է և այժմ շեշտն առավելապես դրված է համալսարանական կրթության վրա․ «Այո՛, որպեսզի քննությունները մի փոքր ավելի հեշտացվեն։ Կարծում եմ՝ բնագիտական թևի մյուս մասնագիտությունների դեպքում էլ է նախատեսվում նման կերպ անել, քանի որ բնագիտական թևում ուսանողների պակաս կա, ինչը կապված է ինչպես միասնական քննությունների, այնպես էլ դպրոցի տված գիտելիքների հետ։ Բոլորս էլ գիտենք՝ դպրոցներ կան, որտեղ աշխարհագրությունը լավ չեն անցնում, կամ կենսաբանություն ընդհանրապես չեն անցնում և նման իրավիճակում միասնական քննությունները դիմորդների համար խոչընդոտ են հանդիսանում, կաշկանդում են դիմորդներին, ես այդպես եմ կարծում»։

Oragir.News-ի հարցին՝ հետագայում միասնական քննություններն ի՞նչ տարբերակով պետք է կազմակերպվեն, աշխարհագրության քննությունը պե՞տք է պարտադիր դառնա՝ Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչը պատասխանեց, որ անձամբ միասնական քննություններ հասկացողությանը դեմ է։ Նրա համոզմամբ՝ միասնական քննությունները կաշկանդում են դիմորդին։

«Իսկ երբ լինի հարցազրույց, և հարցազրույցը լինի սովորական հարցազրույց՝ տարբեր առարկաներից, ավելի արդյունավետ կլինի։ Տարիներ առաջ ընդունելության նման քննություններ կային, և ֆակուլտետի մասնագետներն էին հարցազրույցն անցկացնում․ իրենք էին որոշում դիմորդը տվյալ առարկայից՝ աշխարհագրությունից, կեսնաբանությունից և այլն, որոշակի գիտելիքների մինիմալ պաշար ունի՞, թե՞ ոչ, իսկ քննություն հասկացությունը շատ է կաշկանդում դիմորդին։

Մենք համալսարանում ունենք օրինակ ընթացիկ և վերջնական քննություններ ու մի պահ բոլոր ընթացիկ քննությունները գրավոր էին անցկացվում, հետո փոխեցին բանավորի, ինչը ճիշտ էր, որովհետև երբ բանաավոր քննություններ են լինում, ուսանողը կարողանում է իր գիտելիքները բառերով արտահայտել, եթե անգամ հստակ չխոսի, դասախոսը հարցերի միջոցով պարզաբանում է՝ ուսանողը գիտելիք ունի՞, թե՞ ոչ։ Զուտ գրավոր քննությունների ժամանակ ուսանողի և դիմորդի նկատմամբ օբյեկտիվությունը մի փոքր պակասում է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»