Պատմաբանը պաշտպանության նախարար, իրավաբանը՝ առողջապահության․ Փաշինյանի կառավարության «պրոֆեսիոնալները»
copy image url

Պատմաբանը պաշտպանության նախարար, իրավաբանը՝ առողջապահության․ Փաշինյանի կառավարության «պրոֆեսիոնալները»

Ներքին 4 ամիս առաջ - 16:00 27-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի կառավարությունը նախորդ շաբաթ տեղի ունեցած պաշտոնանկությունների շքերթից հետո այժմ համալրումների փուլում է։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում կնշանակվի Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս զբաղեցնում է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։

Հակոբյանին շնորհավորել ու նրա մասնագիտական բարձր որակներին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նրա ներկայիս ղեկավարը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա»,- գրել էր նախարարը՝ փաստացի բարձր գնահատելով, որ կարևոր պաշտոններում նշանակվում են ոլորտի պրոֆեսիոնալները։

Վահե Հովհաննիսյանի հետ բնականաբար դժվար է չհամաձայնելը, սակայն հատկանշական է, որ վերջինս նախարար է աշխատում մի կառավարությունում, որի անդամների մեծ մասը ոչ միայն պրոֆեսիոնալներ չեն, այլև համապատասխան մասնագիտություններով չունեն բարձրագույն կրթություն․

Սկսենք Նիկոլ Փաշինյանից․ Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 6 տարի ղեկավարող պաշտոնյան, պատերազմական իրավիճակներում գերագույն գլխավոր հրամանատարը առհասարակ բարձրագույն կրթություն չունի։ Վարչապետ Փաշինյանը 1991-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն վերջին կուրսում հեռացվել է՝ իր պնդմամբ՝ քաղաքական դրդապատճառներով։

Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող և բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ ունեցող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը նույնպես զինվորական չէ և չունի բարձրագույն ռազմական կրթություն։ Նախարարությունը 2021-ի նոյեմբերից ղեկավարում է Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայության ընթացքում Սուրեն Պապիկյանը դանակահարել էր հրամանատարներից մեկին, դատապարտվել ազատազրկման։

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում չափազանց կարևոր դեր ունի դիվանագիտությունը, ուստի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նախապատվությունը տրվում է կադրային դիվանագետներին, այլ ոչ թե քաղաքական թիմի անդամներին։ Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է․ 2021-ի թվականից ՀՀ արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանն է, ով մասնագիտությամբ պատմաբան է, սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Պետական կառավարման ակադեմիայում, այնուհետև՝ ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան։

«Պրոֆեսոնալ» պաշտոնյաների շարքում հաջորդը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, ով մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Ամերիկյան համալսարանում։ Տեղին է հիշել, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հունվարի 18-ին՝ այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր կորոնավիրուսային համավարակը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ էին մահանում, ուստի չափազանց կարևոր նշանակություն ուներ, որ գերատեսչության ղեկավարը ոլորտի ներկայացուցիչ լինի, այլ ոչ թե քաղաքական թիմի անդամ։

Չնայած տնտեսական բարձր աճի մասին պնդումներին՝ Հայաստանի քաղաքացիները դեռևս այդ աճն իրենց մաշկի վրա չեն զգում, իսկ աղքատության մակարդակը շարունակում է մնալ չափազանց բարձր։ Նման կենսամակարդակ ունեցող երկրներում չափազանց կարևոր դեր է վերապահված սոցիալական ոլորտը համակարգող նախարարին, սակայն Հայաստանի պարագայում այն ղեկավարում է մասնագիտությամբ պատմաբան Նարեկ Մկրտչյանը։ Վերջինս սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, այնուհետև Ամերկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրայում։

Պակաս կարևոր դեր չունի նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ Փաշինյանի կաբինետում այս գերատեսչությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը, ով մասնագիտությամբ թյուրքագետ է, սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուքագիտության բաժնում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թեպետ կրթություն է ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, սակայն ոչ թե տնտեսագիտության, այլ Կոմերցիայի և ապրանքագիտության (այժմ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման) ֆակուլտետում։ Վերջինս այնուհետև սովորել է մարքեթինգի ամբիոնի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով թեկնածուի գիտական աստիճան։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը նույնպես պրոֆեսիոնալ չէ։ Վերջինս սովորել է ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ֆակուլտետում, այնուհետև՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրան։ Անդրեասյանի կրթությունը չի համապատասխանում իր համակարգած ոլորտներից ոչ մեկին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նույնպես ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների շարքում է․ Հարությունյանն ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժինը։ Թեպետ Հարությունյանի կրթությունը համապատասխանում էր իր նախորդ՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնին, սակայն այս դեպքում նույնպես նրան պրոֆեսիոնալ չենք կարող համարել՝ հաշվի առնելով, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչպիսի «ձեռքբերումներ» ունեցավ Հայաստանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կաբինետի մյուս անդամներին, ապա նրանց պրոֆեսիոնալիզմի մասով գնահատականներ տալուց ձեռնպահ կմնանք, սակայն վերջիններիս ստացած բարձրագույն կրթությունը գոնե համապատասխանում է այն ոլորտներին, որոնք նրանք համակարգում են։

Ձեզ գուցե հետաքրքրի