Մենք ապրում ենք աննախադեպ երկրում։ Ինչ որ տեսնում ենք, լսում ենք, զգում ենք, միշտ աննախադեպ է։ Ճիշտ է՝ հիմնականում գործ ունենք աննախադեպ վատ երևույթների հետ, բայց դա մեր կառավարությանը չի հուզում․ մեր իշխանություններին հուզում է միայն մի բան, որ մենք ապրենք աննախադեպ կյանքով։ Ընդ որում, դա գալիս է անձամբ հեղափոխության առաջնորդից՝ ընկեր Նիկոլ Փաշինյանից։ Սկզբում նրա մորուքն էր աննախադեպ, հետո սափրումը, աննախադեպ էին պաշտոններից ազատումները, երբ ասում է՝ գոհ է բոլորի աշխատանքից, բայց ազատում է բոլոր ուժայիններին։ Աննախադեպ վարչապետ, աննախադեպ պետություն, աննախադեպ կյանք։ Մի խոսքով, ինչպես այժմ ընդունված է ասել, աննախադեպ լինելը նորաձև է։
Բայց աննախադեպ են ոչ միայն ազատումները, այլև նշանակումները։ Կանանց, որոնք ղեկավարում են մեր երկիրը, ավելացավ ևս մեկը՝ Ներքին գործերի նախարարը։ Այս պաշտոնը, ինչպես գիտենք, խորհրդանշական է մեր երկրի համար․ այն սկսում է, ըստ էության Հայաստանի Հանրապետության հորից՝ Արամ Մանուկյանից և շարունակվում է մինչ օրս։ Նրանցից ոչ ոք չէր կարող ակնկալել, որ նման նուրբ և քնքուշ մի էակ կդառնա նրանց գործի շարունակողը։ Ինչու Արփինե Սարգսյանը։ Եթե այլ կանանց համար ընդունելի է՝ լավ եփում-թափում է արտահայտությունը, ապա տիկին նախարարի դեպքում պետք է վերափոխել արմատացած պատկերացումը՝ Արփինեն լավ կարում ու փակում է։ Ակնհայտ է, որ Ներքին գործերի նախարարությունը առաջիկայում լրջագույն վերափոխումների է ենթարկվելու․ օրինակ՝ առաջին հերթին կփոխվեն շենքի վարագույրները, նրանք կլինեն փոռիկներով և շքեղ։ Երկրորդ հերթին՝ պարզ է, որ այսուհետ իրավապահների հաստիքացուցակում կհայտնվեն նոր մասնագետներ՝ մանիկյուր ու պեդիկյուր անողներ, վարզահարդարներ, գուցե նաև՝ շրթունքներ ու այլ մասեր լցնողներ։ Ակնհայտ է, որ ունք հանելը այլևս թեմա չի լինելու ոստիկանական համակարգում։
Բայց ոստիկանությունը կենթարկվի նաև բովանդակային փոփոխությունների։ Օրինակ՝ կասկածյալներին պատժելու համար կսկսեն նրանց մազերը քաշել։ Ոստիկանը, որը չի ուզում կատարել իր ծառայողական պարտականությունները, կասի, որ գլխացավ ունի և կազատվի այդ օրը պարտականությունների կատարումից։ Մի քիչ կդժվարանա քաղաքացիների և ոստիկանների շփումը, քանի որ ոստիկաններն այլևս հա կամ այո չեն ասի, այլ կասեն՝ չգիտեմ, ու դա կնշանակի այո։ Ոստիկանները կարող է մի քիչ ուշ կողմնորոշվեն, թե պե՞տք է արդյոք հետապնդել տվյալ հանցագործին, թե ոչ։ Վատ փոփոխություններից մեկը գուցե լինի այն, որ ոստիկանները կսկսեն մի կես ժամ ուշանալ։ Ուշադրության կենտրոնում կլինեն շունիկներն ու կատվիկները, իսկ հատկապես փռչոտ տղամարդիկ կհայտնվեն լուսանցքում։ Լավ փոփոխություններից կլինի այն, որ սկզբունքորեն կփոխվի հայհոյանքների բնույթը․ այն, ինչ երեկ հնչում էր ներգործական սեռի բայերով, կսկսի հնչել կրավորական սեռով։ Մի խոսքով, աննախադեպ կլինի ամեն ինչ։
Զգալի փոփոխություններ կլինեն նաև արտաքին բնույթի։ Օրինակ՝ նախարարության շենքի վրա կարող է լվացքի պարան հայտնվել, որտեղ կչորանան լվացված համազգեստներն ու նոր վարագույրները։ Ոստիկանության բոլոր անկյուններում կլինեն գեղեցիկ ծաղիկներ։ Ընդմիջումներին փոքրիկ ու համեղ տոռծիկներ ու փուչիկներ կլինեն։ Ոստիկանական համազգեստը միայն տաք ու ցուրտ եղանակներով չի փոխվի, այլ գարուն-ամառ ու աշուն-ձմեռ հավաքածուներ կլինեն։ Ոստիկանների սափրված լինելու ստուգումն էլ միայն դեմքով չի սահմանափակվի։ Մի խոսքով, աննախադեպ վարչապետ, աննախադեպ պետություն, աննախադեպ ներքին գործեր։
Գևորգ Էմին-Տերյան
Օրագիր նյուզ