Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ «ընտրյալ ազգի» ներկայացուցիչները հանդուրժողականությամբ աչքի չեն ընկնում։ Փոքրմասնությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի դրսևորումները տարեցտարի ավելի տեսանելի են դառնում և դուրս գալիս վերահսկողությունից։
Հայերն այս առումով բացառություն չեն ու այս քաղաքականության ակունքները հասնում են մինչև ցարական ժամանականեր։ Տարիներ առաջ այս իրողությունն ընդունեց նաևՀայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը՝ նշելով, որ ՌԴ-ում էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես հայերի սպանության դեպքերն աճում են, որոնց մեծ մասը տեղի են ունենում կենցաղային հողի վրա։
Ուկրաինայում մեկնարկած պատերազմից հետո Ռուսաստանում փոքրամասնությունների իրավիճակն էլ ավելի վատթարացավ։ ՌԴ բնակչության շրջանում դժգոհություններ կան, որ ազգային փոքրամասնությունները ռազմաճակատ չեն մեկնում և «հայրենիքը» չեն պաշտպանում, չնայած այն բանին, որ ապրում են այնտեղ և օգտվում բոլոր «բարիքներից»։
Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին ժամանակ առ ժամանակ էլ ավելի են սրում այս տրամադրությունները։ Օրինակ՝ Ուկրաինայում կրած անհաջողություններից երկրի բնակչության ուշադրությունը շեղելու և իրենց շուրջը համախմբելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերին Պուտինի որոշմամբ չեղարկվեց Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան՝ այն պատճառաբանությամբ, թե իբր բալկանյան երկրներում և Ուկրաինայում ռուսների դեպքում այն չի կիրառվում։
Կոնվենցիայի չեղարկումն էլ ավելի սրեց ՌԴ-ի ներսում առկա շովինիստական տրամադրությունները և ավելի հաճախ սկսեցինք ականատես լինել ազգամիջյան թշնամանքի դրսևորումներին։ Վերջին օրերին համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ ռուս սադրիչը մոտենում է ազգությամբ հայ երիտասարդի, վիրավորում նրա արժանապատվությունը՝ դրդելով, որ նա քրեորեն հետապնդելի արարքներ կատարի։ Հայ երիտասարդը կարողանում է հաջողությամբ պաշտպանել իրեն, իսկ արդեն հաջորդ օրը նոր սադրիչներ են մոտենում նրան՝ փորձելով նսեմացնել։
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Ռուսաստանում շովինիստական տրամադրությունները ոչ միայն չեն խորացել, այլև նաև նոր դրսևորումներ են ստացել, որոնք վերջին շրջանում առավել հաճախ ենք նկատում։ Այս միտումները վկայում են, որ «ռուսական կայսրության» վերջը առավել քան մոտ է, և եթե անգամ վերջինս չպարտվի Ուկրաինայում ընթացող պատերազմում, ապա երկիրը փլուզվելու է ներսից՝ ազգամիջյան բախումների հետևանքով։
Եթե Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են կանխել այս սցենարը, ապա նախևառաջ չպետք է խրախուսեն նման դրսևորումները։ Որքան էլ այս քաղաքականությունն այժմ բխում է իրենց շահերից, միևնույնն է՝ երկարաժամկետ հեռանկարում հետևանքները չափազանց ծանր են լինելու ու անդառնալի։
Մտահոգիչ է, որ տեսանյութի մեկնաբանություններում ռուսների մեծ մասը սատարում են իրենց հայրենակցին՝ միջադեպի համար մեղադրելով բացառապես հայ երիտասարդին, թեպետ հանուն արդարության նկատենք, որ կային սակավաթիվ ռուսներ, ովքեր դատապարտում էին սադրիչների արարքը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․