Այսօր՝ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն մտել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց։ Այս մասին նախ գրառում էր կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, ապա ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Այս գրառումներից հետո դպրոցի աշակերտների ծնողները, անդրադառնալով դասապրոցեսի ընթացքում ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողություններին, դժգոհություն հայտնեցին, որ ֆիզիկայի դասին ԱԱԾ–ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և այդ ամենը երեխաների աչքի առաջ։
Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Անի Ապիտոնյանը նշեց, որ այս ամենը, բնականաբար բացասական կանդրադառնա երեխաների վրա։
«Միանշանակ սա չի կարող դրական որևէ արդյունք ունենալ։ Երեխաների մոտ կարող են վախեր առաջանալ, ինչու ոչ, նաև հոգեբանական աջակցության խնդիրներ։
Իհարկե, սա կարող է ազդել երեխայի հոգեկան առողջության վրա, որովհետև դպրոցը երեխայի համար ապահով միջավայր է, անգամ, երբ երեխաները տագնապներ են ունենում դպրոց գնալիս, հոգեբանները մեկնաբանում են, որ դպրոցն ամենաապահով վայրերից մեկն է երեխայի համար, որովհետև ուսուցիչները, պահակները, բոլորը ապահովում են իրենց անվտանգությունը և հարկ եղած դեպքում կարող են ծնողների հետ կապ պահպանել։
Եվ եթե այդ ապահով վայր ներխուժում են դիմակավորված մարդիկ, երեխայի համար ԱԱԾ է, թե ինչ է արդեն երկրորդական վերլուծության կարիք ունի»,- նշեց նա։
Հոգեբանը շեշտեց՝ ուսուցչին կարելի էր մեկ այլ վայրում ձերբակալել, այնպիսի վայրում, որտեղ երեխաներ չէին լինի։
«Հնարավոր է, որ երեխան վախենա ու այլևս չցանկանա դպրոց գնալ, այդ դեպքում, եթե դպրոցում կա հոգեբան, միանշանակ հոգեբանը պետք է երեխաների հետ աշխատանք իրականացնի, որպեսզի հասկանա՝ երեխաների մոտ առաջացել է արդյոք տագնապ։
Հակառակ դեպքում պետք է ուշադիր լինել երեխաների վարքագծի փոփոխություններին, եթե հոգեբանը չի կարող, ծնողները պետք է ուշադիր լինեն, եթե երեխաների մոտ նկատեն վախերի ակտիվացում, տագնապային նշաններ տրամադրության անկում, դպրոց չեն ուզում գնալ, ընկերների հետ դուրս չեն գալիս խաղալու և այլն, պետք է դիմել մասնագետի»,- եզրափակեց նա։