Հանրության մի մասն ակնկալում էր, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին եկեղեցու կարևոր միջոցառումներին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները չեն մասնակցի։ Առաջին շարքում կանգնած կլինի Բագրատ Սրբազանը։ Այնինչ՝ տեղի ունեցավ հակառակը։ Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնեց Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեց Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին:
Ինչու՞ այսպես կտրուկ փոխվեցին դերերը, և ի՞նչ հետևանքներ կլինեն։
Տրամաբանորեն՝ Բագրատ Սրբազանը, որն իր գիտակցական նախընթաց կյանքը նվիրել է Աստծուն ծառայելուն, պետք է մասնակցեր մյուռոնօրհնեքին ու Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ Նա նաև վայելում է հավատացյալ հանրության համակրանքը, ինչը չունի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Հավատացյալ հանրությունը նրան էր ուզում տեսնել Մայր տաճարի վերաօծման արարողության առաջին շարքում կանգնած, որտեղ ավանդաբար կանգնում են երկրի ղեկավարները։ Այդպես մարդկանց մեջ կամրանար հույսը, որ նա է լինելու երկրի ղեկավարը։
Բագրատ Սրբազանը տեղը կամավոր զիջեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին, որոնք նախընթաց շրջանում բացասաբար էին վերաբերվում եկեղեցուն, հոգևորականությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ մտադիր չէ զիջել իր տեղն ու դիրքը Բագրատ Սրբազանին։
Լավատեսական կանխատեսմամբ՝ այս պատկերը կարող է հիմք հանդիսանալ, որ վերականգնվի աշխարիկ և հոգևոր իշխանությունների ներդաշանակությունը։ Չի բացառվում, որ Եկեղեցին գնահատելով Փաշինյանի մասնակցությունը արարողությանը, կվերանայի իր վերաբերմունքը նրա նկատմամբ և հետայսու հարգալից կվերաբերվի ՔՊ-ական իշխանությանը, նրա հասցեին վիրավորական, արհամարհական արտահայտություններ չի անի։ Իսկ ՔՊ-ականներն իրենց հերթին կհրաժարվեն հարձակումները եկեղեցու, նրա սպասավորների, առաջին հերթին՝ վեհափառի դեմ։
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հրավերը ստանալուն պես պայման է դրել, խոստանալով ընդունել հրավերն ու մասնակցել, եթե Սրբազանը չմասնակցի։ Եկեղեցին էլ ընդունել է պայմանն ու Բագրատ Սրբազանին խնդրել, որ վերջինս չմասնակցի, մանավանդ, որ վերջինս սառեցրել է իր ծառայությունը և առաջնորդում է համաժողովրդական շարժումը։
Սա նաև գործնական նշանակություն ունի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավատացյալների մեծ մասը հակված է ձայն տալ Բագրատ Սրբազանին։ Դրանից կտուժեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանն, այլև եկեղեցին։ Ավելի ուժգին կվերսկսվեն աշխարհիկ իշխանությունների հարձակումները եկեղեցու դեմ։ Չի բացառվում, որ որոշ հոգևորականներ կկալանավորվեն Փաշինյանի պատվերով, իսկ եկեղեցու դեմ գործ կբացվի մոմի վաճառքից ստացված շահութահարկերը չվճարելու մեղադրանքով։ Այս զարգացումները ցանկալի չեն ո՛չ Փաշինյանին, ո՛չ եկեղեցուն։ Հետևաբար՝ Բագրատ Սրբազանը ողջամիտ որոշում է ընդունել, հրաժարվել է մասնակցել, տեղը զիջելով ՆիկոլՓաշինյանին, այդպիսով հնարավորություն տվել, որ վերանա պետություն-եկեղեցի անառողջ գժտությունը, ու երկխոսության դուռ բացվի։
Այսպիսի զիջումը կարող է անդրադառնալ նաև Բագրատ Սրբազանի պայքարի արդյունավետության վրա։ Կանխատեսելի է, որ հոկտեմբերի 2-ից վերսկսվող փողոցային պայքարի մասնակցիները չեն ենթարկվի այնպիսի բռնությունների, ինչպիսին եղան Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին։ Ոստիկանները հոգատար վերաբերմունք կդրսևորեն ցուցարարների նկատմամբ։ Տպավորություն կստեղծվի, թե եթե իշխանությունները բռնություն չեն կիրառում, ապա գուցե նաև կամավոր կզիջեն իշխանությունը։ Այս ենթադրությունը կարող է ոգևորել հանրությանը, և Բագրատ Սրբազանի հանարահավաքներն ավելի մարդաշատ կլինեն։ Նրան կհաջողվի գեներացնել ընդդիմադիր ամբողջ ընտրազանգվածն ու զրկել քաղաքական մյուս միավորներին խաղի հնարավորություններից։ Եվ արդյունքում շահած դուրս կգան Բագրատ Սրբազանը և նրա հետ գործակցող ուժերը, որոնք կրկին կկիսեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսպիսով՝ կարող ենք ենթադրել, որ Սրբազանը, եկեղեցին ու Փաշինյանը միասին կարողացան ելք գտնել ստեղծված լարված իրավիճակից։ Ե՛վ պետություն-եկեղեցի անդունդն է կամրջված, և՛ Սրբազանի պայքարի ճանապարհն է հարթված, և՛ առաջիկա ցույցերն ու հանրահավաքները լինելու են խաղաղ ու արդյունավետ քաղաքական հիմնական խաղացողների համար։
Թաթուլ Մկրտչյան