Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:00 20-09-2024

Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ հետևել պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումներին՝ հասկանալու համար, թե վերջիններս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարները որքանով են բարեխիղճ և նպատակային ծախսում։ Գնումների գործընթացն ուսումնասիրելիս՝ շատ հաճախ այնպիսի գնումներ ենք հայտնաբերում, որոնց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել, երբեմն՝ անհնար։

Հերթական անգամ նկատեցինք, որ ՀՀ հարկատուների վճարած գումարներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ սնունդ ձեռք բերելու նպատակով գնումներ է կատարել։ Հ1-ը «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ի հետ 3 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 235․530 դրամ։

Առաջին պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 10-ին, դրա արժեքը կազմել է 40950 դրամ։ Այս պայմանագրով Հանրայինը գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչներ՝ 24․000 դրամ ընդհանուր արժեքով, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 16․800 դրամ ընդհանուր արժեքով և տոպրակ՝ 150 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 100․620 դրամ։ Հանրայինը այս դեպքում նույնպես գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 21․000-ական դրամ, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 28․800 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, ինչպես նաև տոպրակ՝ 420 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 18-ին, արժեքը՝ 93․960 դրամ։ Հանրայինը կրկին գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 15․000 ական դրամ, 300 գրամանոց բուրգերներ՝ 24․000 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, 200 գրամանոց հունական և Ցեզար աղցաններ՝ արժեքները համապատասխանաբար 4800 և 5400 դրամ, ինչպես նաև տոպրակ՝ 360 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Հատկանշական է, որ երեք պայմանագրերի դեպքում էլ «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ն սննդի մատակարարումները համաձայնել է իրականացնել Հ1-ի ներկայացրած գնային առաջարկով։

Սննդին զուգահեռ Հանրային հեռուստաընկերությունը որոշել է նաև զովացուցիչ ըմպելիքներ գնել՝ այս դեպքում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից։ Հ1-ը վերջինիս հետ կնքել է 3 պայմանագիր՝ 17․300 դրամ ընդհանուր արժեքով։

Առաջին պայմանագիրը կնքնվել է սեպտեմբերի 16-ին՝ 5900 դրամ ընդհանուր արժեքով։ Այս պայմանագրով Հ1-ը պատվիրել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքները՝ յուրաքանչյուրը 2160-ական դրամ ընդհանուր արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 560 դրամ արժեքով, 1 լիտրանոց Բոնիլատ թան, ինչպես նաև տոպրակ՝ 100 դրամ արժեքով։ Ըմպելիքների մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 5500 դրամ։ Այս դեպքում Հ1-ը գնել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքներ՝ 2580 և 2160 դրամ արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 660 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Երրորդ պայմանագրով Հանրայինը 5900 դրամի զովացուցիչ ըմպելիքներ է գնել՝ նույն պայմաններով, որոնք առկա էին առաջին պայմանագրում։ Այս դեպքում պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 14-ին, իսկ մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Դատելով Հանրային հեռուստաընկերության կատարած գնումներից՝ հարց է առաջանում․ Հ1-ը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վճարած հաշվին սեղանի շուրջ արագությո՞ւն է բացում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ հայերը 2 բան են արագ անում, որոնցից մեկը մեքենա քշելն է, մյուսը՝ ճաշի սեղանի շուրջ մեծ արագություն են բացում։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին