1990թ. Օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդը ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրեց իր կամքը:
Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում:
1990թ. օգոստոսի 23-ին և 1991թ. սեպտեմբերի սեպտեմբերի 23-ին Արամ Մանուկյանին է վստահվել «ՀՀ Անկախության մասին հռչակագիրը» և «Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակվելու մասին» ՀՀ ԳԽ որոշումը հայտարարելու առաքելությունը։
Oragir.News-ը օրվա խորհրդի հետ կապված զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։
Անդրադառնալով հարցին, թե ինչ նմանություն կա այսօրվա և 90-ականների միջև, Մանուկյանը նշեց՝ բացարձակ նմանություն չկա։
«90-ականները համաժողովրդական էին։ Այդ ընդունվող փաստաթուղթը համապետական էր, համահայկական փաստաթուղթ էր։
Այսօրվա իշխանությունները այդ փաստաթղթի հակառակորդներն են՝ քննադատում են, մեղադրում են, ուզում են Սահմանադրությունից հանել։ Այն ոգևորությունը, այն արժեքը, այն նշանակությունը, որ օրվա իշխանությունները տալիս էին այդ փաստաթղթին՝ոգևորիչ էր, պատմական էր, արժևորված էր։ Հիմա այդ զգացողությունը չկա բացարձակ, առավելևս, որ ունենք իշխանություն, որը հակառակորդ երկրի պահանջներն է կատարում։ Ինչ նմանության մասին է խոսքը»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ ինչպե՞ս է Արամ Մանուկյանը գնահատում Նիկոլ Փաշինյանի Անկախության հռչակագրի մասին ուղերձը, մասնավորապես այն, որ վարչապետն իր հեղինակային բանաստեղծությամբ է շնորհավորել ժողովրդին՝ Մանուկյանը պատասխանեց․
«Դա ծաղր է Անկախության հռչակագրի նկատմամբ։ Ինքը երևի չի էլ հասկանում այդ փաստաթղթի էությունը, արժեքը, պատմականությունը և ինքն իրեն է երևի տեսնում այդ փաստաթղթի մեջ՝ իր աննախադեպության հիվանդությունն է աշխատում։ Ինքը կարծես թե բացարձակ կապ չունի, և չի էլ ընկալում այս արժեքի մեծությունն ու կարևորությունը։ Անգամ բովանդակային առումով ինքն այնպիսի բաներ է գրում, որոնք չկան իրականում։ Դա ծաղր է հռչակագրի և դա ընդունող մարդկանց նկատմամբ»։
Դիտարկամանը՝ համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ մենք հիմա անկախությունն այլ կերպ ենք ընկալում, քան նախկինում, Մանուկյանը նկատեց․ «Երանի ինքը և իր թիմը բացատրեր, թե ինչպես է ինքը ընկալում։ Անկախությունը մի արժեք է, որը հազար տարի, հազար ժողովուրդ ընկալել է հետևյալ ձև՝ դա սեփական երկրի ճակատագրին տեր կանգնելն է, որոշումներ ընդունելու հնարավորությունն է, սուվերենությունն է՝ անկախ ժողովուրդների ընտանիքում հավասար ապրելու համար։
Նոր մեկնաբանություններ, նոր գյուտեր 3000-4000 հազար պատմության մեջ դա մենակ Նիկոլը կարող էր աներ։ Անկախության սուվերենությունն այնպիսին է, ինչպես բոլոր ժողովուրդներն են ընկալել՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք։ Ազատ քաղաքացի, որը տեր է և մասնակից որոշումների կայացմանը։ Դա է անկախությունը, նոր բանաձևեր, նոր բառակույտ լցնել պետք չէ։
Նիկոլն ընդանրապես հաղորդակից չի ո՛չ այդ փաստաթղթին, ո՛չ իրողություններին, ո՛չ պատմությանը։ Ինքն իր համար խնդիր է դրել մերժել անցյալը, այդ հիվանդությամբ գնում է՝ մերժելով անցյալը։ Մենք նպատակային այդ փաստաթուղթն այնպես ենք ընդունել, որ դա կոչվում է համազգային կոնսեսուս՝ բացարձակ արժեքով։
192 պատգամավոր մասնակցել է, 192 իրար ատող պատգամավորներ, իրար չընդունող քաղաքական ուժեր այդ փաստաթուղթը ընդունել ենք։ Եվ դա ընդունվել է հենց այդպես, ծրագիրն այդպիսին էր, որ պատմության ընթացքում որևէ մեկի, որևէ խմբի, հոգեկան հիվանդի կողմից վիճարկելու ենթակա չլինի։ Այդ փաստաթղթի հզորությունը դրա մեջ է։ Համազգային, համապետական, համահայկական կոնսենսուսի արդյունքում ծնված փաստաթուղթ է և որևէ մեկը իրավունք չունի ոտնձգություն անել այդ փաստաթղթի նկատմամբ»,- եզրափակեց Արամ Մանուկյանը։