Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև խորացող լարվածության ֆոնին նախօրեին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել, որն ուղղված էր Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում Հայաստանում և Ադրբջանում գտնվող իր քաղաքացիներին։ Թել Ավիվն իր քաղաքացիներին կոչ է արել այս երկրներում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են իրենց համար վտանգ ներկայացնել և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։
«Հաշվի առնելով Իսրայելի պետական խորհրդանիշներին և քաղաքացիներին վնաս հասցնելու Իրանի և նրա դրածոների փորձերից բխող սպառնալիքը՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Իրանի հետ սահմանակից երկրներ՝ Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, այցելող Իսրայելի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զգուշություն և ականջալուր լինել ազգային անվտանգության աշխատակիցների նախազգուշացումներին»,- ասվում է հայտարարությունում։
Oragir.News-ը քաղաքագետ
Գուրգեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իսրայելական կողմն իր քաղաքացիներին ի՞նչ վտանգի մասին է նախազգուշացնում, և Իրանը Հայաստանում ու իրեն սահմանակից մյուս երկրներում Իսրայելի քաղաքացիներին ինչպե՞ս կարող է վնասել։ Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ Իրանը ոչ մի կերպ չի կարող վնասել Հայաստանում, Ադրբեջանում և իրեն սահմանակից մյուս երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին։
«Պարզապես պատերազմները երբեմն չեն լոկալիզացվում կոնկրետ պետության սահմաններում, ու դրանք կարող են դուրս գալ այդ պետության սահմաններից։ Պլոֆիլակտիկ զգուշացնում են, ընդ որում զգուշացումը տեղի է ունեցել, որ Իսրայելի քաղաքացիներն ուշադիր լինեն ու զգույշ լինեն, այլ ոչ թե չհայտնվեն սպառնալիքների ներքո։ Դա նշանակում է, որ խոսքը գնում է նվազ վտանգավորության մասին»։
Oragir.News-ի հարցին, թե Գազայում հրադադար հաստատելու հարցով Դոհայում մեկնարկած բանակցությունները կարո՞ղ են նպաստել, որ Իրանը հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հացնելու մտադրությունից, թե՞ վերջինս Իսրայելի արարքը [Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը-խմբ․] չի կարող անպատիժ թողնել՝ քաղաքագետը պատասխանեց, որ իր կարծիքով իրանական կողմի պատասխանը խաղարկային է լինելու՝ նախապես պայմանավորված և պրոտոկոլային։ Նա շեշտեց, որ Իրանն այժմ իր դեմքը փրկելու խնդիր ունի, սակայն առայժմ լայնամասշտաբ պատերազմի հիմքեր չի տեսնում։
«Իրանից կարող են նախազգուշացնել, որ ինչ-որ մի տեղ հարվածելու են, ինչպես նախորդ դեպքում, մարդիկ այդտեղից կտարհանվեն, պարզապես կհարվածեն, այդտեղ ինչ-որ բան կընկնի ու կպայթի։ Եթե ասեն այսինչ օրն ու այսինչ ժամին X վայրին հարվածելու են, այդտեղ էլ մարդ կմնա՞»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Իրանի պատասխանն ավելի շատ իմիտացիա կլինի, քան իրական պատասխան։
Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Իրանը կարող է հարվածել Ադրբեջանի տարածքին, ինչի մասին վերջին շրջանում նշում են նաև արևմտյան լրատվամիջոցները՝ Գուրգեն Սիմոնյանը նման սցենարը չբացառեց՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանում այս հարցը մի փոքր էմոցիոնալ են ընկալում։
«Մեզ թվում է, որ եթե մեր ախոյաններին իրենց ախոյաններին հարված հասցնեն, այդ հարվածը ոչնչացնող ու կազմաքանդող կլինի, բայց դա իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Իրանցիները գուցե Ադրբեջանի տարածքում իսրայելական հետաքրքրություն ներկայացնող որևէ օբյեկտ կամ սուբյեկտ խոցեն, բայց մեծ հաշվով դրանից Ադրբեջանին որևէ վտանգ չի սպառնա, որովհետև առայժմ ես մեծ պատերազմի հիմքեր չեմ տեսնում»,- ասաց նա։
Քաղաքագետը շեշտեց, որ այս պահին տարածաշրջանում մեծ պատերազմն անհավանական է համարում։ Նրա խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը տարբեր կատեգորիաների պետություններ են, տարածաշրջանային պատերազմներն աշխարհաքաղաքական իրողությունների ածանցյալ երևույթներն են և այժմ աշխարհաքաղաքան իրողությունները թույլ տալիս, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմ ծագի։
Սիմոնյանը հավելեց, որ այժմ կարծես թե ռուս-ուկրաինական պատերազմն էլ է եզրափակման շրջափուլ մտել ու այս իրավիճակում աշխարհը՝ առավել ևս արևմուտքը, որն իր քաղաքականությունը կառավարելի քաոսի համատեքստում է իրականացնում, պատերազմի այլ օջախների կարիք չի զգում։
Դավիթ Գույումջյան