1970-ականների վերջերին իրենց պատմության, ինքնության եւ ազգի ապագայի վերաբերյալ հարցերով մտահոգ մի խումբ հայեր եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել մի մտքի կենտրոն, ուր հայ իրականության մասին վերլուծություններ անելիս կգերիշխի քննադատական մտածողությունը։ Մտավորական հարցերով խորապես մտահոգված եւ փոփոխություն բերելու անհագ ցանկությամբ տարված՝ այս անհատները ձեռնարկեցին հայեցակարգ մի ինստիտուտի համար, որը հարթակ կդառնար հայ ժողովրդի վրա ներգործող ժամանակակից խնդիրների վերաբերյալ անկաշկանդ եւ քննադատական մտածողությամբ վերլուծական, գիտական եւ անաչառ հետազոտություններ կատարելու համար։
Այս հարթակը կոչված էր աջակցելու մտավորականներին, գիտնականներին եւ հասարակությանն առհասարակ բարձրաձայնելու ժամանակակից հայոց պատմությանն ու ինքնությանն առնչվող էական հարցեր եւ օգնելու մշակել նոր հեռանկարներ ինչպես ներկային, այնպես էլ ապագային ուղղված կենսական խնդիրների վերաբերյալ։ Ինստիտուտի առաջնահերթ նպատակներից էր նպաստել, որ հայ ժողովուրդը հենց ինքը ներկայացնի իր պատմությունը սեփական ձայնով եւ ինքն իր ով լինելը սահմանելով՝ հասկանա այն ազդակներն ու գործոնները, որոնք պատճառ են դարձել ազգի ներկայիս վիճակի համար։ Ինստիտուտի հիմնադիրները մտադրված էին նաեւ օգնել մարդկանց կրթության եւ ավելի բարձր մակարդակի խոսույթի մեջ ներգրավվելու համար՝ առանց բոլոր հարցերի պատասխաններն ունենալու հավակնությամբ։ Այս գործընթացը միտված էր համակարգված եւ շարունակական կերպով վերաքննելու եւ վերագնահատելու հայ իրականությունը։
1982 թվականին հայերի այս փոքր խումբը հիմնեց Զորյան ինստիտուտը՝ նպատակ ունենալով փաստագրել եւ հետազոտություններ իրականացնել երեք ոլորտներում, որոնք կա՛մ անտեսված էին եղել, կա՛մ չէին ուսումնասիրվել եւ գիտական եւ համեմատական մակարդակով: Դրանք էին ցեղասպանագիտությունը, սփյուռքագիտությունը եւ հայագիտությունը:
Ժամանակակից հայկական սփյուռքը ձեւավորվել է արտագաղթի պատճառ դարձած կարեւոր իրադարձությունների հետեւանքով՝ մասնավորապես Օսմանյան կայսրության կողմից իրագործված 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Երկրորդ աշխարահամարտի դեպքերի եւ Սովետական միության փլուզման։ Այսօր հայերի ավելի քան երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս՝ ցրված Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Այսքան մեծ սփյուռք ունենալու պայմաններում շատ կարեւոր էր հասկանալ «սփյուռք» երեւույթը որպես հիմնական հղման կետ։
Հայկական սփյուռքի հավաքական մտահոգությունները եւ տարբեր վայրերում ապաստանած հայերի փորձառությունները սփյուռքի տարբեր կենտրոններում դարձան լուրջ մտածումների առարկա: Ձուլումը, լեզվի եւ մշակույթի կորուստը, խառնամուսնությունները, ցեղասպանության ճանաչման համար պայքարը եւ մի շարք այլ հարցեր դարձել էին ընդհանուր մտահոգությունների պատճառ հայկական սփյուռքում։
Սփյուռքյան ինքնությունը քննելիս ի հայտ եկան մի շարք հարցեր. ի՞նչ է նշանակում սփյուռքահայի համար հայ լինել, երբ նա Հայաստանում չի ապրել սերունդներով, որոշ դեպքերում՝ դարերով: Որո՞նք են հայկական ինքնության հատկանիշները՝ լեզո՞ւն, կրո՞նը, մշակո՞ւյթը, թե՞ ազգային պետությունը: Կարո՞ղ է մարդ ունենալ բազմաթիվ մշակութային ինքնություններ, եւ եթե այո, ինչպե՞ս են դրանք փոխահարաբերվում եւ փոխազդում:
Արդյո՞ք մեկ մշակութային ինքնությունը գերիշխող է, եւ եթե այո, ապա ի՞նչ հետեւանքներ ունի այս գերիշխումը անձի ինքնության վրա։ Ի վերջո, ինչպիսի՞ն է սփյուռքահայի դերը Հայաստանի ապագայում որպես անկախ ազգ եւ հայրենիք:
Այս հարցերի պատասխանների փնտրտուքով դեռեւս 1982 թվականին հիմնադրված Զորյան ինստիտուտի սփյուռքագիտության բաժինը, որն զբաղված էր համեմատական սփյուռքների ուսումնասիրությամբ, իր առկա հետազոտություններն ավելի ընդլայնելու համար նախաձեռնեց «Սփյուռք․ անդրազգային ուսումնասիրությունների հանդեսը»: 1989 թվականին հանդեսը հրատարակելու եւ տարածելու նպատակով Զորյան ինստիտուտի հիմնադիր անդամները պայմանագիր կնքեցին Օքսֆորդի համալսարանի հրատարակչության հետ՝ ներդնելով 125,000 ԱՄՆ դոլար (այսօրվա գումարով գնահատվում է մոտավորապես 0,5 միլիոն դոլար): Իր բովանդակության համար հանդեսն արժանացել էր բարձր գնահատանքի («Լավագույն նոր ամսագիր», Գիտական ամսագրերի խմբագիրների խորհրդի միջազգային մրցույթ 1991 թվականին):

Ամսագրի հայեցակարգը մշակել էր Ուեսլեյան համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Թոլոլյանը, ով որպես հիմնադիր խմբագիր ղեկավարել է այն մինչեւ 2020 թվականը։ Ինստիտուտի անձնակազմը օգտվելով այս հնարավորությունից ցանկանում է իր երախտիքի ու գնահատանքի խոսքերն ուղղել պրոֆեսոր Թոլոլյանին՝ ամսագրի կայացման եւ հաջողության մեջ իր ուրույն մտավոր ներդրումն ունենալու համար։
Ժամանակակից հայկական իրողությունների ուսումնասիրությունը անհնար կլիներ առանց վերլուծելու Հայաստանի ներկայությունն եւ ազդեցությունը սփյուռքի վրա։ Հայաստան-սփյուռք բարդ հարաբերությունները վերլուծելու նպատակով հանդեսում հրապարակվել են հետեւյալ թեմաներով հոդվածներ՝ «Երկիմաստության եւ ներխուժման միջեւ. քաղաքականությունն ու ինքնությունը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում», «Վերադարձի առասպելն ու իրականությունը. Սփյուռքը «հայրենիքում» եւ «Մենք բոլորս հայ ենք. ձայներ սփյուռքից»:
Ցավոք, «Սփյուռք․ անդրազգային ուսումնասիրությունների հանդեսը» շուտով բախվեց ֆինանսական մարտահրավերների. Հանդեսի միայն առաջին երկու համարների դեֆիցիտը 1991 եւ 1992 թվականներին կազմել է ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար։ Միջազգային շուկայում ամսագրի սահմանափակ բաժանորդագրությունը եւ գործառնական բարձր ծախսերը պատճառ դարձան հրատարակման ու արտադրության ձգձգման։ Սա ստիպեց ինստիտուտի խորհրդին փնտրել ավելի իրագործելի համագործակցության հնարավորություններ։ Այսպիսով, Զորյան ինստիտուտի հիմնադիր անդամները որոշեցին 50/50 գործակցություն սկսել Տորոնտոյի համալսարանի հրատարակչության հետ ավելի իրագործելի համագործակցության նպատակով, ինչը թույլ տվեց ինստիտուտին գործընկեր հրատարակչության հետ կիսել ոչ միայն համբավն ու գիտական ձեռքբերումները, այլեւ ֆինանսական դժվարությունները։ Այդ օրվանից մինչ այսօր «Սփյուռք․ անդրազգային ուսումնասիրությունների հանդեսը» շարունակում է հրատարակվել Տորոնտոյի համալսարանի հրատարակչության հետ համագործակցությամբ։
Շատ հայերի համար Հայաստանը հայրենիք հասկացության ակունքն է, մշակութային եւ հոգեւոր կենտրոնն ու հայ ազգապահպանության երաշխավորը: Բայց եւ այնպես, Հայաստանը նաեւ լուրջ հակասությունների աղբյուր է հանդիսացել հայկական սփյուռքի տարբեր շրջանակների եւ խմբերի համար: Գոյություն ունեն հակասական տեսակետներ, թե արդյոք պետությունը ապահովում է երկրի անվտանգությունը, տնտեսական կենսունակությունը, կրոնական ազատությունը եւ պահպանելու մշակութային ինքնությանն առնչվող հարցերը այսօրվա Հայաստանում։ Ինստիտուտի պատասխանատուները եկան այն հստակ եզրակացության, որ սփյուռքը հատուկ պատասխանատվություն ունի հայրենիքում գոյություն ունեցող որոշակի խնդիրները լուծելու հարցում օժանդակելու գործում։
Զորյան ինստիտուտը երկար ճանապարհ է անցել վերջին 42 տարիների ընթացքում՝ շնորհիվ իր հիմնադիրների, գիտական տնօրենների խորհրդի, համագործակցող գիտնականների, խմբագիրների, անձնակազմի եւ աշխարհասփյուռ կամավորների ու նվիրատու-աջակիցների նվիրվածության եւ ջանքերի շնորհիվ: Զորյանի աշխատանքը սոսկ ինտելեկտուալ վարժանք չէ, այն կոչված է ծառայելու հետազոտության, վերլուծության, իրազեկվածության բարձրացման եւ խոսույթ ստեղծելու՝ ազգի ապագա առաջընթացի եւ սփյուռք-հայրենիք հարաբերությունների հետ կապված գործնական հայեցակարգեր մշակելու եւ ծրագրելու նպատակով։
Խորհրդածելով այն հարցի շուրջ, թե որտեղ էր ազգը Զորյանի հիմնադրման ժամանակ՝ համեմատած այսօրվա հետ, ակնհայտ է, որ աշխարհն արմատապես փոխվել է: Չկա Խորհրդային Միությունը, իսկ Հայաստանն անկախ է եւ ունի բարգավաճ ու կենսունակ Սփյուռք։
Որպես ազգային պետություն՝ Հայաստանը կրկին հնարավորություն ունի սահմանելու իր ինքնությունը, կերտելու իր ապագան եւ իր ուրույն տեղը գտնելու ազգերի մեջ։ Այս առնչությամբ, ինչպես նախկինում, Զորյան ինստիտուտը կշարունակի հետեւողականորեն նպաստել Հայաստանի առաջընթացին աջակցող մտավորական եւ գիտական շրջանակներին եւ ընդլայնել սփյուռքի ներգրավվածությունը այդ գործում։